HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Մէկ կադր» կինոփառատոնը 17 տարվա ընթացքում առաջին անգամ պետական աջակցություն կստանա

Մեկնարկել է  «Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 17-րդ փառատոնի հայտագրման այս տարվա գործընթացը։

17 տարվա պատմություն ունեցող կինոփառատոնը պետական աջակցություն երբեւէ չի ստացել, չի արժանացել համապատասխան պետական կառույցների ուշադրությանը եւ վերջիններիս կողմից որեւէ կերպ չի խրախուսվել որպես մշակութային իրադարձություն։

Փառատոնի հիմնադիր-նախագահ, ռեժիսոր Գագիկ Ղազարէն 2003 թվականին ոլորտում վիճակ փոխելու, նոր հարթակ ստեղծելու իր միտքը բնական է համարում, նշում է «2003-ին ես երիտասարդ էի, կինոն ու շատ այլ բաներ քանդված ու ավիրված էին, բացարձակ ուրիշ վիճակ էր։ Այդ ժամանակ ՆՓԱԿ-ի՝ ձեռքիս տակ եղած միջոցներով փորձեցի օգնել «կինոերազանք» ունեցողներին․․․ Եվ կազմակերպիչ էի, եւ օպերատոր, եւ մոնտաժողայդպես սկսվեց»։

Փառատոնի այս տարվա հայտագրման մեկնարկին զուգահեռ Գագիկը ֆեյսբուքյան իր էջում «լավ լուրով» կիսվեց՝ նշելով. «ՀՀ Մշակույթի նախարարության դրամաշնորհային ծրագրերի մրցութային նոր համակարգին մասնակցելու արդյունքում երկու օր առաջ ստացա ՀՀ Մշակույթի փոխնախարարի պաշտոնական հաստատումը, որ նախարարությունը  համաֆինանսավորմամբ կմասնակցի 17-րդ ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպմանը։ Սա չափազանց կարեւոր, իրադարձային նորություն է փառատոնի եւ հայաստանցի երիտասարդ կինոմատոգրաֆիստների, կինոսերների համար։ Նախորդ 16 տարիների ընթացքում նախկին ռեժիմը որեւէ կերպ չի աջակցել, չի երկխոսել, արվեստի դաշտում գործողների համար չի ստեղծել կամ չի ցանկացել ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ։ Սա փաստ է, բայց մենք դիմադրել ենք ու մենք եղել ենք»։

Գագիկ Ղազարէի հետ զրուցել ենք նախորդ տարիների փորձի, փառատոնի գոյատեւման, իրավիճակային փոփոխությունների մասին։

17 տարի անց փառատոնն արժանացավ Մշակույթի նախարարության ուշադրությանը։ Նախկինում (համա)ֆինանսավորման ակնկալիքներ եղե՞լ են, դիմե՞լ եք համապատասխան կառույցներ՝ փառատոնի համար աջակացություն ստանալու նպատակով։

Ընդամենը մեկ անգամ եմ դիմել (տարին լավ չեմ հիշի. գուցե 2010 կամ 2011 թվականն էր), փորձել եմ հաղորդակցվել, ներկայացնել փառատոնը, մեր նպատակները, անելիքները․․․ Բայց ներկայանալու կամ ներկայացնելու մեթոդ չկար, պետք էր զանգ տալ, փորձել անմիջականորեն հանդիպել, այսինքն պարտավոր էիր ուղիղ կապ ունենալ:

Պարզ է՝ փառատոնի մասին գիտեին բոլորը՝ այդ տարիների նախարարները, փոխնախարարները, այլ աշխատակիցներ, բայց պատահաբար առնչվեցի ինչ-որ վարչության ղեկավարի հետ: Իրականում, հաղորդակցվելու իմ այդ փորձառությունը տեղով մեկ զվարճալիք էր․ մի քանի անգամ հեռախոսով խոսել, աշխատել հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել, նամակ գրել եւ պատասխան այդպես էլ չստանալ․․․ Հետո նորից զանգել, զգալ, որ մյուս կողմում վարչության պետը քո ամեն զանգից «ահաբեկվում» է։ Ի վերջո հասկացա, որ զուր ժամանակ եմ վատնում ու վե՛րջ։ Ծիծաղելին այն է, որ փառատոնի բուն ընթացքի ժամանակ հանկարծ նամակ եմ ստանում Մշակույթի նախարարությունից, որ ֆինանսների սղության պատճառով չեն կարողացել աջակցել ծրագրին։

Այս է եղել․ զվարճալի մի պատմություն։

Իսկ վերջին տարիներին այդ կառույցի հետ պարզապես հաղորդակցվելու որեւէ ցանկություն չկար․այդ հաստատության հետ առնչվելն արդեն սկզբունքորեն ընդունելի չէր ինձ համար։

Տարեցտարի փառատոնի հայտերի քանակն ավելանում է, աշխարհագրությունն ընդլայնվում է։ Մասնակցային աճին զուգընթաց լսարանի հետաքրքրությունը մեծանու՞մ է, 17 տարվա գործունեության ընթացքում «ո՞վ է մեր կինոդիտողը, մեր լսարանը» հարցն ստացե՞լ  է պատասխան։

Փառատոնի աշխարհագրությունն իսկապես տարեցտարի զարմանալիորեն ընդլայնվում է․ ֆինանսական խնդիրների պատճառով որոշ զարգացումներ անգամ սառեցվել են, բայց, իհարկե, երկար այդպես շարունակել չի կարելի։ Կան կուտակված խնդիրներ, որոնք փոխկապակցված են Հայաստանում կրթության, տնտեսության, սոցիալ-մշակութային ընդհանուր մթնոլորտի, զարգացվածության աստիճանի եւ/կամ լճացման հետ:

«ՄԷԿ ԿԱԴՐԻ» թիրախը երիտասարդությունն է․ եւ՛ ներկայացողը, եւ լսարանը ստեղծածար երիտասարդն է, որովհետեւ ձեւաչափն է այդպիսին։ Մեր փառատոնը, կարծում եմ, լավագույն հարթակն է այդ նոր, աուդիովիզուալ արվեստով հետաքրքրված երիտասարդին ճանաչելու, ներգրավելու համար․․․ Գոնե թե մեր նպատակը դա է։

Հիշու՞մ ես՝ 2013-ին  «Մէկ քառակուսի մետր» թատերական  փառատոնի մասին էինք զրուցում, եւ ցավալի մի փաստ արձանագրեցիր, ասացիր՝ այս տարի ժյուրի չունեք, ժյուրին «արտագաղթել» է, արտագաղթել են նաեւ պոտենցիալ մասնակիցները։

Հա, հիշում եմ։

Հիմա մատնանշում ես կրթության, տնտեսական, սոցիալ-մշակութային եւ փառատոնի իրականացման խնդիրների փոխկապակցման խնդրի մասին 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած փոփոխությունների, իշխանափոխության եւ փառատոնային խնդիրների փոխկապացվածության հարցը հիմա այլ կոնտեքստու՞մ է։

Կարծում եմ, այո: Կա մեծ լավատեսություն, դրական ակնկալիքներ: Հենց հիմա բաց հայտն արդեն ընթացքի մեջ է, արդեն տեսանելի է ակտիվությունը: Փաստը, որ գոնե թե վերանայվում է նախարարության հետ հաղորդակցության ձեւաչափը, արդեն էականորեն ավելացնում է տարբեր նախաձեռնությունների, խմբերի հնարավորությունները:

Գուցե լինեն մանրամասնություններ, որոնց հետ համաձայն չլինեմ(նենք), բայց սա առաջին քայլն է: Պիտի օգնենք իրար, մեզ պետք է օգնի ապրիլի եղբայրության, հավասարության մթնոլորտը: Սա մեր հնարավորությունն է:

«Այն պայմաններում, որոնցում մենք ենք այսօր գտնվում, երբ շուրջը կյանք չկա կարծես, որովհետեւ մարդիկ չեն ապրում, այլ պարզապես գոյատեւում են, դուք ուզու՞մ եք՝ մենք կինո կամ արվեստ ունենանք։ Մենք մեր մասին անկեղծ չենք ուզում խոսել։ Ուզում ենք տեսիլք, պատրանք ստեղծել՝ հերոսականության տարրերով։ Մենք պետք է լինենք բաց, բազմազան, իսկապես ժողովրդավար հանրություն»«ինչու՞ մեզ մոտ կինո չի ստացվում» հարցին այսպես էիր պատասխանել։ Այս առումով ի՞նչ է փոխվել։ 

2018-ի ապրիլը հաստատեց այս իմ միտքը: Պարզվեց ամբողջ հասարակությունն է հոգնել այդ լճացումից, այդ նույն լինել-չլինելուց․․․ Բայց նաեւ հաստատեց, որ բոլորս պատկերացում ունենք՝ որտեղ ենք ուզում լինել, ինչպիսին պիտի լինի մեր ապրելու տեղը։ Եթե չանդրադառնանք սրան, այս մի հնարն էլ ձեռքից բաց կթողնենք։

Հա, հիմա հարցականներ կան, կան անորոշություններ, բայց ես ուզում եմ բռնվել լավատեսությունից ու համբերությունից, անել իմ անելիքը, անել այն, ինչ իսկապես կարող եմ։

Երբ ինքդ քեզ հարցը նորից տաս, թե ինչու մեզ մոտ կինո «չի ստացվում», կարո՞ղ ես պատասխանը տեղավորել այդ «լավատեսության ու համբերության» շրջանակներում։ Արդյոք կինոդպրոց ունենալու, ոլորտին հատուկ ուշադրություն դարձնելու, կինոլեզվի խնդիրները նվազում են դրանից։

Հարցը շատ ցավոտ է, շատ բան կա ասելու:

Հիմա, եթե ասեմ հոռետես եմ, կնշանակի փակել է պետք ամեն ինչ, երազելու վերջը պիտի գա, մտածելու ենք, որ ոչ մի բան չի  փոխվի, ոչ մի լավ բան տեղի չի ունենա։

Այս հարցը կլուծվի կամ գոնե լուծման պրոցեսը կսկսվի այն ժամանակ, երբ ինչ-որ շրջանակներ ընդունեն հետեւյալը․ այն ժառանգությունը, որ ամեն գնով ուզում են պարտադրել նոր սերնդին, ձախողված է, անպետք է, զարգացման միտումներ չունի:

Կինոյի զարգացման մեխը կրթությունն է, ինստիտուցիան:

Եթե դիտարկենք կոնկրետ օրինակներով, ապա, կարծում եմ, 90-ականներին, երբ կինոն ու թատրոնը մեկ հարկի տակ մտցրին, որպես պատկերացում, արդեն ժամանակավրեպ էր։ Եվ չհաջողեցին, չստացվեց․․․Որքան էլ երկու լեզուները իրար մոտ են, որպես գիտակարգ, գիտելիք շարունակում են անսահման տարբեր մնալ։ Մեթոդները, լեզուն միմյանց հակադիր են։  Եվ այդ առումով ԵԹԿՊԻ-ում կինոն «խորթ» որդու կարգավիճակ ունի․ գոնե թե ինձ այդպես է թվում։

Երբ ուսանողը, հաղթահարելով կրթական եւ տեխնիկական բացերն ու անհարմարությունները, ստեղծում է փոքրիկ իր ֆիլմը («էս չկա, էն չկա», «էս չի կարելի, էն չի կարելի» պայմաններում), այդ նեղության ու խեղճության մեջ ավիրվում է կինոն․․․ Այդ երեւակայելու լեզուն, այդ հզոր ըմբոստությունը կոտրվում է, ու ունենում ենք «կոտրված», վախվորած, հերոսական ջանքերով արված վիզուալ մի շարք, որի գնահատման համար նախ դիտարկվում է հենց այդ ջանքը, ոչ թե պատկերը, սյուժեն, կատարումը, ասելիքը, որ հոսում է էկրանից։

Բարդ հարց է․․․ Երեւի ապրիլի նման տոն է պետք, որպեսզի բոլոր ոլորտներում ինքնամաքրման գործընթաց սկսվի, նորից վերանայվի, գուցե զրոյից մեկնարկ տրվի։ Մի տեսակ ամոթալի բան է, երբ անընդհատ սովետահայ կինոյից պիտի բռնվես։

Ամեն դեպքում նախորդ տարիներին ժյուրիի հավանությանն արժանացել են ֆիլմեր, որոնք ստացել են «Մէկ կադրի» տարբեր անվանակարգերի մրցանակները։

Այդ ընտրությունը պայմանավորված է եղել ներդրած «ջանքի՞», թե՞ ֆիլմի որակական հատկանիշներով«դե ինչ-որ աշխատանք տարվել է, մոտ է կինոյին» գնահատականո՞վ է պայմանավորված եղել որոշումը, թե՞ «այս ֆիլմն արժանի է մրցանակին» հաստատակամությամբ։

Երկուսն էլ եղել է, բայց պրոգրեսիան երկրորդինն է, որից էլ բխում է իմ լավատեսությունը։ Այո, եղել է այնպես, որ փառատոնն ունեցել է բացարձակ ֆավորիտներ, ուժեղ մրցակցություն է եղել։

Ասել եւ էլի եմ ասում, որ հայկական կարճամետրաժը լուրջ պոտենցիալ ունի, ուղղակի մեջք մեջքի տալու կարիք կա, որպեսզի կարողանանք երիտասարդ կինոմատոգրաֆիստներին օգնել, հնարավորություններ ավելացնել։

Ես տեսել եմ լավ ֆիլմեր, ճանաչում եմ երիտասարդ լավ կինոմտածողների, մնում է նրանց աջակցել, հնարավորություն տալ նկարելու։ Եվ սա է հիմնական հարցը, որի լուծման պատշաճ մեթոդները պիտի գտնենք։

ՀԳ «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 17-րդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտերը կընդունվեն մինչ սույն թվականի ապրիլի քսանը։ Մրցութային անվանակարգերն են՝ «Մէկ կադր - մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»:

Նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչեւ ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն։

Հայտագրման եւ մրցութային կարգի մանրամասները՝ այստեղ։ Փառատոնը կանցկացվի հունիսի 5-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։

Լուսանկարների աղբյուրը՝  ՆՓԱԿ-ի պաշտոնական կայք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter