HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի համախառն արտաքին պարտքը մոտեցել է 11 մլրդ դոլարի շեմին

2017 թվականի տարեվերջից Հայաստանի համախառն արտաքին պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը, իսկ ներկայում՝ մոտեցել 11 մլրդ դոլարին։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ 2018 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ, այն կազմել է շուրջ 10 մլրդ 836 մլն դոլար։

Համախառն արտաքին պարտքի և պետական պարտքի ցուցանիշները հաճախ շփոթում են։ Մինչդեռ դրանք տարբեր ցուցանիշներ են և ունեն տարբեր բովանդակություն։

Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը ցույց է տալիս երկրի ներքին ու արտաքին պետական պարտքը։ Դրա կազմում արտաքին պարտքը կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերն են։

Իսկ համախառն արտաքին պարտքի պարագայում խոսքը միայն արտաքին պարտքի մասին է, և սա ներառում է ոչ միայն արտաքին պետական պարտքը (կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերը), այլև՝ մասնավոր հատվածի արտաքին պարտքերը, հիմնականում՝ բանկերի։

Համախառն արտաքին պարտքն ավելի բարձր է լինում, քան ընդհանուր պետական պարտքը։ Օրինակ՝ եթե 2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ համախառն արտաքին պարտքը կազմել է 10 մլրդ 836 մլն դոլար, ապա ընդհանուր պետական պարտքը՝ 6 մլրդ 741 մլն դոլար, որից 5 մլրդ 411 մլն դոլարը արտաքին պետական պարտքն է։

Համախառն արտաքին պարտքի ցուցանիշը հաճախ ներկայացվում է որպես ընդհանուր պետական պարտք։ Երբեմն դա արվում է թյուրիմացաբար։ Երբեմն էլ՝ սխալը գիտակցելով և մանիպուլյացիայի նպատակով: Քանի որ համախառն պարտքն ավելի մեծ է, այն ներկայացվում է ընդհանուր պետական պարտքի փոխարեն, որպեսզի ցույց տրվի, թե պետությունն ինչ մեծ ծավալի պարտքի բեռ ունի։ Իսկ, իրականում, ինչպես նշեցինք, համախառն պարտքի մի մասն է պետության ուսերին, մնացածը՝ մասնավոր հատվածինն է։ Իհարկե, սա չի նշանակում, որ առանձին վերցրած պետական պարտքը փոքր է։ 

Այսօրվա դրությամբ համախառն արտաքին պարտքի կազմում ամենամեծ տեսակարար կշիռը պետական կառավարման մարմինների պարտքերն են. տեսակարար կշիռը համախառն արտաքին պարտքի կազմում 45.5 % է: Ծավալը 2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ շուրջ 4 մլրդ 937 մլն դոլար է։ Խոսքը կառավարության արտաքին պարտքի մասին է։

Հաջորդը ավանդային կազմակերպությունների պարտքերն են (22.4%), որը ինչպես նշեցինք, հիմնականում բանկերի պարտքերն են։ Այն կազմել է շուրջ 2 մլրդ 433 մլն դոլար։ Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի արտաքին ֆինանսական պարտավորությունները՝ վարկերը, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների ավանդները։

Մնացածը Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է, միջֆիրմային վարկերն ու այլ հատվածների արտաքին ֆինանսական պարտավորությունները։

Համախառն արտաքին պարտքը տարիների ընթացքում մեծացել է էական ծավալներով ու զգալի արագությամբ։ Սակայն, թե´ մամուլում, թե´ այլ հարթակներում համախառն արտաքին պարտքի մասին քիչ է խոսվում։ Համախառն արտաքին պարտքը ներառում է նաև մասնավոր հատվածի ֆինանսական պարտավորությունները, որոնք սպասարկվում են հենց մասնավոր հատվածի կողմից, իսկ պետական պարտքը սպասարկվում է պետբյուջեի հաշվին, այսինքն՝ հարկատուների։ Հնարավոր է՝ դա է պատճառը, որ պետական պարտքը մշտապես ուշադրության կենտրոնում է, իսկ համախառն արտաքին պարտքի մասին քիչ է հիշատակվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter