
Փոխտնօրենը վիճարկելու է դպրոցի խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության օրինականությունը
Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում երեկ ընտրել են տնօրեն: Դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ լրացել էր տնօրենի պաշտոնավարման ժամկետը: Սակայն ընտրությունով դպրոցում իրավիճակը չի հանդարտվել: Դպրոցի փոխտնօրեն Ամատունի Կիրակոսյանը պատրաստվում է դիմել դատարան: Տեղեկացրել էինք, որ իրավիճակը լարված էր, և ընտրությունը ուղեկցվում էր ոստիկանների հսկողությամբ:
Դպրոցի փոխտնօրենը «Հետք»-ին պատմեց, որ մարզպետարանից ընդամենը պահանջել են, որ տնօրենի ընտրության ժամկետը երկարացվի, Մայիսյանի դպրոցը ևս ունենա իր թեկնածուն, քանի որ ուսուցիչներից ոչ մեկը հավաստագիր չի ունեցել: Մարզպետը մերժել է՝ օրենքի տառը չխախտելու պատճառաբանությամբ:
«Մենք էլ որոշեցինք իրավաբանների միջոցով դիմել դպրոցի տնօրենին՝ պահանջել դպրոցի մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի թեկնածուների ընտրության արձանագրությունները: Ստացանք պատճենները և տեսանք, որ արձանագրությունները կազմվել են խայտառակ բացթողումներով, սխալներով: Այդ անդամների լիազորությունները խորհրդում պետք է դադարեցվեին: Դիմել էինք մարզպետին, այդ արձանագրությունների շնորհիվ նա խորհրդի անդամությունից զրկեց երկուսին՝ միայն Մայիսյանի դպրոցի մանկավարժներին»,- ասում է Ամատունի Կիրակոսյանը:
Փոխտնօրենն ասաց, որ խորհրդի անդամ երկու ծնողների վերաբերյալ ևս բողոք եղել է, սակայն մարզպետն ընթացք չի տվել: Ամատունի Կիրակոսյանը նշեց, որ նույն քվեաթերթիկով ընտրել են և» դպրոցի խորհրդի անդամ, և´ դպրոցի ծնողական խորհրդի անդամ: Ըստ Ամատունի Կիրակոսյանի՝ դրանք տարբեր գործընթացներ են, և իրավունք չունեին այդ կերպ ընտրություն կազմակերպել և խորհուրդ ձևավորել: Ամատունի Կիրակոսյանն ասաց, որ այս խախտումների փաստով պատրաստվում է դիմել դատարան:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դժգոհությունները շատ սուբյեկտիվ են և իրականությանը չեն համապատասխանում: Համբարձում Մաթևոսյանը հաստատեց, որ դպրոցի փոխտնօրենի փաստաբաններից ստացել է դիմում և նշված է գործող խորհրդի առկա խնդիրների մասին: Պահանջվել է, որ դրանց լուծում տրվի, մրցույթը հետաձգվի:
Մարզպետի փոխանցմամբ՝ այդ գրությունից առաջ, քաղաքացիների հերթական ընդունելության ժամանակ, Ամատունի Կիրակոսյանը, առանց դպրոցի խնդիրների մասին խոսելու, հարցրել է՝ «կլինի մրցույթը հետաձգեք»: Մարզպետի խոսքերով՝ շահարկվել է փոխտնօրենի «հեղափոխական» լինելը և պարզ ասել է, որ ինքն է ցանկանում տնօրեն լինել, այդ իսկ պատճառով ցանկանում է մրցույթը հետաձգել, որպեսզի հավաստագիր ունենա և մասնակցի մրցույթին:
«Ասել եմ՝ ոչ, սահմանված կարգ կա: Անկախ նրանից այդ սահմանված կարգերը մեզ դուր են գալիս, թե դուր չեն գալիս, որովհետև շատ ժամանակ այդ սահմանված կարգերը կեղտոտ բյուրոկրատական խաղեր են: Քաղաքացին դժգոհ դուրս է գալիս իմ մոտից, անցնում են օրեր, և գրություն եմ ստանում, որ կոնկրետ այդ խնդիրը կա: Խնդիրը լուծել ենք: Կատարել ենք ուսումնասիրություն, պարզել ենք, որ ճիշտ է ասվում, երկու անդամի լիազորությունները դադարեցվել են»,- ասում է Համբարձում Մաթևոսյանը:
Ամատունի Կիրակոսյանը հերքեց, որ ինքը «հեղափոխական» լինելը շահարկել է: Ասաց, որ այդ մասին խոսք անգամ չի եղել: Ըստ Ամատունի Կիրակոսյանի՝ համացանցում գուցե իր նկարները տեսել են և նմանատիպ խոսակցություններ են տարածում: Նա չհերքեց, որ կոլեկտիվի նախընտրելի թեկնածուն ինքն է եղել, սակայն ընդամենը ժամանակ է խնդրել օրինական կարգով տնօրենի ընտրություններին մասնակցելու համար:
Մարզպետը նշեց, որ ընդհանրապես իր սրտով չէ խորհուրդների ձևական գործելը, քանի որ դրանք իրենց հիմնական առաքելությունը չեն իրականացնում, կատարում են հրահանգներ: Ըստ Համբարձումյանի՝ այս կարգի խորհուրդներից պետք է ձերբազատվել: Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում մրցույթների և խորհուրդների կարգը փոխելու ուղղությամբ:
Մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանն էլ հավելեց, որ գործող կարգի համաձայն՝ մանկավարժական խորհուրդն իր կազմից ներկայացնում է թեկնածուներ դպրոցի խորհրդի համար և վերջիններս ընտրվում են փակ գաղտնի քվեարկությամբ: Մատյանում արձանագրություն է կազմվել, որ բաց քվեարկություն է եղել և այդ հիմքով մարզպետը որոշել է խորհրդի երկու անդամների լիազորությունները դադարեցնել: Ըստ Լիանա Հարությունյանի, խորհուրդներն ընտրվում են 3 տարի ժամկետով, և փետրվարի 20-ին լրանում է 3 տարին, դպրոցներում անցկացվելու են նոր ընտրություններ:
Մեկնաբանել