HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լոնդոնյան դատարանի որոշմամբ՝ Մոլդովայի նախկին վարչապետի որդուց 600 հազար դոլար է բռնագրավվել

Լոնդոնյան դատարանի որոշմամբ՝ Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի որդուց բռնագրավվել է 466 հազար ֆունտ ստերլինգ (600 հազար դոլար) գումար, քանի որ նա չի կարողացել դատարանում ապացուցել, որ այդ գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով: 

Ինչպես հաղորդում է BBC-ն, 22-ամյա Վլադ Լուկա Ֆիլատը (Vlad Luca Filat) իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել է այն բանից հետո, երբ կես միլիոն դոլարանոց պենտհաուս է վարձել Լոնդոնի էլիտար թաղամասերից մեկում և ավտոսրահից գնել է 200 հազար դոլար արժողությամբ Bentley Bentayga մոդելի ավտոմեքենա:

Միացյալ Թագավորության հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (National Crime Agency, NCA), օգտվելով երկու տարի առաջ ընդունված օրենքից, հասել է Ֆիլատ-կրտսերի բանկային հաշիվների սառեցմանը և պահանջել Վլադ Լուկա Ֆիլատից դատարանում ապացուցել, որ այդ գումարները նա հանցավոր ճանապարհներով ձեռք չի բերել: Համաձայն այդ օրենքի՝ Մեծ Բրիտանիայի իշխանություները կարող են բռնագրավել երկրում բնակվող արտասահմանցու կասկածելի ծագում ունեցող ունեցվածքը, եթե չապացուցվի դրա ձեռքբերման օրինականությունը:

Վլադ Լուկա Ֆիլատը սովորելու համար Լոնդոն է ժամանել է 2016 թվականի հուլիսին, այն բանից հետո, երբ նրա հայրը Մոլդովայում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար:

«Ֆիլատ-կրտսերը հաստատվել է Լոնդոնի ժամանակակից թաղամասերից մեկում, վարձել է պենտհաուս, դրա համար թողել է կես միլիոն դոլար կանխավճար, 200 հազարով մեքենա է գնել, վարել է շքեղ կյանք»,- այսպես է նկարագրել նրան հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը, որն էլ Վլադ Լուկա Ֆիլատի ակտիվները բռնագրավելու համար դիմել է դատարան:

Նոր օրենքի համաձայն՝ հայցվորը պետք է դատարանում ապացուցի, որ փողերը կասկածելի ծագում ունեն և ամենայն հավանականությամբ, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով: Ազգային գործակալությունը դատարանում նշել է մի քանի փաստարկ. առաջինը՝ Ֆիլատ-կրստերը Մեծ Բրիտանիայում եկամտի աղբյուրներ չի ունեցել, երկրորդ՝ նրա հաշվին եղած գումարները փոխանցվել են կանխիկ եղանակով, կամ փոխանցվել են Կայմանյան կղզիներում և Թուրքիայում գտնվող ընկերություններից, և երրորդ՝ նրա հայրը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով մոլդովական բանկերից 1 միլիարդ դոլարի անհետացման գործում:

Դատարանը 2018 թվականի մայիսին սառեցրել է Վլադ Լուկա Ֆիլատի հաշիվները: Օրենքի համաձայն՝ սառեցումը տևում է երկու տարի, և այդ ընթացքում իրավապահ մարմինները սեփականատիրոջը առաջակում են ապացուցել ունեցվածքի ծագման օրինականությունը,  և եթե սեփականատերը չի կարողանում կամ չի ցանկանում անել դա, ապա դատարանի որոշմամբ՝ ունեցվածքը բռնագրավվում է:

Հենց այսպես էլ ավարտվել է Վլադ Լուկա Ֆիլատի գործը, քանի որ ըստ հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության՝ նա չի կարողացել ապացուցել իր սեփականության ծագման օրինականությունը:

Նոր օրենքը Մեծ Բրիտանիայում օտարերկրացու վրա առաջին անգամ կիրառվել է 2018 թվականի նոյեմբերին, երբ ազգային գործակալությունը պահանջել էր Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կնոջից՝ Զամիրա Հաջիևայից բացահայտել ձեռք բերված ունեցվածքի աղբյուրը: Զամիրա Հաջիևան շքեղ կյանք է վարել Բրիտանիայում, մասնավորապես, նա Լոնդոնի ամենահայտնի առևտրի կենտրոնից՝ Harrods-ից 16 միլիոն ֆունտի գնումներ է կատարել, ինչպես նաև ձեռք է բերել 20 միլիոն ֆունտի անշարժ գույք: Նրա ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը, ով 2001-2015 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի միջազգային բանկը, 2016 թվականին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խարդախություն կատարելու մեջ, որի արդյունքում բանկի հաշիվներիվ տասնյակ միլիոնավոր դոլարներ են անհետացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter