HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարազդատ Կարապետյան. «Բացառիկ հնարավորություն կա մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն»

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման նիստին ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Վերջինս անդրադարձավ կառավարության ծրագրի խնդրահարույց կետերին, որոնց մասին խոսում են լրատվամիջոցները և ընդդիմադիր գործիչները:

Տնտեսական հեղափոխության թեմայի վերաբերյալ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ պետք է հստակ սահմանել, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն, քանի որ, ըստ նրա՝ կան ընկալման տարբերություններ:

«Հնարավոր է՝ մենք ընկալենք տնտեսական հեղափոխությունը որպես մի իրավիճակ, երբ մեր երկրում ավելի շատ արտաքին ներդրումներ են անում: Հնարավոր է՝ ընկալենք իրավիճակ, երբ մեր համախառն ներքին արդյունքը պետք է կրկնապատկվի: Բայց եթե մենք խոսում ենք հեղափոխությունից, ապա նշանակում է, որ դրա տակ պետք է ինչ-որ արժեքների համակարգ լինի, առավելապես, ինչպես հեղափոխության ժամանակ, մարդը գործընթացի ամենակարևոր արժեքն է և այս ամբողջ պրոցեի հիմնական դերակատարը»,- ասաց պատգամավորը:

Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ Հայաստանը բացառիկ հնարավորություն ունի մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն:

«Այսինքն՝ մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը: Եվ հենց այստեղ է հեղափոխությունը: Երբ մեր գործընկերները ուզում են մեզ ճանապարհներ ցույց տալ, պետք է ցույց տան այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան՝ ինչպես անել, որ մարդիկ ավելի շատ ստեղծագործեն մեր երկրում, ավելի լավ աշխատեն մեր երկրում, սիրեն իրենց աշխատանքը, և վերջիվերջո՝ մենք էլ մեր աշխատանքը: Քանի որ այս դահլիճում աշխատանքը տխուր է անցնում: Դա նշանակում է՝ մենք մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ինչը շատ վատ է: Մենք պետք է ժպտանք, և մեր ասելիքը ժողովրդին ժպիտով ասենք»,- նշեց Վարազդատ Կարապետյանը:

Այնուհետև պատգամավորն անդրադարձավ այն պնդումներին, համաձայն որոնց՝ գործող կառավարության ծրագրի նախագիծը նման է նախորդ կառավարության ծրագրին: 

«Եթե վերցնենք «ինչ անել» հարցի տեսանկյունից, գուցե շատ լինեն նմանությունները: Օրինակ՝ նախորդ և այս կառավարության խնդիրներից մեկը ճանապարհ սարքելն է: Բայց հիմնական տարբերությունն այն է, որ մենք հայտարարում ենք, թե ինչ նպատակով պետք է աշխատենք և ինչպես անենք, որի պատասխանը կառավարության ծրագիրը ամբողջությամբ տալիս է՝ ազատ դաշտ ստեղծելով, կոռուպցիայից զերծ հանրություն ստեղծելով: Այսինքն՝ հնարավոր է մենք էլի նույն ճանապարհը կառուցենք, բայց դա կանենք մեր ժողովրդի համար, այլ ոչ թե այն բանի համար, որ Իրանի բեռնատարը Վրաստան անցնի: Իհարկե, դա էլ է շատ կարևոր, բայց մեր երկրի ցանկացած գործողության վերջնանպատակը մարդն է, մեր երկրի քաղաքացին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Այնուհետև Վարազդատ Կարապետյանը խոսեց լավատեսությունից՝ ընդգծելով, որ դա այս պահին կուտակված ամենամեծ ռեսուրսն է, որը պետք է սնվի բոլոր կողմերից: Ըստ Կարապետյանի՝ եթե ուզում ենք, որ երկիրը զարգանա, ապա լավատեսության պաշարը չպետք է թուլանա.

«Բոլորս մեր դերը ունենք: Կառավարությունը իր դերը՝ հավասար պայմաններ ստեղծելով, ժողովուրդը՝ իր ստեղծարար աշխատանքով՝ անընդհատ աշխատելով և սովորելով: Պետք է միջավայր ստեղծել, որպեսզի բոլորս հաճույք ստանանք սովորելուց: Գործոններ կան, որոնք մարդուն դրդում են ծուլության: Ամենակարևոր գործոնը՝ եթե մարդը չի գտնում իր սրտի թելադրած կրթություն և աշխատանքը. եթե չգտավ, գնում է ծուլության: Մենք պետք է այնքան բազմազանություն ապահովենք, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները իրենց սրտի թելադրած կրթությունն ու աշխատանքը գտնեն»,- ասաց պատգամավորը:

Վարազդատ Կարապետյանը ակնկալում է, որ ընդդիմությունը լրացուցիչ ճանապարհներ ցույց կտա, որպեսզի հանրությունը ընտրելու ավելի շատ տարբերակներ ունենա: Պատգամավորը հույս հայտնեց, որ ընդդիմությունը չի սևացնի իշխանության նախանշած ճանապարհները:

Ելույթի վերջում Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունից ակնկալում է ստեղծել այնպիսի հարթակներ, որոնք կապահովեն ձեռնարկությունների անմիջական կապը գործադիրի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter