HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծայրաստիճան վատ կառավարում տվյալ ոլորտում». Արթուր Գրիգորյանը` Արտեզյան ավազանի մասին

Արարատյան արտեզյան ավազանում ձկնաբուծական գործունեություն իրականացնող և իրար փոխկապակցված երկու ընկերությունում միլիոնավոր դրամների խախտումներ է հայտնաբերել Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը: Այս մասին այսօր հանրային հաշվետվության ժամանակ հայտնեց Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նա չնշեց ընկերությունների անունները, սակայն տեղեկացրեց, որ դրանցից մեկում իրականացված ստուգման արդյունքում 585 մլն դրամ վնասի հաշվարկ է արձանագրվել ջրօգտագործման պայմանների խախտման հետևանքով: Մյուս ընկերությունում 64 մլն 700 հազար դրամի խախտում է հայտնաբերվել:

Տեսչական մարմնի նախկին ղեկավարի տվյալներով` Արտեզյան ավազանից 2018թ. դրությամբ 1,8 մլրդ խ/մ ջրի արդյունահանման թույլտվություն է տրված խորքային հորերից այն դեպքում, երբ վերականգնվող պաշարը, օրենքով ամրագրված, 1,1 մլրդ խ/մ է:

Միևնույն ժամանակ, անօրինական հորեր են համարվում համայնքային, խմելու, կենցաղային կամ ոռոգման նպատակով հորատածները, մինչդեռ ջրթույլտվություն տրամադրող մարմինը ձկնաբուծական տնտեսություններին թույլտվություն տալիս պետք է հաշվի առնի, որ կան այդպիսի «անօրինական հորեր», որոնք պետք է օրինականացվեն, հաշվարկներ կատարվեն, հետո նոր այլ նպատակներով թույլտվություններ տրամադրվեն:

Արթուր Գրիգորյանը նշում է, որ տեսչական մարմինը չէր կարող ամբողջությամբ լուծում տալ այս խնդրին, քանի որ այն համակարգային է, սակայն իր լիազորությունների շրջանակներում կարող էր հարցեր բարձրացնել այն մարմինների առաջ, որոնք պարտավոր էին այդ լուծումները տալ:

Այդ պատճառով, երբ հարցը դրվում է համակարգային լուծման, խնդիր է առաջանում այն սուբյեկտների շրջանում, որոնք այդ թույլտվությունները տրամադրել են:

Արտեզյան ավազանի առանձին հատվածներում մոտ 14 մետրով ջրի իջեցում կա: Սա նշանակում է, որ համայնքները ջրազրկվում են, հողի խոնավությունը նվազում է, այսինքն` Սևանից ավելի շատ ջուր պետք է բաց թողնել, որ խոնավությունը կորցրած հողերը ջրվեն: «Ծայրաստիճան վատ կառավարում է տվյալ ոլորտում»,- գնահատեց Արթուր Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter