
Արագ արձագանք․ ՃՈ-ն «մաքրում է» Աբովյան պուրակը (տեսանյութ)
Երեկ «Հետք»-ը գրել էր, որ Ագրարային համալսարանի ուսանողների ավտոմեքենաներն օրենքի խախտումով կայանված են Աբովյան պուրակում՝ ոչ երթեւեկելի հատվածում։ Ոստիկանությունը բավականին օպերատիվ է արձագանքել հրապարակմանը։
Այսօր առավոտյան ժամը 11-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության ծառայողները գործողություն էին իրականացնում Ագրարայինի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում` մասնավորապես Աբովյան պուրակից հեռացնելով օրենքի կոպիտ խախտումներով կայանված ավտոմեքենաները։
Տեղում պարզեցինք, որ խնդրով կոնկրետ քայլեր է ձեռնարկում նաեւ Ագրարային համալսարանի ղեկավարությունը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ Տրանսպորտի վարչությունն Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանից գրություն է ստացել 2-րդ մասնաշենքի՝ պուրակին հարող հարեւան տարածքում արգելափակոց տեղադրելու առաջարկով: Քաղաքապետարանից պատասխանել են, որ չեն առարկում:
«Այսօր առավոտյան Տրանսպորտի վարչության աշխատակիցն անձամբ ռեկտորին է փոխանցել քաղաքապետարանի կարծիքը պարունակող ծրարը։
Այսինքն, ենթադրվում է, որ ակադեմիան այդտեղ արգելափակոց կտեղադրի մոտ ժամանակերս, եւ հարցն ըստ էության կլուծվի»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հակոբ Կարապետյանը:
Ճանապարհային ոստիկանության՝ մոտ 1 ժամ տեւողությամբ գործողությունից հետո Աբովյան պուրակն ամբողջությամբ դատարկվել էր ավտոմեքենաներից, ինչպես երեւում է գլխավոր լուսանկարում։
Մեկնաբանել