HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սեւյանի անվան մշակույթի պալատի վերականգնման 4 նախագծերը. «Փյունիկ» հիմնադրամը դուրս մնաց «խաղից»

Երկրաշարժից վնասված, հետագայում անխղճորեն թալանված ու տարիների ընթացքում աղբանոցի վերածված, բայց դեռ արտաքին հզորությունը պահպանած Սեւյանի անվան մշակույթի պալատի ճակատագիրն, ամենայն հավանականությամբ, կլուծվի հօգուտ պարարվեստի: Հունվարի 29-ին Գյումրու քաղաքապետարանում կազմակերպված հանրային բաց լսման եւ քննարկմանը ներկայացվել էր մշակույթի պալատի վերականգնման երկու նախագիծ, թեպետ «Հետք»-ի ունեցած նախնական տեղեկություններով՝ դրանք երեքն են եղել (հանրային քննարկման ընթացքում բարձրաձայնվեց նաեւ 4-րդ նախագծի մասին-հեղ.): Հանրային քննարկման ժամանակ պարզվեց, որ նախագծերից մեկը, որ ներկայացրել է Ռուսաստանի հայերի միությանը պատկանող «Արաքս» կազմակերպությունը, տեղական իշխանությունների կողմից այլեւս չի դիտարկվում:

2018թ-ի սեպտեմբերի 11-ին Գյումրու ավագանին, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, ուժը կորցրած է ճանաչել ավագանու 2014թ-ի սեպտեմբերի 30-ի N-138 Ա որոշումը, որով 2014թ-ի սեպտեմբերի 30-ին երկաթուղայինների մշակույթի պալատի վթարված շենքի տարածքը անհատույց (մշտական) օգտագործման էր հանձնվել «Արաքս» կազմակերպությանը: 2016թ-ին, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել էր որոշակի աշխատանքների մասին, որոնք իբրեւ թե իրականացրել է տվյալ կազմակերպությունը, խոսել նախագծանախահաշվային փաստաթղթերի մասին: Սակայն փաստն այն է, որ հինգ տարի անց նշված տարածքում, աչքի համար տեսանելի որեւէ աշխատանք տվյալ կազմակերպության կողմից չի իրականացվել:

«Հետք»-ի նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք նաեւ 2018թ-ի փետրվարի 17-ին վիրտուոզ Միխայիլ Սիմոնյանի եւ Լեւոն Սարգսյանի ստորագրած համաձայնագրին՝ Գյումրիում ժամանակակից մշակույթի կենտրոնի կառուցման վերաբերյալ. քաղաքապետարանը այդ նպատակի համար կրկին առաջ էր քաշել Սեւյանի մշակույթի պալատի վերականգնման հարցը: Այս ծրագրի հետեւում կանգնած էր եւ շահագրգիռ կողմ էր հանդիսանում Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին ղեկավար Կարինե Ավդալյանը:

«Հետք»-ին տված հարցազրույցներից մեկում տիկին Ավդալյանը հայտնել էր, որ նպատակ ունեն կառուցել համերգասրահ: Դասական երաժշտության համար նախատեսված հարմարավետ ու պրոֆեսիոնալ դահլիճ ունենալը, տիկնոջ կարծիքով, խիստ անհրաժեշտություն էր Գյումրու համար: Մեր տեղեկություններով, անցած տարի մայիսին այս նախագծի հետ կապված անգամ փորձ է եղել հանդիպել երկրի նախագահ Արմեն Սարգսյանին: Բայց երկրում իրողություն էր փոխվել, եւ դժվար էր պատկերացնել, որ դրական արձագանք կստանա մի նախագիծ, որի հիմքում հիշատակվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի անունը:

Եվ այսպես, 2014-ից սկսած՝ անցած 4 տարիների ընթացքում Գյումրու քաղաքապետարանը Սեւյանի մշակույթի պալատը տարբեր նախագծերով վերականգնելու 4 առաջարկ է ունեցել, որոնցից ներկայում միայն 2-ի միջեւ է ընթանալու մրցակցությունը: Հանրային քննարկմանը ներկայացված երկու նախագծերից մեկով Գյումրիում ֆիլհարմոնիկի, մյուսով՝ պարարվեստի միջազգային կենտրոն ունենալու գաղափարները ներկայացվեցին:

«Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նելա Մովսիսյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ աջակցության համար 2 տարի առաջ դիմել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, գործարարներ Սամվել Կարապետյանին եւ Ռուբեն Վարդանյանին: Սեւյանի ակումբի վերականգնման ծրագիրը գնահատվել է 2 մլրդ 205 մլն 350 հազար դրամ, հաստատվելու դեպքում՝ շինարարական աշխատանքների ընթացք էր նշված՝ 2017-2022թթ.: Այս ծրագիրը 2017թ-ին քննարկվել է քաղաքաշինության եւ մշակույթի նախարարություններում: Մշակույթի նախարարությունը ողջունել էր Գյումրիում ֆիլհարմոնիա ունենալու ծրագիրը, միաժամանակ զգուշացրել, որ պալատի տարածքում գտնվող Ֆերդինանտ Մանուկյանի «Սասունցիների պարը» խճանկարը ենթակա չէ ապամոտաժման:

Հանրային լսման ժամանակ Նելա Մովսիսյանը կարողացավ ներկայացնել միայն ծրագրի էսքիզային տարբերակը. նախագծը բացակայում էր, որն էլ պատկերացում չէր տալիս, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում վերակառուցման ընթացքում, եւ ինչ տեսքով է վերջնարդյունքում հանձնվելու մշակութային հուշարձան համարվող շինությունը: Փաստաթղթերի ոչ լիարժեքությունն ու ֆինանսական աղբյուրների անհստակությունը Նելա Մովսիսյանը մեկնաբանեց անցած տարիներին քաղաքապետարանից ստացած պատասխաններով: «Ինչպես կարող էինք հստակ գործողություններ սկսել, երբ ամեն անգամ ինձ Գյումրու քաղաքապետարանից ասում էին, որ Սեւյանի շենքը տված է ուրիշի»,- նկատեց բանախոսը:

Հանրային բաց լսմանը ներկայացված երկրորդ ծրագրի հեղինակներն ավելի պատրաստված էին: «Բալետ 2021»-ի տնօրեն Լիլիթ Պետրոսյանն ու խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը ներկայացել էին համապատասխան փաստաթղթերով եւ տեսաուղերձով: Ծրագիրն իրականացվելու է ՀԲԸՄ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կամուրջ» ծրագրի շրջանակներում տրվող ԵՄ դրամաշնորհով: Բոլոր կառույցներում հավանության արժանանալու դեպքում, վերականգնման շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի եւ կավարատվեն 2022թ-ին: Այս նախագծով կվերականգնվի ոչ միայն նախկին 500 տեղանոց դահլիճը, այլեւ կլինի եւս մեկը՝ չափերով փոքր՝ փորձարարական նախագծերի համար: Հիշեցնենք, որ պարարվեստի կենտրոն ունենալու առաջարկով նախագծի հեղինակները Գյումրու քաղաքապետին դիմել էին 2018թ-ին, եւ նրանց առաջարկվել էր Սեւյանի մշակույթի պալատի շենքը:

Հանրային քննարկմանը ներկա էին նաեւ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանն ու գլխավոր մասնագետ Լուսինե Իգիթյանը: Վերջիններս հայտարարեցին, որ Սեւյանի պալատի շենքը հուշարձան է, ու հաղթող նախագծի հեղինակները ցանկացած փոփոխություն համաձայնեցնելու են իրենց հետ: Նախագծերից որ մեկն էլ արժանանա հավանության՝ քաղաքապետարանը պարտավորվում է շենքն ու տարածքը հանձնել անհատույց օգտագործման:

Մշակույթի կենտրոնի ամբողջացումից հետո այնտեղ կտեղափոխվի նաեւ Աղասի Շաբոյանի անվան պարարվեստի դպրոցը, որ առ այսօր գործունեություն է ծավալում տնակային պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter