
Անդրանիկ Քոչարյան. «Այն կարծիքին եմ, որ հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները»
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջները, իսկ պաշտպանության նախարարի 404 հրամանը վերանայման կարիք ունի:
Այս մասին, մեր հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավորը՝ դիտարկմանը, որ այդ հրամանով զորակոչվում են նաև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները՝ սահմանափակումով ճանաչվելով պիտանի:
«1991 թվականին այդ ցանկը շատ ընդլայնված էր, երբ մենք նոր մտածում էինք զորակոչի մասին... այդ ցանկը մշտական վերանայման կարիք ունի: Ես այն կարծիքին եմ, որ հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները, ուրիշ բան, որ ամբողջ կոնցեպտը պետք է վերանայվի, բայց մենք պետք է վերանայենք ռեսուրսների կորստի հնարավորությունը»,- ասաց նա:
Քոչարյանի համոզմամբ՝ կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում քաղաքացին շարային ծառայության համար պիտանի չէ, բայց այլ ծառայություն կարող է իրականացնել:
«Կարծում եմ՝ ծառայության ամբողջ համակարգը վերանայելու անհրաժեշտություն կա, և ՊՆ ղեկավարության հետ մեր առաջնահերթ ծրագրերի մեջ կպլանավորենք նաև այդ ծրագրերը, կքննարկենք, կտեսնենք ինչպես է ազդում ծառայության ընթացքի վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլից մի շարք հիվանդությունների առկայության դեպքում, որոնց դեպքում նախկինում քաղաքացիներն ազատվում էին պարտադիր զինծառայությունից, այժմ սահմանափակումով պիտանի են ճանաչվում:
Մեկնաբանել