HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կկարողանան ազատվել պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն առաջարկում է բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը կառավարության վաղվա նիստի օրակարգում է. այն չզեկուցվող է:

Ըստ նախագծի արձանագրության՝ բացառիկ դեպքերը հետևյալներն են.

  • Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:
  • Սպորտի բնագավառում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:
  • Գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:

Նշվում է նաև, որ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունն ընդունվել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին: Oրենքի նախագծով խստացել է ակադեմիական տարկետում ստանալու իրավունքը. տարկետում են ստանում այն քաղաքացիները, որոնք ՊՆ-ի հետ կազմում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառությունից հետո ՊՆ նշված վայրում զինվորական ծառայություն անցնելու մասին:

Օրենքի նախագծի ընդունումից հետո կառավարությունը մշակեց որոշակի կարգ, որի համաձայն մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և արվեստի ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք հնարավորություն ստացան տարկետում ստանալ: Այս նախագծի ընդունումից հետո, չի բացառվում՝ վերոնշյալ չափորոշիչների հիման վրա տարկետում ստացած անձինք ազատվեն զինծառայությունից, եթե պետական լիազոր մարմինն առարկություն չունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter