HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց «ԵՄ-ն Լոֆթ Գյումրիում» երիտասարդական ծրագիրը

Փետրվարի 9-ին «Գյումրի Լոֆթ»-ում պաշտոնապես մեկնարկեց «ԵՄ-ն Լոֆթ Գյումրիում» երիտասարդական ծրագիրը, որի նպատակն է գյումրեցի երիտասարդների շրջանում բարձրացնել եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների մասին իրազեկվածության մակարդակը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասախոսություններ, քննարկումներ երկրների պատմության, մշակույթի, ավանդույթների վերաբերյալ, անցկացվելու են ազգային խոհանոցի վարպետության դասեր, ազգային երգերի, պարերի ուսուցում, ինչպես նաեւ թատերական ներկայացումների կազմակերպում եւ այլն:

«Գյումրի Լոֆթ»-ի տնօրեն Ամալյա Թումասյանի փոխանցմամբ, իրականացվելիք միջոցառումներն ընդգրկելու են ԵՄ անդամ երկրներից Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Լիտվան, Շվեդիան, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Իտալիան, Չեխիան:

«Մենք պատրաստվում ենք Գյումրիում բացել Եվրամիության տուն եւ «Լոֆթ»-ի հետ այս ծրագրի իրականացումը դրա նախապատրաստումը կլինի»,- բացման խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Վերջինիս կարծիքով, Գյումրին Հայաստանում ամենաեվրոպամետ քաղաքն է: «...Ու միակը, որ ունի «Եվրոպայի հրապարակ»,- ժպտալով հավելեց Պյոտր Սվիտալսկին՝ գոհունակություն հայտնելով, որ ծրագիրը մեկնարկում է հենց Գյումրիում:

Ծրագրին մասնակցություն են ունենալու ներկայացվող երկրների դեսպանատների խոհարարները՝ ազգային խոհանոցի վարպետության դասերն անցկացվելու են նրանց մասնակցությամբ ու ղեկավարմամբ: «Լոֆթ Գյումրին» կհրավիրի արհեստավարժ մասնագետների վարպետության դասեր կազմակերպելու նպատակով՝ յուղանկար, ձեռագործ իրեր, բատիկա եւ կավից իրերի պատրաստում, որից հետո կկազմակերպվի մասնակիցների կողմից ստեղծված աշխատանքների ցուցահանդես:

Արհեստավարժ եւ սիրողական երաժիշտների մասնակցությամբ կկազմակերպվեն համերգային ծրագրեր, հնարավորություն կլինի նաեւ կազմակերպելու թատերական ներկայացումներ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ միասին Եվրամիության անդամ այն երկրների համար, որոնք հետաքրքրված կլինեն: Ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են ֆիլմեր նշված երկրների բնօրինակ լեզվով: Չեն անտեսվելու նաեւ ժամանցային ծրագրերը՝ սեղանի ֆուտբոլ, սեղանի թենիս, տեգեր, վիկտորինաներ եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter