HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուն մաքրող, ճաշ եփող ու լվացք անող 14-ամյա Մարիամը տևական դադարից հետո կրկին դպրոց է գնում

Երկար էի մտածում Մարիամի պատմությունը գրելու-չգրելու մասին: Սոցիալական ծայրահեղ պայմանները, ծնողների առողջական խնդիրները, ընտանեկան հարցերը, անընդհատ տեղափոխությունները պատճառ են դարձել 14-ամյա աղջկա՝ դպրոցից հաճախ բացակայելուն, իսկ մեկ կիսամյակ էլ ընդհանրապես չգնալուն: Ես չունեմ պատասխանը, թե ով է մեղավոր Մարիամի դպրոց չգնալու համար՝ պետությո՞ւնը, ծնողնե՞րը, հասարակությո՞ւնը: Գուցե բոլոր օղակները միասին:

Հունիսին Մարիամը 15 տարեկան կդառնա: Եթե պատահական դրսում տեսնեք նրան, ձեր մտքով չի էլ անցնի, թե ինչ պայմաններում է նա ապրում:

Մարիամը ծնողների հետ բնակվում է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, որտեղ ժանգագույն, քարքարոտ տարածությունը մռայլություն է ստեղծում շուրջը: Այս գյուղում մատների վրա կարելի է հաշվել ծառերը: Մարիամենց տունը գտնվում է գյուղի ծայրամասում: Շրջակայքի տներից այն միանգամից տարբերվում է՝ տանիքը վնասված, շուրջը՝ ավազ ու քար, քիչ հեռու՝ աղբ, եթե չլիներ բակի լվացքը, կարելի էր մտածել, որ այդտեղ մարդ չի ապրում:

Պարանին ծայրից ծայր փռված լվացքը ձեռքով Մարիամն է արել մոտ 3 ժամում: Արդեն սովորական են տան գործերը՝ տուն մաքրել, ճաշ պատաստել, լվացք անել: Այս ամենից չի բողոքում, ժպտում է, բայց ժպիտի մեջ տխրություն կա:

Տուն տանող աստիճանին փոխարինող մի քանի քարերը դողում են ոտքիդ տակ: Բետոնե հատակին երևում են ջրի հետքերն ու ավելի ձեռագիրը: Ամբողջ տունը երկու մեծ սենյակ է, որից մեկը ցախանոց է:  

Անկյունում դրված վառարանը չի հասցնում տաքացնել սենյակը: Տանն առանձնապես գույք չկա՝ հին բազմոց, մահճակալ և, ինչպես Մարիամի մայրն է ասում, աղբանոցից գտած հեռուստացույց:

Ծնողները՝ Ասյան ու Կարենը, առողջական խնդիրներ ունեն: Երկուսն էլ գործազուրկ են: Ամիսներ առաջ Կարենը Երևան-Գյումրի գնացքում օրացույցներ ու սրբապատկերներ էր վաճառում, եթե ամբողջ գիծը գնում-գալիս էր, 2-3 հազար դրամ էր աշխատում, եթե կիսատ՝ 1000-1500: Ասում է, թե այլևս դրանով չի զբաղվում, քանի որ տոնավաճառում պարտքեր ունենալու պատճառով ապրանք չի կարող վերցնել:

Բաղրամյանի այս տունը ստացել են 1999-ին որպես փախստականներ: Ասյան նշում է, որ Շահումյանի շրջանից է, ադրբեջանցիների կողմից շրջանը գրավելուց հետո եկել էր Վարդենիս, որտեղ էլ ծանոթացել էր Կարենի հետ: Բաղրամյանում երկար չեն բնակվել՝ պարբերաբար տեղափոխվել են Երևան, որտեղ հիմնականում վարձով են ապրել: Այս ընթացքում Մարիամը գյուղի դպրոցից տեղափոխվել է Երևանի դպրոցներից մեկը, որտեղ, սակայն, նույնպես երկար չի հաճախել: Ասում է, որ սոցիալական վիճակի պատճառով համադասարանցիներն իրեն վիրավորում էին, դա էր պատճառը, որ չի ցանկացել դպրոց գնալ:

Երևանյան դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը, սակայն, ասում է, որ աղջիկը սովորում էր ամենալավ դասարանում, որտեղ երեխաները չափազանց ուշադիր և հոգատար էին նրա հանդեպ, չի եղել մի դեպք, որ երեխաները միջոցառման մասնակցեն ու Մարիամին չընդգրկեն: Տնօրենը հերքում է, թե երեխաները կարող էին վիրավորել նրան: Սովորելու ընթացքում, ըստ տնօրենի, աղջիկը միշտ կոկիկ տեսք է ունեցել: 2017/18 ուստարվա երկրորդ կիսամյակին Մարիամի բացակայությունը չափազանց շատ են եղել: Ծնողները դա հիմնականում բացատրել են աղջկա առողջական խնդիրներով, բայց Լ. Ասլանյանը նշում է, որ հաճախ ստիպված են եղել փնտրել երեխային՝ երբեմն նույնիսկ իրավապահների օգնության դիմելով: 2018-ի սեպտեմբերից մի ամբողջ կիսամյակ Մարիամն այլևս դասի չի գնացել: Միայն այս տարեսկզբին ծնողները նրան Բաղրամյանի դպրոց տանելու համար փոխադրման թերթիկ են խնդրել Լ. Ասլանյանից:

Պարզվել է, որ մոտ երեք ամիս առաջ ընտանիքը կրկին վերադարձել է Բաղրամյան, քանի որ Երևանում այլևս չէին կարող տան վարձ տալ: Ծնողների փոխանցմամբ՝ օրական 1500-2000 դրամ վարձ էին տալիս մի փոքրիկ սենյակի համար:

Մարիամն այսօր պիտի սովորեր 9-րդ դասարանում, սակայն հաճախում է 6-րդ դասարան: Չնայած այս հանգամանքին՝ նա ուրախությամբ է խոսում դպրոցի մասին: Բաղրամյանի դպրոցի տնօրեն Աղասի Տոմիկյանը հայտնեց, որ արդեն մեկ շաբաթ աղջիկը դարձյալ հաճախում է դասերի: 

Բաղրամյանի համայնքապետի տեղակալ Մխիթար Մարկոսյանն ասում է, որ ընտանիքին օգնել են թե՛ համայնքի ղեկավարը, թե՛ համայնքապետարանը, թե՛ բնակիչները, սակայն անընդհատ օգնել չեն կարող: Ասյան ու Կարենն էլ ասում են, որ իրենց վիրավորում են՝ անվանելով ստախոս: Սակայն, ըստ նրանց, սոցիալական վատ վիճակում հայտնվել են առողջական խնդիրների պատճառով:

Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանն ասում է, որ 2017-ին ընտանիքն օգնություն էր ստացել մարզպետարանից, 2018-ին նոյեմբերին կրկին դիմել էին օգնության համար, բայց, ըստ Ապիտոնյանի, իրենց բազմաթիվ այցելությունների ընթացքում տանը որևէ մեկին չեն գտել, ինչը կարող են վկայել նաև հարևանները: Բաժնի պետն ասում է, որ եթե իրենց դիմում են ներկայացնում, ապա պարտադիր այցելում են այդ ընտանիք: Նրա փոխանցմամբ՝ այս ընտանիքը բազմաթիվ խնդիրներ ունի, և իրենք աջակցում են ինչով կարողանում են:

«Մեր հսկողության տակ կպահենք, տնօրենի հետ կաշխատենք, բայց ընտանիքի առջև էլ խնդիր է դրված՝ եթե երեխան չհաճախի դպրոց, պատասխանատվությունն իրենք են կրելու»,- նշում է Ասթինե Ապիտոնյանը՝ հավելելով, որ Մարիամի դպրոց չգնալը հայրը մեկնաբանել էր հագուստ չունենալու հանգամանքով:

Մարզպետարանի աշխատակիցն ասում է, որ Բաղրամյանի տարածաշրջանում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ծրագիր է իրականացնում, և Մարիամի ընտանիքն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի դրա մեջ: Ապիտոնյանը հավելում է, որ ընտանիքի հետ անպայման սոցաշխատող կաշխատի, դպրոցի տնօրենն էլ հայտնել է, որ Ասյային ու Կարենին ամռանն օրավարձով աշխատանքի կներգրավի այգիներում:

Մեզ հետ զրույցում Մարիամի ծնողները հավաստիացնում էին, որ աղջիկն անպայման դպրոց է գնալու: Մարիամն էլ ուրախ է դպրոց վերադառնալու համար: Երազանքներ ունի՝ տունը վերանորոգեն, որ բաղնիք, սանհագույց ունենան, և պարի գնա: Ասում է, որ մարզկենտրոնում՝ Արմավիր քաղաքում, պարի պարապմունքներ անցկացվում են, բայց գնալ-գալու համար գումար է անհրաժեշտ:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter