
Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը
Ազգային ժողովը ձայների 82 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ hաստատեց կառավարության ծրագրի նախագիծը: Քվեարկության ժամանակ, կոճակների խնդիր առաջացավ և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ քարտուղարությունը արձանագրության մեջ կավելացնի մնացած ձայները: Ընդհանուր առմամբ՝ գրանցված էր 128 պատգամավոր:
Հիշեցնենք՝ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել էր փետրվարի 12-ին:
Այսքանով, Ազգային ժողովն ավարտեց առաջին նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա մարտի 5-ին:
Քվեարկությունից առաջ եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը արձագանքեց մտքերի փոխանակման ընթացքում ընդդիմադիր պատգամավորների ուշագրավ խոսքերին: Վարչապետը պարզաբանեց նաև նախորդ օրերին իր հնչեցրած մի շարք հայտարարություններ, որոնք մեծ քննարկման առիթ էին:
Կառավարության ղեկավարը հասցրեց պատմական էքսկուրս կատարել՝ համեմատականներ անցկացնելով Պապ թագավորի օրոք և գործող իշխանության օրոք տարվող քաղաքականությունների միջև՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր այն մոտեցումը, որ տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը ՀՀ քաղաքացին է, և բացի կառավարությունից յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը:
Թարմացում, 17:20. Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված նիստի արձանագրությունից տեղեկանում ենք, որ կառավարության ծրագիրն ընդունվել է 88 կողմ, 40 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նիստի ընթացքում կոճակների հետ կապված խնդրի պատճառով՝ ցուցատախտակը ցույց էր տվել 82 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությունը:
Արձանագրությունից հայտնի է դառնում, որ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր 18 պատգամավորները՝ դեմ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ նիստին ներկա 22 պատգամավորները նույնպես դեմ են քվեարկել, ԲՀԿ-ի մյուս 4 պատգամավորները՝ Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը և Դավիթ Մանուկյանը, բացակայել են նիստից և չեն մասնակցել քվեարկությանը:
Մեկնաբանել