HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թեժ ընտրություններ. հեռացված համայնքապետերը կրկին առաջադրվել են

Փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան 20 համայնքներում, որից 8-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու։ Դրանք այն համայնքներն են, որոնց ղեկավարները 2018 թ.-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխության ժամանակ ուժով հեռացվեցին պաշտոնից կամ հեղափոխական ընդվզումների ալիքի տակ կամովին հրաժարական ներկայացրին: Բացառություն է Ձորագետ համայնքը, որտեղ արտահերթ ընտրություն է նշանակված համայնքի ղեկավարի մահվան պատճառով։

Հարկադրաբար հրաժարական ներկայացրին Ուրցաձոր, Մալիշկա, Աշոցք, Ակունք, Նոր Գեղի համայնքների ղեկավարները։ Իրադրության փոփոխության արդյունքում կամովին հրաժարականներ ներկայացրին Արարատի մարզի Արեւաբույր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքների ղեկավարները։

Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները հետաքրքիր են լինելու հատկապես երեք համայնքում՝ Ուրցաձոր, Աշոցք եւ Մալիշկա, որոնց ղեկավարները պաշտոնից հարկադրաբար հեռացվելուց հետո կրկին առաջադրել են իրենց թեկնածությունը։

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց 2018 թ. հոկտեմբերի 10-ին, իշխանության անցած նոր ուժերի ճնշմանը զիջելով։ Համայնքի բնակիչներից նրա դեմ ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդումներ էին ներկայացրել՝ մեղադրելով յուրացումների մեջ։ Համայնքի ղեկավարի դեմ ըմբոստացել էին, հատկապես, 2016 թ.-ից Ուրցաձոր համայնքում միավորված 3 գյուղերից մեկի՝ Շաղափի բնակիչները։ Տեւական ժամանակ հուզումները չէին դադարում Ռաֆիկ Անդրեասյանի կողմնակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջեւ։

Նա Ուրցաձորը ղեկավարել է 19 տարի  եւ լավագույն համայնքապետերից մեկն էր համարվում: Ռ. Անդրեասյանի հրաժականից հետո նրա համախոհները բողոքը շարունակեցին մայրաքաղաքում՝ Կառավարությունից պահանջելով ընտրված համայնքի ղեկավարին վերականգնել պաշտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուծումը եղավ համայնքում արտահերթ ընտրություններ նշանակելը։

«Ես պարզ ճակատով ասում եմ՝ կտամ հրաժարական ու նորից դիմում կտամ վերընտրելու, որովհետեւ պետության պահանջն է այսօր, նաեւ ձեր պահանջն է (համայնքապետը նկատի ունի հրաժարականի դիմումը-հեղ.): Եթե դուք ուզում եք, թող նորից լինի ընտրություն, ով կընտրվի՝ հալալ լինի իրան: Աստված ձեր հետ»,- ասել էր Ռ. Անդրեասյանը հրաժարականի մասին հայտարարելու ժամանակ:

Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել է 5 թեկնածու:

Ռ. Անդրեասյանի հրաժարականից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Գեւորգ Ավետիսյանը։

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նույնպես համայնքի նախկին ղեկավար Արթուր Ալոյանը ինքնառաջադրվել է: Նա հրաժարական ներկայացրեց 2018 թ. նոյեմբերի 1-ին: Նոյեմբերի 6-ին արդեն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմին էր ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Մանուկյանին: 38-ամյա պաշտոնակատարը Աշոցք համայնքի Մեծ Սեպասար գյուղից է։ Աշոցքի բնակիչները պատմում են, որ նա վաղուց ընտանիքով մեկնել էր Ռուսաստան, իշխանափոխության շրջանում վերադարձել է եւ միացել հեղափոխականներին, ապա նշանակվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա արդեն ՔՊ կուսակցությունն է ներկայացնում։

Աշոցքում համայնքապետի 7 թեկնածու է առաջադրվել, որից մեկը համայնքի ղեկավարի ժ/պ նշանակված Կարեն Մանուկյանն է: Թեկնածուներից 3-ը անդամակցում են ՔՊ կուսակցությունը, մեկը՝ ՀՅԴ-ին, 2-ը՝ Աշոցք համայնքում միավորված նախկին համայնքների ղեկավարներն են։

Արթուր Ալոյանի հրաժարականն անակնկալ էր Աշոցքի բնակիչների համար։ Ա. Ալոյանը համայնքը ղեկավարում էր 14 տարի, 2005 թ.-ից սկսած, իսկ 2016 թ.-ի հոկտեմբերին վերընտրվել էր խոշորացված Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնում (Աշոցքում միավորվել է 11 բնակավայր)։ Համայնքապետը հերքում է շրջանառվող լուրերը, որ իրեն հարկադրել են հրաժարական ներկայացնել: Լրատվամիջոցներին հայտնել էր, որ հրաժականի պատճառը հողի հարկի հավաքագրումների ցածր ցուցանիշն է՝ հավաքել են 60%-ը։ «Վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ հստակ պահանջ ներկայացվեց համայնքապետերին, որ մինչեւ տարեվերջ պետք է բացթողումները լրացնենք, իսկ դա իմ ուժերից վեր էր»,- պարզաբանել էր նախկին համայնքապետը:

Եթե հրաժարականի իրական պատճառը դա լիներ, նա անշուշտ կրկին չէր առաջադրվի: Հասկանալի է, որ ընտրողների մոտ բնական հարց պետք է առաջանա, իսկ որքանո՞վ եք վստահ, որ այսուհետ հարկերի հավաքագրումը ձեր ուժերի սահմանում կլինի, ինչ է փոխվել երկու ամսվա ընթացքում: Արդեն համայնքապետի թեկնածու Ա. Ալոյանն էլ է մտածել այդ մասին, «Հետք»-ին տված հարցազրույցում  անդրադառնում է դրան, բայց դարձյալ չի պատասխանում: «Ես հասկանում եմ, որ այսքանից հետո պիտի տրաբանական լիներ հարցը, թե ինչո՞ւ եմ հրաժարական տվել 60% հավաքագրման համար, էն էլ էն դեպքում, որ տարին էլ դեռ չէր ավարտվել, սակայն կարող եմ հստակ ասել՝ ինձ չի եղել առաջարկ, թե աշխատանքդ թող, չեն եղել ճնշումներ, ես ինքս եմ երկար-բարակ մտածելուց հետո որոշում կայացրել»,- ասել է նա:

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում համայնքի ղեկավարի համար ինքնառաջադրված 5 թեկնածուներից 3-ն արդեն ինքնաբացարկ են ներկայացրել։ Փետրվարի 17-ին մրցակցելու են 2018 թ. սեպտեմբերի 6-ին հրաժարական ներկայացրած համայնքի նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանը եւ Եղեգնաձորի ՔԿԱԳ բաժնի պետ Գարիկ Նազարյանը։

Մալիշկա համայնքի երկարամյա ղեկավար Մհեր Մովսիսյանը պաշտոնում վերընտրվել էր 2016 թ. հոկտեմբերի 2-ին: 2018թ.-ի հուլիսին նրան մեղադրանք էր առաջադրվել, որ համայնքի ղեկավարի պաշտոնը չարաշահելով, օժանդակել է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանին՝ նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը: 

«Ընտրությունների ժամանակ նա թեկնածուի Մալիշկա համայնքի նախընտրական շտաբն է ղեկավարել եւ նրա օգտին 1300 ձայն ապահովելու համար այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13 000 000 դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական դրամ մեկ ձայնի դիմաց ...»,- ասվում է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ:

Ենթադրվում է, որ փետրվարի 17-ի ընտրություններն առանձնակի լարվածությամբ են ընթանալու Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում: Օգոստոսի 31-ին համայնքի երկարամյա ղեկավարը հարկադրաբար հրաժարականի դիմում ներկայացրեց: 73-ամյա համայնքապետը, որը շուրջ 32 տարի ղեկավարել է այդ գյուղը, չհամակերպվեց այդ մտքի հետ: Նրա հրաժարականից հետո համայնքապետի ժ/պ նշանակվեց Վարդան Պապյանը, որը համարվում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմը: Համայնքում, սակայն կրքերը չհանդարտվեցին, պաշտոնակատարը չընդունվեց եւ գյուղում 4 ամիս շարունակ լարվածությունը չէր հանդարտվում:

Ավելի վաղ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Նոր Գեղիի նախկին համայնքապետի օրոք բազմաթիվ չարաշահումներ են եղել, որոնք ուսումնասիրման փուլում են: Ֆրոնտիկ Թեւոսյանի կատարած չարաշահումների մասին «Հետքը» մի քանի հրապարակում  է ունեցել տարիներ առաջ:

Դեկտեմբերի 9-ին Նոր Գեղիում դանակահարություն տեղի ունեցավ, որի հետեւանքով 4 հոգի վիրավորվեցին, դրան հաջորդել էին կրակոցները: Համայնքապետի ժ/պ  Վարդան Պապյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դրանում նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի առնչությունն ակնհայտ է, գործողություններն իրականացնում են նրա բարեկամները: «Մինչեւ ես գտնվում  եմ ոստիկանության բաժնում, կրկին Թեւոսյանի  բարեկամները  մեքենայով  հետապնդում են  եղբորս՝ Անդրանիկին,  որ սովորականի նման  աշխատանքի  գնալիս  է  լինում։ Ճանապարհին   մենքենայով  հարվածում են եղբորս մեքենային, փորձում նրան նետել «կանալը»։ Տեսնելով,  որ  փորձերն  ապարդյուն են,  հետ  են գալիս,  մտնում են գյուղապետարանի  շենք, հարվածում  ու  գետնին են նետում համակարգիչները, սեղանների  վրա դրված իրերը, պատառոտում են պաստառներն ու  դուրս  գալիս շենքի  դիմաց, փակում ճանապարհը՝  պահանջելով իմ  հրաժարականը։ 50-60  հոգին ցանկանում է որոշել 6500-ի  փոխարեն...»,- ասել էր Վարդան Պապյանը։

Ֆ. Թեւոսյանը չի առաջադրվել այս անգամ, սակայն անցնող ամիսներին գյուղում կատարված իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ նա  առանցքային դերակատարություն է ունենալու այս ընտրություններում: Առաջադրված 3 թեկնածուներից մեկն անպայման նրա աջակցությունը կստանա:

Անցող տարում հարկադրաբար հրաժարական ներկայացրեց նաեւ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի  ղեկավար Արծրուն Ղարիբյանը, որին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեղադրեց պաշտոնավարման տարիներին՝ 2008-2017 թվականների ընթացքում համայնքային բյուջեից 22 մլն 297 000 դրամ յուրացնելու մեջ։ Արծրուն Ղարիբյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

Որոշ համայնքների ղեկավարներ էլ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, ինքնակամ հրաժարականներ ներկայացրին: Հիմնական մտահոգությունն, իհարկե քրեական պատասխանատվությունից խուսափելն էր: Այդպես անակընկալ 2018 թ. դեկտեմբերի 3-ին հրաժարական ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը՝ ավագանուն խնդրելով վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները: Ա. Հարությունյանը խոշորացված Վարդենիս համայնքի (համայնքի վարչական կազմում են ընդգրկված Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա եւ Ներքին Շորժա գյուղերը) ղեկավար էր ընտրվել 2017 թ.-ի նոյեմբերին:

Աշնան հրաժարականների շարքը համալրեց նաեւ Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը: Նա Արարատի մարզի 13 համայնքապետերի հետ միասին մեղադրվում էր  2014 թ.-ին Արարատի մարզի ավելի քան 20 գյուղերի հողօգտագործողների դիզելային վառելիքի ու պարարտանյութերի բաշխման պետական ծրագրով 4 մլն 173 750 դրամ յուրացնելու մեջ: Դրանից հետո էլ Մ. Ավետիսյանը շարունակում էր պաշտոնավարել, սակայն իրավիճակի բերումով նա որոշեց ավելի վաղ հեռանալ եւ այլեւս չառաջադրվեց:

Առհասարակ այս ընտրությունները մրցակցային են լինելու համայնքների մեծ մասում, բացառությամբ երեքի՝ Արմավիրի մարզի Հայկավան, Նոր Արմավիր գյուղերում եւ Արագածոտնի մարզի Տեղ գյուղում համայնքի ղեկավարի մեկական թեկնածու է առաջադրվել։

Տեղ գյուղում առաջադրված միակ թեկնածուն կրկին նախկին համայնքապետն է այն պարզ պատճառով, որ այդ գյուղում բնակիչ չկա եւ ընտրությունը ձեւական բնույթ է կրում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter