
Դալմայի այգիներում Գարեգին Նուշիկյանի ընկերությունը ժամանցի և զվարճանքի կենտրոն է կառուցելու. ԲՆ-ն դրական եզրակացություն է տվել
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոն կառուցելու նախագծին: Նախագիծը ներկայացրել է ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ն:
Ընկերությունը հիմնադրվել է 2017թ. հուլիսի 12-ին: 2018թ. հունվարի 11-ին կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել 27,66 հա-ն Նուշիկյանի ընկերության ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին:
Կառավարությունն այդ որոշմամբ Երևանի քաղաքապետին առաջարկել է նաև ապահովել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության:
Համաձայն նախագծի՝ ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնը կառուցվելու է Դալմայի այգիներում: Այն իրենից ներկայացնելու է ժամանակակից զբոսավայր՝ եվրոպական չափանիշներին համապատասխան ատրակցիոններով, ջրային և կանաչապատ տարածքներ, սպասարկման կետեր և ավտոկայանատեղիներ:
Այդ նպատակով վարձակալության է տրվել 26 հա հող, 2 հա էլ նախատեսված է կառուցապատման համար: Այսինքն՝ տոկոսային հարաբերությամբ տարածքի ընդհանուր մակերեսի 7%-ը նախատեսված է կառուցապատման՝ շենքերի, շինությունների և ատրակցիոն սարքավորումների, ջրային մակերեսների համար, 23%-ը՝ ճանապարհների, արահետների և ավտոկայանատեղիների համար, մնացյալ 70%-ը՝ կանաչ գոտիների համար:
Ժամանցի համալիրը կառուցվելու է շինություններից զուրկ հողատարածքում, որը նախկինում եղել է այգի, և առանձին հատվածներում ծառաթփատեսակներ և պտղատու ծառեր կան, որոնք, համաձայն նախնական գնահատման հայտի, շինարարության առաջին փուլում չեն հատվելու, իսկ 2-րդ և 3-րդ փուլերում տարածքը մաքրվելու է ծերացած ու չորացած ծառերից:
Այս տարվա սեպտեմբերին նախատեսում է բացել այգին մինչև 12 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների համար: Այն ընդգրկելու է 800 քմ տարածք զբաղեցնող խաղահրապարակ, 15 մանկական և ընտանեկան ատրակցիոններ, տեսախաղեր, սննդի կենտրոն, խաղալիքների և քաղցրավենիքների խանութներ և այլն:
2020թ. ապրիլին կկառուցվի բացօթյա տարածքի գլխավոր մասը՝ 20 ընտանիքների համար՝ սրճարան-ռեստորան դեպի լիճ բացվող տեսարանով, հարյուրավոր ծառերով շրջապատված մի քանի էքստրեմալ ատրակցիոնով, արհեստական լճով և երեխաների համար նախատեսված ինտերակտիվ շատրվանով:
2021թ. ապրիլին կկատարվի այգու ամբողջականացումը: Կավելանան մի շարք էքստրեմալ ատրակցիոններ: Այգու կենտրոնական հրապարակում կբացվեն պարող շատրվաններ՝ երկու կողմերից համալրված դեկորատիվ ջրվեժներով:
Շինարարության ավարտից հետո տարածքը կանաչապատվելու է, տնկվելու են ծաղիկներ, դեկորատիվ ծառեր:
Կենտրոնն ունենալու է 350 նոր աշխատատեղ, ստեղծվելու է հաշմանդամություն և կենսագործունեության սահմանափակումներ ունեցող մարդկանց առանց խոչընդոտների զվարճանալու, հատուկ դպրոցների սաների և անապահով ընտանիքների մանկատան երեխաների համար ատրակցիոններից անվճար օգտվելու հնարավորություններ:
Գործելու է նաև քաղաքի մի քանի կետերից անվճար փոխադրման ծառայություն դեպի «Երևան պարկ»:
Բնապահպանության նախարությունը փորձագիտական եզրակացության մեջ նշել է, որ նախատեսվող գործունեությունն ունի սոցիալական դրական ազդեցություն:
Փորձաքննական մի քանի պահանջներ է առաջադրել, մասնավորապես՝ ծերացած և չոր ծառերի հատումը կատարել քաղաքապետարանի վարչության կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:
Նախագծի իրականացումը ընկերությունը գնահատել է 22 մլն դոլար:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել