HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վալերիյ Օսիպյանի խոսքով՝ երբ ինքը գնդապետ Արթուր Վանոյանին մահացած է գտել, Պավել Մանուկյանը փորձել է համոզել, որ դեռևս ոչ ոքի չասի այդ մասին

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր ներկայացրեց գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած այն պահից, երբ իրեն թույլ չեն տվել դուրս գալ:

ՊՊԾ-ի հսկիչ անցագրային տարածքում, Օսիպյանը նկատել է. որ համակարգչի դիմաց աշխատում է Վարուժան Ավետիսյանը, հարցրել է՝ ինչ են անում, ինչին ի պատասխան՝ Ավետիսյանն ասել է, թե լավ են անում, ռեժիմն իրենց կյանքը կերավ:

Հանգստի սենյակում, ըստ Օսիպյանի, ինքը 8 ոստիկանների է տեսել, որոնցից ոմանք ձեռնաշղթաներով են եղել, մյուսները՝ մեկանգամյա օգտագործման պլաստմասսե շղթաներով կապված, մի քանիսը՝ նստած, իսկ իրեն ու իր հետ գտնվող Վարդան Եղիազարյանին ձեռնաշղթաներ են հագցրել:

Օսիպյանի խոսքով՝ բանակցությունների արդյունքում իրեն հաջողվել է համոզել, որ իր և մյուս ոստիկանների ձեռքերն ազատեն: Այնուհետև իրեն դուրս են տարել:

«Սեթոն էր կանգնած, Պավլիկի տղան էր մեքենայի մոտ՝ ձեռքին թուղթ ու գրիչ, կարծես ներկա-բացակա էր անում, հետո բարձրախոս բերեցին, տվեցին ձեռքս ու ինքնաձիգը պահեցին վրաս, ասեցին հիմա քեզ գյուլլում ենք էս պատի տակ, անմիջապես դիմի ոստիկաններին, թող զենքերը ցած դնեն ու գան միանան մեզ: Դա տևեց 3-5 րոպե, սպառնալիքը սպառնալիքի հետևից, ես իհարկե չհայտարարեցի, այլ ոստիկաններին կոչով դիմելով՝ ասացի՝ հարգելի ոստիկաններ, ձեր հետ խոսում է ձեր գործընկեր, գնդապետ Վալերիյ Օսիպյանը, խնդրում եմ այդ ուղղությամբ չկրակել, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի: Բա՝ մենք դա չէինք ուզում, ասի՝ ես դրանից ավել չեմ ասի»,- պատմեց ոստիկանապետը:

Օսիպյանի խոսքով՝ իրեն հաջողվել էր համոզել, որպեսզի իր հեռախոսը մնա իր մոտ, քանի որ ինքն էր դրսում գտնվող իրավապահների հետ կապող օղակը:

«Ինձ դրսից զանգեցին, հարցրին՝ Վանոյան Արթուրին տեսել եմ գնդի տարածքում, թե՞ ոչ, ասեցի՝ չեմ տեսել»,- պատմեց Օսիպյանը:

Ոստիկանապետի խոսքով՝ ինքը խնդրել է թույլ տալ, որ գնա Վանոյանի աշխատասենյակ, և իր հետ գնացել է նաև Պավել Մանուկյանը:

Ըստ Օսիպյանի՝ հասնելով այն մասնաշենքին, որտեղ Արթուր Վանոյանի աշխատասենյակն է, ինքը հենց մուտքից հասկացել է, որ այնտեղ մի բան այն չէ:

«Ես, ամեն դեպքում, երկար տարիներ ուսադիրներով եմ, անմիջապես պատկերացրի, թե ինչ է կատարվել, նկատեցի պատի վրայի գնդակի տեղերը, ինքնաձիգի պարկուճները, ապա թեքվեցի դեպի աշխատասենյակ: Ինչքան քայլ էի անում դեպի աշխատասենյակի մուտքը, այնքան արյան հետքերը ավելի էին շատանում, հետքեր կային նաև պատերի վրա՝ մատերի ձեռքերի տեղեր էին: Արդեն հասկանալի էր, որ այստեղ վիրավոր է եղել: Մոտենալով մուտքին՝ չկարողացա անմիջապես ներս մտնել, քանի որ ամբողջությամբ արյուն էր»,- պատմեց Վալերիյ Օսիպյանը: Վերջինիս խոսքով՝ երբ ինքը մտել է Վանոյանի աշխատասենյակ, տեսել է, որ այնտեղ ամեն ինչ շուռ տված է, թափթփված: Գնացել է դեպի հանգստյան սենյակ ու առաջանալով՝ փորձել Արթուր Վանոյանին հայտնաբերել:

«Էնտեղ չտեսա Արթուրին, երբ առաջացա դեպի սանհանգույց, տեսա, որ Արթուրի մահճակալի վերմակը գցված էր ինչ-որ բանի վրա: Չէի ուզում հավատալ, բայց բարձրացրի ու տեսա Արթուրին: Անկեղծ ասած՝ հարգելի՛ դատարան, այդտեղ ես զայրացա, անկառավարելի դարձա, բղավում էի Պավլիկի վրա»,- պատմեց Օսիպյանն ու նշեց, որ Պավել Մանուկյանը նախ ասել է, թե  տեղյակ չէ՝ ինչ մարմին է, ով է Վանոյան Արթուրը, ով է նրան սպանել:

«Հետո, երբ ես սկսեցի քաշքշել նրան, նա ասաց՝ լավ պարոն Օսիպյան, առայժմ ոչ ոքի մի ասեք, ես էլ ասացի՝ գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք»,- պատմեց Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ հետո ինքն իրավապահներին հայտնել է, որ Վանոյանը չկա:

Նշենք, որ Օսիպյանը գնդի տարածքում մնացել է 7 օր, հետո նրանց ազատ են արձակել: Նրա հարցաքննությունն այսօր ավարտվեց:

Ավելի վաղ գրել էինք նաև այն մասին, թե ինչպես է Օսիպյանը հայտնվել գնդի տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter