
էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը կհայտարարի հայերի ցեղասպանության հիշատակի ազգային օր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան հայ համայնքի առջեւ հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ապրիլի 24-ը կհայտարարվի «Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր»։
Ֆրանսիական «Լիբերասիոն» պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարն այդպիսով իր նախընտրական խոստումն է կատարել՝ ֆրանսիական օրացույցում ներառել այդ իրադարձության հիշատակի օր, մի ժեստ, որին Ֆրանսիայի հայերը սպասում էին անհամբերությամբ։
«Ֆրանսիան նախ եւ առաջ եւ ամենից առաջ այն երկիրն է, որը գիտի, թե ինչպես պետք է առերեսվել պատմությանը, որն առաջինը դատապարտեց հայ ժողովրդի սպանդը, որը դեռ 1915 թ. այն Ցեղասպանություն անվանեց, իսկ 2001 թ. երկար պայքարից հետո օրենքով ճանաչեց, եւ ապրիլի 24-ը առաջիկա շաբաթների ընթացքում կհռչակի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր», - ասել է նախագահ Մակրոնը:
Անցյալ տարի CCAF-ի տարեկան ընթրիքի ժամանակ Էմանուել Մակրոնը վստահեցրել էր, որ կկատարի իր խոստումը։
Նա կոչ է արել «վաղվա քաղաքացիներին լիովին տեղեկանալ անցյալի ճշմարտությունների մասին» եւ հանդես գալ ընդդեմ ժխտողականության ցանկացած դրսեւորման:
Ֆրանսիայի նախագահը հստակեցրել է, որ նախապես տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր որոշման մասին:
«Ֆրանսիան երկխոսության մեջ է Թուրքիայի նախագահի հետ: Մենք ունենք տարաձայնություններ Դաեշի դեմ պայքարի, Թուրքիայում հիմնարար ազատությունների,մարդու իրավունքների, ցեղասպանության եւ անցյալի վերաբերյալ: Մենք ունենք համընկնման կետեր, որ արդարացնում են երկխոսությունը, իբրեւ Սիրիայում քաղաքական անցումային փուլի անհրաժեշտություն։ Այս առումով Թուրքիայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է: Ես հրաժարվում եմ երկխոսության թելը կտրել», - մանրամասնել է նա:
Նախագահ Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել նաեւ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին, որը մահացավ 2018-ի հոկտեմբերի 1-ին եւ կոմպոզիտոր Միշել Լեգրանին (նրա մայրը ծագումով հայ էր), որը մահացավ 2019-ի հունվարի 29-ին։ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Մակրոնին դուդուկ է նվիրել։
Փարիզի հյուրանոցներից մեկում հավաքված 350 հյուրերի շարքում, ինչպես ամեն տարի, ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ դե-Ֆրանսի տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկղեսը, ֆուտբոլի նախկին աստղ Յուրի Ջորկաեֆը եւ այլք:
Ադրբեջանին ֆրանսիական զենքի վաճառքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախագահ Մակրոնը վստահեցրել է, որ «Ֆրանսիան ճշգրտորեն հարգում է էմբարգոյի պարտավորությունները»: «Մենք չենք մատակարարում եւ չենք մատակարարի խոցող զենք, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի զինված գործողություններում»,- ասել է նա:
Լուսանկարում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, 11 հոկտեմբերի, 2018 թ։.
Լուսանկարը՝ Լյուդովիկ Մարինի (Ludovic Marin), Ուեստ-Ֆրանս (Ouest-France)
Մեկնաբանել