HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ըստ փաստաբանի, 10 տարի ապօրինի վճարումներ է կատարել կադաստրի նախկին պաշտոնյայի կնոջը

2008թ.-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բջջային հեռախոսակապի կայան է տեղադրել ծաղկաշատցի 87-ամյա Վարդանուշ Էվոյանի 3500 քմ վարելահողում: Կայանի զբաղեցրած տարածքի համար ընկերությունը 10 տարի շարունակ ամսական 50 հազար դրամ վարձավճար է տվել ոչ թե հողի սեփականատեր Վարդանուշ Էվոյանին, այլ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Թումանյանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Նելսոն Գալստյանի կնոջը՝ Արուսյակ Գալստյանին: Հողի սեփականատեր Վարդանուշ Էվոյանն իր հողի վարձավճարը Արուսյակ Գալստյանին վճարելու մասին տեղեկացել է 10 տարի անց՝ 2018թ.-ին: Վարդանուշ Էվոյանը «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին տեղեկացրել է, որ ողջամիտ ժամկետում իր հողամասում տեղադրված կայանը չհեռացնելու դեպքում, որպես սեփականատեր, այն կվերացնի իր հողամասից։ Նամակին կցել է նաեւ հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը։

Մինչև 2008թ.-ը Ծաղկաշատը բջջային հեռախոսակապ չի ունեցել: «ՎիվաՍելը» 2018թ.-ին Ծաղկաշատում բջջային հեռախոսակապի կայան է տեղադրել: Ծաղկաշատի նախկին գյուղապետ Հրաչյա Պարանյանը բանակից նոր վերադարձած Արտավազդից թույլտվություն է խնդրել կայանի աշտարակը նրա տատի՝ Վարդանուշ Էվոյանին պատկանող վարելահողում տեղադրելու համար։

«Ես չեմ պատկերացրել, որ դրա համար կարող է փող վճարեն: Ինձ ընդամենը ասել է` մի 10 քմ հող պետք է զբաղեցնեն ձեր հողից: Ասի՝ գեղի համար հազիվ մի լավ բան են անում, սարքում են, սարքեն: Թող մի տուկ էլ պակաս խոտ հավաքեմ», - պատմեց Արտավազդը: Հողը Ծաղկաշատում է՝ Վարդանուշ տատի տան դիմաց գտնվող «Ջերգա ծառեր» հանդամասում: Վարդանուշ Էվոյանը պատմեց, որ հիմա հողը իր թոռանը՝ Արտավազդին է տվել:

«Ինձ ոչ ոք բան չի հարցել, քո արև, իմ երեխանց արև: Էդ հողի հարցերով խորացել չեմ, հլե տհե հիվանդ զադ եմ էլի: Լավ եմ էլել վախտին, բայց դե էլ չկամ, է՜: Հասակն իրանն անում ա», - դժգոհեց տատը:

Իրեն խաբելու համար զայրացած Վարդանուշ Էվոյանը Արտավազդից պահանջում է կայանի աշտարակը պոկել և իր հողի տարածքից հանել։ «Արտավազդը վրես ծիծաղեց, ասավ՝ տատի, ոնց պոկեմ, վրա անեմ», - պատմեց  Վարդանուշ տատը:

Նելսոն Գալստյանի կնոջ՝ Արուսյակ Գալստյանի հողամասը Վարդանուշ Էվոյանի հողից 5 մետր է հեռու: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից Արուսյակ Գալստյանին վարձավճար տալու մասին Արտավազդը իմացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ մոտ 6 ամիս առաջ: Արտավազդը դատարան է հրավիրվել Ծաղկաշատի նախկին գյուղապետ Հրաչյա Պարանյանի քրգործով: Դատարանում՝ վիճաբանության ժամանակ, նախկին գյուղապետը Նելսոն Գալստյանին մեղադրել է համագյուղացի Վարդանուշ Էվոյանի վարելահողում տեղակայված  բջջային հեռախոսակապի կայանի զբաղեցրած հողի վարձավճարը ապօրինի ստանալու մեջ:

«Իրենք իրար հետ վիճաբանեցին, դրանից պարզվեց: Սա իմ տատի հողն է, այդ աշտարակն էլ մեր հողումն է դրված: Մի անգամ էլ իմ ներկայությամբ մեր հողի մոտ են վիճել: Նելսոն Գալստյանը պնդում էր, որ մեր գյուղացի Սիրան Աբովյանի հողը ինքն առել է իր կնոջ համար, կայանի վիշկեն էլ գտնվում է իր հողում, էդ փողը պետք է ինքը ստանա: Ես 100 տոկոսով գիտեի, որ այդ կայանը մեր հողում է դրված»,- պատմեց Արտավազդը: Փետրվարի 1-ին պատասխանելով մեր հարցին` Ծաղկաշատի նախկին գյուղապետ Հրաչյա Պարանյանը պնդեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայանի աշտարակը տեղադրված է ոչ թե Արուսյակ Գալստյանի, այլ Վարդանուշ Էվոյանի վարելահողում: Արտավազդը մի քանի անգամ գնացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի երևանյան գրասենյակ։

«Ինձ ասում էին՝ դու գնա ապացուցի, որ այդ հողը քոնն է: Մեր հողի սեփականության գիրքը ներկայացրի իրենց: Ասացին մեզ համար, միևնույն է, թե ում անուն, ազգանունն է այդտեղ գրված: Մենք ունենք տվյալներ, մենք այդ տվյալներով ենք էդ փողը փոխանցում», - երևանյան գրասենյակում բացատրել են Արտավազդին:

Արտավազդի և Վարդանուշ էվոյանի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի խոսքով՝ «ՎիվաՍելի» ներկայացուցիչը մտել է ցանկացած համայնք և մատնացույց է արել այն կետը, որտեղից ռադիոալիքները պետք է սպասարկվեն: Ու այդ կետերի համար անընդհատ պայմանագիր է կնքվել ոչ թե հողատերերի, այլ համայնքապետերի, իսկ Ծաղկաշատի դեպքում՝ կադաստրի ստորաբաժանման ղեկավարի կնոջ հետ: Այսինքն՝ բնության մեջ այդ կայանները գյուղացու հողամասում են, իսկ ասենք Եղեգնուտ, Ծաղկաշատ և Շնող գյուղերի կապակցությամբ, երբ այդ վեճերը ուսումնասիրվում են, պարզվում է՝ հողատերերին համոզել են, որ գյուղի համար լավ գործ է կատարվում, փողի խնդիր չկա, գյուղացիներն էլ, ինչպես Արտավազդ Թանդիլյանը, համաձայնել են կայանները տեղադրել իրենց հողում:

Մի քանի տարի հետո հողատերերը այս կամ այն ճանապարհով տեղեկացել են, որ իրենց վարելահողերում տեղադրված կայանների զբաղեցրած հողի վարձավճարները ստանում եմ համայնքապետերը կամ այլ անձինք, որն էլ առիթ է դարձել հողատերերի չդադարող բողոքների:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ինքն էլ գիտի՝ ինչ է եղել, նրանք գյուղացիներին բանավոր ասում են՝ դա նորմալ չի, բայց քայլեր չեն ձեռնարկում անօրինականությունը շտկելու համար: Ինքը հողատիրոջն ասում է՝ ապացուցի, որ ես իմ կայանը քո հողամասում եմ դրել: Գյուղացին ունի հողի սեփականության վկայական, և դա պետք է հիմք հանդիսանա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից իր կայանների զբաղեցրած հողերի վարձավճարները վճարելիս»,- ասում է Ալեքսանդր Ծատինյանը:

Փաստաբանն առայժմ փորձում է իրավական բոլոր եղանակներն օգտագործել հողատերերի շահերը պաշտպանելու գործում: «Մեզ առաջարկում են այդ հարցով մտնել վարչական դատարան: Ինչու պետք է մտնենք վարչական դատարան և 10 տարի դատական պրոցեսների գնանք այնտեղ, երբ կարող ենք ապացուցել, թե ում հողամասում է կայանը տեղադրված: Մենք նկատում ենք, որ բոլոր բնակավայրերում «ՎիվաՍելը» գործել է նույն սկզբունքներով», - ասում է փաստաբանը:

Մեզ չհաջողվեց զրուցել Նելսոն Գալստյանի հետ: Նա և իր կինը այս պահին Հայաստանում չեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter