HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Հարությունյանի խափանման միջոցի որոշումը կհրապարակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Այս մասին  «Հետքի» հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի վաղը:

Պաշտպանն ասաց նաև, որ իրենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին դիմումներ են ներկայացվել, որում նշել են, որ խախտվում է Վահագն Հարությունյանի գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը՝ կապված այն հանգամանքի հետ, որ դեկտեմբերի 11-ից առ այսօր չի քննվում Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ տարված բողոքը:

«Հետաքրքիր է, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց,  Վերաքննիչ դատարանը քննարկեց և ավարտեց դրա դեմ ներկայացված բողոքը, վաղն արդեն որոշում կհրապարակի, բայց դեկտեմբերի 11-ից առ այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը անհիմն պատճառաբանություններով չի քննում Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ տարված բողոքը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու մեջ: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր: 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Դատախազությունը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, նույն օրը հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է: Այժմ Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Մեղադրանքը լրացնելուց հետո ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter