HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ի՞նչ հարցերի են անդրադարձել Քոչարյանի պաշտպանները՝ ՍԴ ներկայացրած դիմումում

Սահմանադրական դատարանն, ինչպես հայտնի է, վարույթ է ընդունել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ: Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ հարցեր են առաջ քաշվել իրենց կողմից ներկայացված դիմումում:

Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածը, նշենք, սահմանում է վճռաբեկ վարույթում Վճռաբեկ դատարանի լիազորությունները:

Վարդևանյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին, օրինակ, կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կամ մերժում է վճռաբեկ բողոքը կամ կայացնում է նոր դատական ակտ:

Մինչդեռ գործն ըստ էության լուծող դատական ակտի քննության դեպքում, որը կարգավորվում է 419-րդ հոդվածի 1-ին մասով,  դատարանին մի շարք լիազորություններ են տրված՝ բեկանել դատական ակտը, ուժի մեջ թողել, ամբողջությամբ կամ մասնակի բավարարել վճռաբեկ բողոքը և այլն:

Ըստ Վարդևանյանի՝ գործն ըստ էության լուծող և չլուծող դատական ակտերի քննության այս տարբերակված մոտեցման տրամաբանությունն այն է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը որոշակի օպերատիվության, արագ քննության ռեժիմ են նախատեսում, ինչը չի կարելի ասել գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում՝ նախևառաջ դրանց ծավալը հաշվի առնելով:

Արամ Վարդևանյանը նշեց, որ առաջին և երկրորդ ատյանի դատարանները հստակ ժամկետներում քննում են կալանքի հետ կապված միջնորդություններն ու միջնորդության վերաբերյալ կայացված դատական ակտերի օրինականությունը՝ նկատի ունենալով, որ հարցն առնչվում է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքին: Վճռաբեկ դատարանում, սակայն, կալանքի հետ կապված քննությունը որևէ հստակ ժամկետով ֆիքսված չէ:

«Այս առումով միակ ժամկետը,  որ առկա է,  եռամսյա ժամկետն է՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

«Իսկ թե վարույթ ընդունելուց հետո գործն ինչ ժամկետում պետք է քննվի, առհասարակ, կարգավորում առկա չէ: Այստեղ առաջանում է գործի ողջամիտ ժամկետներում քննության՝ արդար դատաքննության իրավունքի ճեղքվածք, եթե կարելի է այդպես ձևակերպել»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ըստ Վարդևանյանի՝ վճռաբեկ վարույթում պետք է ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքներ լինեն՝ կալանքի քննությունը ողջամիտ ժամկետում իրացնելու համար, և 419-ի 2-րդ մասը պետք է իրենից ենթադրի հստակ այն ձևով իրացում, ինչպես գրված է օրենքում:

«Այսինքն՝ պետք է կայացվի հետևյալ որոշումներից մեկը. բողոքը մերժել կամ նոր դատական ակտ կայացնել: Բայց ինչպես հայտնի է, մեր իրավակիրառ պրակտիկան այնպիսին է, որ նորմերը կարող են մեկնաբանվել: Իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը սահմանադրականության օբյեկտ ևս հանդիսանում է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ դիմումի գործով դատաքննությունը Սահմանադրական դատարանում տեղի կունենա ապրիլի 9-ին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, քննելով Քոչարյանի խափանման միջոցի գործով նրա պաշտպանների և դատախազության բողոքները, որոշել էր գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության, և Վերաքննիչ դատարանը նրան նորից կալանավորելու որոշում էր կայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter