HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «ԱԺ բարձր ամբիոնից ազդարարում եմ համաժողովրդական, տնտեսական հեղափոխության մեկնարկը»

Խորհրդարանը քննարկում է կառավարության ծրագիրը: Նիստին ներկա է կառավարության ամբողջ կազմը: Ծրագիրը ներկայացնում է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը մինչ ծրագիրը ներկայացնելը շնորհավորեց նոր խորհրդարանի պատգամավորներին, իսկ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` նկատեց, որ այն Երրորդ հանրապետության պատմության մեջ բացառիկ ընտրություն էր, քանի որ միջազգային հանրության մեջ գնահատվեցին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական:

«Այս ընտրություններն առաջինն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որի արդյունքները չվիճարկվեցին ոչ ՍԴ-ում, ոչ հանրության շրջանում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր գնացել են ընտրատեղամաս և արտահայտել իրենց քաղաքական կամքը՝ որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելով:

Անդրադառնալով կառավարության ծրագրին` Փաշինյանը ձևակերպեց, թե որն է կառավարության նպատակը՝ հղում անելով ծրագրի առաջին պարբերությանը:

«Մեր նպատակը ձևակերպված է ծրագրի սկզբում. առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ առանքային է տնտեսության ներառականության ապահովումը.

«Մեր երկրի տնտեսական աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից, և ինչպես նախկինում ասել եմ՝ Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա, մեր նպատակադրումն է ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որ ՀՆԱ-ի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ: Սա չի նշանակում, որ մենք բացասական ենք վերաբերվում խոշոր ընկերություններին, մենք  հույս ունենք, որ այդ թիվը կմեծանա, բայց մյուս կողմից ՀՆԱ-ի արդյունքի վրա մեկ ընկերության ազդեցությունը էական չի լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը շեշտեց՝ իրենք նպատակադրվում են առաջիկա հինգ տարիների ընթացքում հասնել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների աճին:

Փաշինյանի վստահեցմամբ՝ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը հանրությունից ստացել է տնտեսական հեղափոխություն անելու մանդատ.

«Եվ մենք հավատում ենք, որ կառավարությունը, խորհրդարանը և հայ ժողովուրդը ունեն բավարար քաղաքական, մտավոր ու բարոյական ներուժ վերը նշված խնդիրները լուծելու համար: Եվ ուրեմն, ինչպես 2018 թվականի ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա ԱԺ բարձր ամբիոնից ազդարարում եմ համաժողովրդական, տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում, և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում»,- ասաց նա:

Իսկ թե ինչպես է կառավարությունն իրականացնելու տնտեսական հեղափոխությունը, վարչապետը նշեց, որ հարցի պատասխանն արտացոլված է կառավարության ծրագրում, որտեղ նշված է, որ ծրագրի գաղափարական հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է:

«Իմ քայլը» դաշինքի գաղափարական հենքն էլ իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն է, սա ասում եմ արձանագրելու համար, որ տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր դարձավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ 2013-ին հիմնադրված ուժին հինգ տարի հարկավոր եղավ ՀՀ-ում ոչ բռնի հեղափոխություն իրականացնելուն հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter