
Քաղաքապետի թեկնածուն իր թիմակիցների հետ փակել է Վարդենիսի ճանապարհը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանն ու իր աջակիցները փակել են Երևան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը՝ Վարդենիս քաղաքի մոտ: Թեկնածուն ու թիմակիցները պահանջում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը:
Փետրվարի 17-ին Վարդենիս համայնքում նշանակված է ընտրություն: Առաջադրվել է 9 թեկնածու, որից մեկն արդեն ինքնաբացարկ է հայտնել: Մնացյալ 8-ն ինքնառաջադրվել են: Բոլոր թեկնածուները, բացի մեկից, անկուսակցական են:
Ինքնառաջադրվել է Անշարժ գույքի կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի պետ, անկուսակցական Գրիշա Աղաջանյանը, անկուսակցական Արսեն Ամիրխանյանը, ով ներկայանում է որպես ԱՁ-ի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Վահան Զարոյանը, համայնքապետի օգնական, անկուսակցական Արկադի Խաչատրյանը, «Վարդենիսի քարհանքավարչություն» ԲԲԸ-ի նախագահ Վոլոդյա Խլոյանը (ինքնաբացարկ է հայտնել), համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, Վարդենիս հայրենակցական միության նախագահ Գարսևան Սաղաթելյանը, և որևէ գործունեություն ծավալելու մասին տեղեկատվություն չտրամադրած Գևորգ Սիմոնյանը:
Հենց Գևորգ Սիմոնյանն էլ այսօր Վարենիսի բժշկական կենտրոնում հանդիպելու էր կենտրոնի բուժանձնակազմի հետ, սակայն ԲԿ-ի դռները չեն բացվել, և աշխատակիցները հանդիպման ժամին տեղեկացրել են, որ մարզպետից հրահանգ ունեն՝ թեկնածուի հետ հանդիպմանը չմասնակցելու: Սա էլ պատճառ է դարձել, որ թեկնածուն՝ իր թիմակիցներով, փակի Վարդենիսի ճանապարհը:
«Ճանապարհը փակ է ու չի բացվելու: Պահանջում ենք Գեղարքունիքի մարզպետի հրաժարականը: Անմիջական խոչընդոտում է ընտրությունները, սատարում էր իր համակուրսեցուն՝ ժ/պ թեկնածուին, այսօր արգելք է հանդիսացել մեր հանդիպմանը: Այսօր առավոտ՝ 10-ին, հանդիպում ունեինք հիվանդանոցում, 30 մեքենայով գնացել էինք, իրա հրամանով հիվանդանոցի դռները չեն բացել, չենք կարողացել քարոզարշավ կատարել, հանդիպում անցկացնել»,- մեզ հետ զրույցում պամեց թեկնածուն:
Թեկնածուն վստահեցնում է, որ ճանապարհը չի բացվելու մինչև մարզպետը հրաժարական չտա: «Ուզում է 10 օր լինի, պիտի հրաժարական տա, եթե չէ, Փաշինյանն էլ պիտի հրաժարական տա, էսի մեր երկիրն է, էսի իրանց համար տանցվի պլաշադկա չի»,- նշում է նա:
Գևորգ Սիմոնյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որ մարզպետը փորձ է արել խոչընդոտել իրենց քարոզարշավը: Արդեն մեկ ամիս է, և որևէ մեկի կողմից արձագանք չկա, ինչն էլ իրենց դրդել է նման պահանջով այսօր ճանապարհ փակել:
Մեկնաբանել