HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյան. «Նախագահները եթե ասելիք ունեն, բնականաբար, պետք է հարցաքննվեն»

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն այն համոզմունքին է, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ամբողջությամբ բացահայտելու «քաղաքական պատվեր կա»:
«Նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր մարտի 1-ի գործով կա ամբողջությամբ բացահայտելու քաղաքական պատվեր: Պատվեր բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ մեր իրավապահ համակարգը, որին տարիներ շարունակ օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակում, փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը հիմա պետք է լուծվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով այն հարցին, որ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են առաջին և երրորդ նախագահները, Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Նախագահները եթե ասելիք ունեն, բնականաբար, պետք է հարցաքննվեն: Կարծում եմ՝ ձեզ բոլորիդ պետք է ուրախացնի այն փաստը, որ չհարցաքննվող պաշտոնյա չկա: Ես նորից պետք է դիմեմ այն պաշտոնյաներին, որոնք տիրապետում են ծավալուն տեղեկատվության այս հարցի ամբողջական բացահայտման համար, որովհետև այլևս թաքցնելու ոչինչ չի լինելու, թող գան, շուտ աջակցեն նախաքննական մարմնին»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե առանցքային պաշտոնյաներ Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում, մարտի 1-ի ամբողջական բացահայտում կարո՞ղ է լինել, Քոչարյանն ասաց.
«Առանցքային ներկայացուցիչներն իրենք էլ արդեն հոգեբանորեն գիտակցում են, որ իրենց՝ երկրի սահմաններից դուրս գտնվելն անիմաստ է: Խոսքը վերաբերում է թե´ պաշտպանության նախկին նախարարին, թե´ նախաքննությունն իրականացրած Վահագն Հարությունյանին: Չգիտեմ Վահագն Հարությունյանն ինչպես է մտածում, բայց ես կարծում եմ, որ պետք է գա ու ներկայացնի այն տեղեկատվությունը, որին տիրապետում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter