HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Տնտեսական հեղափոխությունն իրական կդառնա, երբ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը»

«Տնտեսական հեղափոխությունն իրական կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը»: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով ներկայացնել կառավարության ծրագիրը:

 «Մեր կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու, և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավարություններ ստեղծելու մեջ»,- ասաց Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարն անդրադարձավ այն քննադատություններին, որ կառավարության ծրագրում թվային ցուցանիշներ գրեթե չկան:

«Հենց սրա մասին է կառավարության այնքան քննադատված ծրագիրը, հենց այս է պատճառը, որ այն հարուստ չէ թվային ցուցանիշներով, եղած թվային ցուցանիշները բավականին համեստ են, սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին, և քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից: Մենք հավատում ենք, որ նման քաղաքացիները լինելու են հարյուր հազարավոր, միլիոնավոր, բայց չենք պատրաստվում կանխատեսումներով վիրավորել նրանց կամքի ազատությունը, և ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ չենք կարող կանխատեսել, նույն կերպ ոչ մի թվային ու ժամանակային ցուցանիշ չկար ՔՊ հանրային-քաղաքական միավորման հիմնարար փաստաթղթում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ փաստաթղթի հրապարակման ժամանակ իրենց հարցնում էին՝ լիբերա՞լ են, թե՞ սոցիալիստ, սոցիալ-դեմոկրա՞տ, թե՞ պահպանողական:

«Եվ մենք պատասխանում էինք, թե այդ կատեգորիաները մեզ չեն հետաքրքում, մեր մտածողությունը ուրիշ հարթության մեջ է, և մեզ համարում էին քաղաքական դիլետանտ: Հիմա էլ մեր ծրագրի վրա են ծիծաղում: Ով չի ալարում մեր կառավարությանը մեղադրում է տնտեսական զարգացման ռազմավարություն չունենալու մեջ, մինչդեռ հեղափոխությունից անմիջապես հետո հստակ հայտարարել ենք, որ տնտեսական զարգացման մեր առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, պայքարը կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, օրենքի գերակայության հաստատումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, հարկային համակարգի պարզեցումը: Մեր այս հայտարարությունները ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ, և նրանք շարունակում են աղաղակել, թե կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային գործոնն է ապահովել հավասար հնարավորություններ և քաջալերել մարդկանց տնտեսական ակտիվությունը, քաջալերել աշխատանքը:

«Աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որով պլանավորում ենք տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել՝ միկրոբիզնես, որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից, խոսքը մինչև 24 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է, հույս ունեմ առաջիկայում կընդունենք այդ օրենքը, որը հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնեսը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այն չափազանց կարևոր է աղքատության հաղթահարման տեսակետից:

Ըստ վարչապետի՝ շատ դեպքերում աղքատության դեմ պայքար հասկացվում է աղքատ մարդկանց սնունդ, հագուստ և այլ միջոցներ մատակարարելը՝ առանց պատասխանելու հարցին՝ հետո ի՞նչ է լինելու:

«Ուզում եմ հստակ ասել՝ աղքատության հաղթահարման մեր պատկերացումն աշխատանքն է, չկա հաղթահարման այլ մեթոդ, քան աշխատանքը, մենք պիտի օգնենք, քաջալերենք, որպեսզի նրանք կարողանան ստեղծել աշխատատեղեր և հաղթահարել աղքատությունը: Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, այլև հոգեբանական երևույթ, մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի, մտածողության  այս տեսակի մասին է ահազանգել Հրանտ Մաթևոսյանն իր «Ծառերը» ստեղծագործության մեջ»,- ասաց Փաշինյանը, ապա ընթերցեց այդ ստեղծագործությունից մի հատված:

Մեկնաբանություններ (1)

Արմեն Կիրակոսյան
Այ մարդ սրանք լրիվ հետաքրքիր են,մենք մեռանք աշխատանք ուզելով,Ալավերդիում,թողեք գոնե աշխատենք չթողենք գնանք էս անտեր քաղաքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։