HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Հարությունյանին կալանավորելու երկրորդ որոշումը նույնպես վերացվել է

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Այսինքն՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը դատարանը վերացրեց, ու հիմնավորվեց մեր պնդումը, որ ապօրինություններ են տեղի ունեցել, հետագայում կհիմնավորվի նաև, որ այդ ապօրինությունները քողարկելու համար կեղծիքներ են կատարվել»,- մեզ հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել, և այս դատական ակտը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որով էլ կայացվել է դատական ակտը բեկանելու որոշումը:

Ըստ Հարությունյանի պաշտպանի՝ առաջինի ատյանի դատարանից Հարությունյանի կալանքի վերաբերյալ նիստի մասին իրեն չեն ծանուցել, և այս ապօրինությունը քողարկելու համար այլ կեղծիքի են դիմել՝ գործում ավելացրել են կեղծ հեռախոսագիր այն մասին, որ իր հետ փորձել են կապվել, և ինքը չի պատասխանել հեռախոսազանգին:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի կալանքի վերաբերյալ մեկ այլ որոշում նույնպես բեկանվել է, որը Դատախազությունը չի բողոքարկել:

Մասնավորապես, ի սկզբանե նա մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի գործի» շրջանակներում ապացույց կեղծելու համար, և նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր: 2018 թվականի դեկտեմբերի 26-ին դատախազությունը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, նույն օրը հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է ու նորից կալանքի միջնորդություն ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter