
Ն. Փաշինյան. «Տեսնում եմ շատ լուրջ մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը ներգրավվել բանակցություններում»
Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախի հարցի կարգավորման հարցին:
«Վերջին ամիսներին Արցախի հարցի զարգացումների վերաբերյալ ամենատարբեր վարկածներն են հնչում, և ինչպես մեր կառավարության ծրագրում է գրված՝ մեզ համար չափազանց կարևոր է, որ Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման հարցում, և մայիսի 9-ից վարչապետ ընտրվելուց հետո Ստեփանակերտում հայտարարել եմ, որ որպես վարչապետ պատրաստ եմ և պիտի բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի անունից որովհետև Արցախի վարչապետը չեմ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:
Փաշինյանը շեշտեց՝ բանակցային շփումներում իր համար կաևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ Արցախին բանակցային գործընթացում ներգրավելը:
«Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը, նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը բանակցություններում Արցախի ներգրավմանն արձագանքում էր հետևյալ կերպ՝ Ադրբեջանն էլ իր հերթին կներգրավի Ղարաբաղի՝ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Սակայն Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այս ընթացքում միշտ մասնակցել է բանակցային ողջ գործընթացին, չի եղել մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի մի պարզ պատճառով. Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական ընտրություններին, իրենք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել, և ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ նման լիազորություն չունի, այդ դեպքում հարց է ծագում՝ Ղարաբաղի գործող իշխանությունն արդյոք լիազորված է ներկայացնել ադրբեջանական հանրության մյուս հատվածներին: Փաշինյանը հարց ուղղեց, թե արդյոք Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված է ներկայացնել ազգային փոքրամասնություններին, և եթե չունի այդ լիազորությունը, ինչպես է խոսում ամբողջ ժողովրդի անունից:
«Մեր կառավարությունն ասում է, որ մենք մանդատ չունենք ներկայացնել Ղարաբաղը ու Ղարաբաղի ժողովրդին, որովհետև Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցել, նրանք ունեն իրենց կառավարությունը և խորհրդարանը: Այս քննակումները, որոնք տեղի են ունենում, ես համարում եմ լուրջ առաջընթաց, տեսնում եմ շատ լուրջ մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը ներգրավվել բանակցություններում, այդ հարցը կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումը եղել է Դավոսում, որի ավարտին Փաշինյանն իր էջում գրել էր, որ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հետ մտքեր է փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի շուրջ: Հանդիպումը տևել է մեկուկես ժամ:
Մեկնաբանել