HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը 3000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանի համար 8 տարի ազատազրկում է պահանջում

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի գործով դատախազն այսօր հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց քննիչ Միքայել Զադոյանին իրեն վերագրվող արարքի համար դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման:

Ըստ դատախազի՝ գործի քննությամբ ձեռք բերված տվյալներով ապացուցվել է Զադոյանին, Գայանե Գալոյանին և Բաբկեն Գասպարյանին վերագրվող արարքները: Նա միջնորդեց կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող Գայանե Գալոյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի համար, ըստ մեղադրող դատախազի, պետք է սահմանվի 4 տարի ժամկետով ազատազրկում, և նրա նկատմամբ համաներում կիրառվի:

Նշենք, որ քաղաքացի Բաբկեն Գասպարյանը 2017 թվականին ԱԱԾ-ին հայտնել է, որ որդու մասնակցությամբ գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում:

Հաղորդումից հետո ամբաստանյալի աթոռին է հայտնվել ինքը՝ Գասպարյանը, որդու գործով քննիչ Միքայել Զադոյանը, փաստաբան Գայանե Գալոյանն ու Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի արդեն նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, որի վերաբերյալ գործը քննվում է անջատված՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի վարույթում:

Ըստ գործի նյութերի՝ Բաբկեն Գասպարյանի որդուն՝ Սոս Գասպարյանին, վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, և որդին նման պայմաններում պետք է ազատ արձակվեր, ինչը, սակայն չի արվել:

Հաղորդում տալուց հետո ԱԱԾ-ն Գասպարյանի մասնակցությամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացրել. Գասպարյանն այցելել է Գայանե Գալոյանի աշխատասենյակ, ինչպես նաև հանդիպել Միքայել Զադոյանին ու որդու գործի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել վերջիններից, և այս ամենը տեսանկարահանվել է:

Ամբաստանյալներ Գայանե Գալոյանն ու քննիչ Միքայել Զադոյանը մեղքը չեն ընդունում, Բաբկեն Գասպարյանն ընդունում է:

Վերջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ են եղել, որի պատճառով դատարանում ցուցմունք տալուց հետո հրապարակվել են նաև նրա նախաքննական ցուցմունքները: Դատարանում ցուցմունք տալիս, Գասպարյանն, ըստ էության, հրաժարվում էր քննիչ Միքայել Զադոյանի դեմ տված իր նախաքննական ցուցմունքներից:

Մեղադրող դատախազն, այս հանգամանքին անդրադառնալով, կարծիք հայտնեց, որ դրա շարժառիթը խղճահարությունն է:  Մեղադրողը նկատեց, որ այն ժամանակ, երբ Բաբկեն Գասպարյանը ցուցմունք էր տալիս դատարանում, նրա որդին՝ Սոս Գասպարյանն, արդեն գտնվում էր ազատության մեջ և հայտնի էր, որ  նրա նկատմամբ կիրառելի է 2018 թվականին հայտարարված համաներումը:

Ըստ մեղադրողի՝ Բաբկեն Գասպարյանի նախաքննական ցուցմունքները հաստատվում են նաև նրա ընտանիքի մյուս անդամների տված ցուցմունքներով:

Այս գործի շրջանակներում ցուցմունք է տվել նաև Քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի նախկին պետը՝ Էդուարդ Սիրականյանը, և ըստ էության Զադոյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ որևէ հանգամանք չի նշել: Ըստ դատախազի՝ Սիրականյանը Զադոյանի գործընկերն է և ցանկացել է պաշտպանության տակ առնել նրան:

Ամբաստանյալներին վերագրվող արարքներն, ըստ դատախազի, հաստատվում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված տվյալներով, քննիչ Միքայել Զադոյանի և փաստաբան Գայանե Գալոյանի միջև տեղի ունեցած ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումներով:

Մեղադրողը մեջբերեց օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում տեսագրված խոսակցությունը Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի մասին: Խոսակցության ընթացքում, ըստ Արա Մնացականյանի, Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանի որդու գործը չստացվելու մեջ մեղադրում է Բաբկեն Գասպարյանին ու ասում, որ վերջինս գումարի մասին «այստեղ-այնտեղ խոսել է», ապա ասել, թե այն տրվել է, որպեսզի Գասպարյանի երկրորդ որդուն ևս չկալանավորեն:

Պաշտպանական կողմը ճառերին պատրաստվելու համար ժամանակ խնդրեց, և դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 5-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter