
Սևանի սիգի պահածոներ են հայտնաբերվել շուկայում այն դեպքում, երբ սիգի արդյունաբերական որսն արգելված է
Սևանա լճի խնդիրները չեն զիջում հանքարդյունաբերությանը: Այսպիսին է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գնահատականը Սևանա լճի վերաբերյալ: Այսօր նա հանրային հաշվետվությամբ էր հանդես գալիս և ոլորտ առ ոլորտ ներկայացնում իրենց աշխատանքը:
Արդյունաբերական նպատակներով սիգի որսն արգելված է, բայց շուկայում հայտնվել են սիգից պատրաստված պահածոներ, որոնք, ըստ ամենայնի, նաև արտահանվում են, քանի որ այլ լեզվով ևս գրառումներ կան նմուշների վրա:
Արթուր Գրիգորյանը սեղանին դրեց սիգ ձկան պահածոները` արտադրված 2018թ. հունիսի 8-ին, մարտի 1-ին Արծվանիստ, Ծովագյուղ և այլ համայնքներում: Դրանցից մեկի վրա որպես արտադրող նշված է «Էլիզա-Գոհար» ՍՊԸ-ն:
Պահածոների նմուշները ներկայացվել են ինչպես ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, այնպես էլ Սննդամթերքի անվտանգության տեսչություն, որպեսզի վերջիններս ուսումնասիրություններ կատարեն, թե որտեղից են շուկայում հայտնվել սիգի պահածոները: Ավելին, ըստ տեսչական մարմնի նախկին ղեկավարի, պետք է պարզել, թե ինչպես է ձեռք բերվել Սևանա սիգը, եթե սիգի որսն արգելված է: Այնուհետև` անասնաբուժասանիտարական հսկողություն պետք է իրականացվի` սննդի անվտանգության նկատառումներով:
Արթուր Գրիգորյանն անդրադարձավ Սևանի վերաբերյալ այլ խնդրահարույց կետերի: Մասնավորապես, «Սևան ազգային պարկ»-ում և հարակից տարածքներում վարձակալությամբ տրամադրված են տարածքներ: Տեսչական մարմինը պետք է համալիր ստուգումներ իրականացներ լճում և հարակից տարածքներում գործունեություն ծավալող, բնակելի և հանգստի գոտիների, ինչպես նաև այնտեղ պետական ծրագրով իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Պետք է գնահատվեին ափամերձ տարածքներում ռեստորանային համալիրների կառուցման օրինականությունը և բնապահպանական չափանիշները, քանի որ այդ օբյեկտների, բացառությամբ երկուսի, որոնք սեփական սեպտիկ հորեր ունեն, ողջ կեղտը լցվում է Սևանա լիճ:
Սևանա լճում, Արթուր Գրիգորյանի նախնական տեղեկությունների համաձայն, խեցգետին է աճեցվում, սակայն ձեռք բերման և արտահանման ծավալները կասկածելի են, քանի որ արտահանումը տասնապատիկ անգամ գերազանցում է ձեռքբերման ցուցանիշներին: Անհրաժեշտ էր պարզել, թե ումից և ինչ քանակությամբ էր ձեռք բերվում այդ խեցգետինը:
Մեկնաբանել