HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մեռելածնություն, անպտղություն, քաղցկեղ. ինչ հետեւանքներ են թողնում սեռավարակները

«Հետք»-ն ուսումնասիրում է վերարտադրողական առողջության թեման։ Այս անգամ զրուցել ենք «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի հետ: Խոսել ենք Հայաստանում հաճախ հանդիպող սեռավարակների, դրանց կանխարգելման և բուժման, ինչպես նաև սեռական վերարտադրողականության վրա սեռավարակների թողած ազդեցության և առաջացած հետևանքների մասին:

Ի՞նչ ազդեցություն են թողնում սեռավարակները։

Զարգացող երկրներում սեռավարակներով պայմանավորված տնտեսական վնասը հասնում է մինչեւ 17 %-ի։ Մարդիկ, որոնք ունեն սեռավարակներ, կարող են դառնալ անաշխատունակ եւ բեռ հանդիսանալ հանրային առողջապահության, ինչպես նաեւ տնտեսության համար։ Սեռավարակները բարդացումների առաջացման պատճառ են դառնում: Առաջանում է առողջական խնդիր, սոցիալական խնդիր, արատներով երեխաների ծնունդ, մեռելածնություն, երկրորդային անպտղության առաջացում: Որոշ դեպքերում սեռավարակները հանգեցնում են կանանց մոտ արգանդի վզիկի և տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման: Վատ բուժված կամ չբուժված սեռավարակները կարող են ունենալ օնկոգեն ազդեցություն։

Ինչպե՞ս կարող են այդ հիվանդություններն ազդել վերարտադրողական առողջության վրա։

Սեռական հերպեսը կարող է բերել մեռելածնության։ Գոնորեան եւ խլամիդիան կարող են անցնել մորից պտղին՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ընթացքում եւ կուրության պատճառ դառնալ։

Քրոնիկ սեռավարակաների դեպքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ կարող են առաջանալ միզասեռական համակարգերի բորբոքային հիվանդություններ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ միզային և սեռական ուղիներում կպումների առաջացման՝ դառնալով անպտղության պատճառ:

Սեռավարակները կարող են բերել սպերմայի որակական և քանակական փոփոխությունների, ինչն էլ իր հերթին նույնպես կարող է դառնալ անպտղության պատճառ:

Սեռավարակների դեպքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ կարող են առաջանալ սեռական ֆունկցիայի տարաբնույթ խանգարումներ՝ էրեկտիլ դիսֆունկցիա, անօրգազմիա և այլն , որոնք իրենց հերթին կարող են պատճառ դառնալ ինչպես վերարտադրողական, այնպես էլ հոգեբանական խնդիրների առաջացմանը. ընտանիքում կարող են բերել սեռական ներդաշնակության խախտում, որն էլ շատ դեպքերում պատճառ է հանդիսանում հասարակության մեջ ամուսնալուծությունների քանակի ավելացմանը:

Աշխարհում առավել տարածված սեռավարակներից որո՞նք են հաճախ հանդիպում Հայաստանում։

Ըստ Առողջապահության համաշխարային կազմակերպության տվյալների՝ 2016-ին մոտ 1 մլրդ մարդ վարակվել է սեռական ինֆեկցիաներով եւ դրանց կեսը չորս հիմնական հիվանդություններն են՝ տրիխոմոնիազ, գոնորեա, խլամիդիա եւ ուրեապլազման, այս միկրոբներից անմասն չէ Հայաստանը։ Մեծ տոկոս են կազմում նաեւ վիրուսային վարակները՝ հերպես վիրուսը, պապիլոմա վիրուսը։

Եթե անդրադառնանք հայաստանյան տվյալներին, ապա դրանք խիստ բացարձակ չեն. մեր կենտրոնին միայն պետական օղակի տվյալներն են տրամադրում։

Բայց հիմնականում տարածված են տրիխոմոնիազը, գարդներելոզ։ Վերջին հինգ տարիների ընթացքում գարդներելոզ, կանդիդոզի (սնկային ախտահարումներ) աճ ունենք, թեև մի շարք հեղինակներ սրանք լուրջ սեռական հիվանդություններ չեն համարում:

Վեներական հիվանդությունները, բացի սեռական ճանապարհով փոխանցվելուց, ուրիշ ի՞նչ ձևով կարող են փոխանցվել:

Սեռավարակ նշանակում է սեռական ճանապարհով փոխանցվող միկրոօրգաններ։ Բայց գոյություն ունի նաեւ մորից երեխային ուղղաձիգ փոխանցվող, ծննդաբերական ուղիներով կամ արյան միջոցով փոխանցվող դեպքեր: Սեռավարակը կարող է փոխանցվել արյան եւ նրա բաղկացուցիչների ներարկման ընթացքում, օրգանների փոխպատվաստումների ժամանակ, շատ ավելի քիչ՝ կենցաղային ճանապարհով։

Ինչի՞ կարող է հանգեցնել սիֆիլիսը։

Սեռական հերպեսի նման մեռելածնության պատճառ կարող է դառնալ սիֆիլիսը։ Ըստ ԱՀԿ-ի՝ սիֆիլիսի պատճառով աշխարհում տարեկան գրանցվում է 300 մլն մահացության դեպք։

Վերջին տարիներին սիֆիլիսի պատճառով մենք չենք ունեցել մեռելածնություն, չենք ունեցել մորից պտղին ուղղաձիգ փոխանցում։ Սա մաշկավեներոլոգների եւ գինեկոլոգների համատեղ աշխատանք է, դրան նպաստում է նաև երեք ամիսը մեկ հղի կնոջ սկրինինգային հետազոտությունը սիֆիլիսի առումով։

Վերջին տարիներին աճել թե՞ նվազել է սիֆիլիսով հիվանդների թիվը:

1995-99 թթ. արձանագրվել է սիֆիլիսի 2666 դեպք, հետո աստիճանաբար նվազել, 2010-2015-ին գրանցվեց 400 դեպք: Հիմա նվազել է, բայց մեր հիվանդանոց դիմած նեյրոսիֆիլի դեպքեր ունեցողները շատացել են: Պատճառն այն է, որ 90-ականներին սիֆիլիսի վերաբերյալ բուժման նոր մեթոդ որդեգրվեց՝ մեկ ասեղով բուժման սկզբունքը, ախտանշանները դադարեցին, բայց լիարժեք  բուժում չգնաց: Ուստի ունենք բարդացած դեպքեր, օրինակ դեպք է եղել, որ գլխի ուռուցքի ժամանակ կատարվել է մագնիսառեզոնանսային շերտագրություն եւ նմանեցրել են գումայի՝ սիֆիլիսի օջախի, որը նեյրոսիֆիլիսի ժամանակ է լինում, իսկ սա բուժելը ծայրահեղ դժվար է։

Ինչպե՞ս է իրականացվում սեռավարակների լիարժեք բուժումը։

Գոյություն ունեն եվրոպական, ամերիկյան ուղեցույցներ, մեր նախարարությունը ևս այդ ճանապարհն է որդեգրել, որպեսզի բուժումն ըստ ճաշակի կամ ըստ հիվանդի դիրքի չլինի։ Լինեն ապացուցված, հստակ սխեմաներ, թե որ դեպքում ինչ հակաբակատերիալ միջոցներ պետք է օգտագործել, ինչ տևողությամբ, ինչ դեղաչափով։ Սա շատ կարեւոր է, չպետք է լինի իմ կարծիքով, իմ փորձից ելնելով բուժում։

Բժիշկները պետք է պարբերաբար իրենց գիտելիքները թարմացնեն և ոչ թե բուժեն 30 տարվա մեթոդներով։ Բուժման վատ մոտեցումը կարող է բերել հակաբիոտիկակայուն միջավայրի առաջացմանը: Սեռավարակների բուժումը նաև շատ կարևոր նախապայման է ՄԻԱՎ-ի հնարավորինս կանխարգելման համար. սեռավարակները բերում են լորձաթաղանթների վնասման, որը բաց դուռ է ՄԻԱՎ-ի  համար:

Վիրուսային վարակները գրեթե անհնար է բուժել, մասնավորապես՝ ցիտոմեգալովիրուսը, հերպես վիրուսը, ՁԻԱՀ-ի հարուցիչը, պապիլովիրուսը։

Օրինակ՝ Վանաձորում պնդում էին, որ իրենց լաբորատորիաներում սիֆիլիսի լիարժեք ախտորոշում չեն կարող տալ, ինչպե՞ս է այսօր իրականացվում սիֆիլիսի ամբողջական ախտորոշումը։

Մենք ունենք ախտորոշման ոսկե ստանդարտներին համապատասխան լաբորատորա, մի քանի եղանակով ենք հաստատում կամ ժխտում սիֆիլիսի ախտանիշները: Լինում են դեպքեր, երբ մարզերի բժշկական հաստատություններից ստանում ենք դրական պատասխան, որպեսզի հաստատեն, անալիզներն ուղարկում են մեզ մոտ: 

Մատչելի՞ են այդ հետազոտությունները։

Սիֆիլիսի համալիր հետազոտությունը 12000 դրամ է, եթե մարզերի բուժհաստատություններում չեն կարողանում հաստատել հիվանդությունը, ապա մեր լաբորատորիան կարող է հաստատել կամ ժխտել պատասխանը:

Սիֆիլիսը համարվում է համավճարային սկզբունքով բուժման ենթարկվող սեռավարակ՝ մի մասը վճարում է պետությունը, իսկ մոտ 50 հազար դրամ՝ անհատը:  Միգուցե մարզերի բնակիչների համար մեծ բեռ է, բայց լիարժեք պետպատվերների շրջանում այսօր սեռավարակներ չեն բուժվում: Պետպատվերի շրջանում բուժվում է, եթե հիվանդը մտնում  է համապատասխան սոցիալական խմբի մեջ:

Մի շարք դեպքերում հիվանդներն ամաչում են բժշկի դիմել, ինչպե՞ս հաղթահարել բժշկի դիմելու բարդույթը։

Այս կենտրոնը («Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոն,-հեղ.) Հայաստանում ամենից հին բժշկական կենտրոնն է, բայց նույնիսկ երբ տաքսի նստելիս մաշկաբանության կենտրոն ես ասում, վարորդներն «ուրիշ աչքով» են նայում։ Այդ կարծրատիպը կպած է ու չի պոկվում:

Սա էլ սովորական հիվանդանոց է, պարտադիր չէ միայն այս հիմնարկ մտնել վեներական հիվանդություններով:

Մարդկանց կենսակերպն է փոխվում, բայց շատ հարցեր մնում են։ Չէ, ամոթ է, պետք չէ գնալ, ուրոլոգի մոտ կարելի է գնալ, գինեկոլոգի մոտ կարելի է գնալ, բայց եթե տեսան՝ մտել ես վեներոլոգի մոտ, խայտառակություն է: Աշխատանքներ տարվում են, բայց երեւի պետք է մի քիչ ֆորմատները փոխել։

Ի՞նչ անել սեռավարակների կանխարգելման եւ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության մակարդակը բարձրացնելու համար։

Սեռավարակների հետ կապված մենք լուրջ ծրագիր ենք կազմում: Մի շարք ատյաններում հարցը բարձրացվել է, սակայն որոշների համար խնդիրը դիտվում է մակերեսորեն: Մենք ստեղծել ենք սեռավարակների վարման ուղեցույց, որտեղ տրվում են սեռավարակների բուժման սկզբունքների, կանխարգելման վերաբերյալ հարցերի պատասխաններ։ Մենք նաեւ մարզերում ենք դասախոսություններ կարդում։

Տղամարդիկ թե՞ կանայք են ավելի շատ սեռավարակներ ձեռք բերում։

Դեպքեր են լինում երբ սեռավարակ է հայտնաբերվում տղամարդու մոտ, ասում ես՝ պիտի կինդ էլ ստուգվի, պատասխանում է՝ միանգամից բուժումը գրեք ինքն էլ կբուժվի։ Հնարավոր է՝ տղամարդու մոտ լինի հիվանդությունը, բայց կնոջ մոտ՝ չէ:

Դիմելիության առումով ավելի շատ տղամարդիկ են, բայց չեմ կարող ասել, թե ում մոտ է ավելի շատ հիվանդություն հանդիպում:

Տղամարդը դիմում է, դեպքը արձանագրվում է, իսկ կինը՝ ոչ: Չնայած մի շարք դեպքերում տղամարդիկ արտաամուսնական հարաբերություններ են ունենում, որոշ ժամանակ փորձում են չհարաբերվել կնոջ հետ և ժամանակի ընթացքում հետազոտվել։

Սեռավարակները ո՞ր մարզերում են առավել տարածված:

Սեռավարակների տարածվածությունը բնականաբար բնակչության թվաքանակի առումով առավել մեծ է Երևանում, իսկ մարզերում ամենից շատ վեներական հիվանդություններ են արձանագրվել Լոռիում, հիմնականում՝ գարդներելոզ, տրիխոմոնիազ, հերպես, հետո Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում։

 Ձեր խորհուրդները

Հնարավորինս զերծ մնալ անպաշտպան սեռական հարաբերություններից, պահպանակ օգտագործել. իրենց արդիականություն չեն կորցրել: Պետք է դիմել բժշկի, յուրաքանչյուր սեռավարակ ունի գաղտնի շրջան, կարող է անցնել մի ամիս, բայց որևէ նշան չլինի։ Յուրաքանչյուր անպաշտպան հարաբերությունից հետո դիմել բժշկի, կարող է գրականության մեջ նկարագրված կլասիկ դեպքերից որևէ մեկը լինի: Պետք չէ ասել՝ էս անգամ լավ պրծա:

Սեռավարակների բուժմամբ պետք է զբաղվեն մասնագիտացված բժիշկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter