HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիները փակել էին երկաթգիծը. պահանջում են պղնձաձուլարանի և Թեղուտի հարցով բանակցությունների հնարավորություն ստեղծել

Արդեն 2-րդ օրն է՝ «էյ-Սի-Փի» ընկերության շուրջ 250 աշխատողներ Ալավերդու պղնձաձուլական գործարանին հարող տարածքում փակել են երկաթգիծը և կառավարությունից պահանջում են ստեղծել հնարավորություն՝ պղնձաձուլական գործարանի վերագործարկման նպատակով կառավարության, «ՎՏԲ բանկ»_ի և «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչների բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար:

«Ընդամենը հարցը հասունացել է այնքան, որ կառավարությունն ունի այն լծակները, որը չունենք մենք: Քանի ամիս է արդեն՝ մենք խնդրում ենք, որ մեր հարգարժան կառավարությունը կիրառի գործիքները իր լծակների, որ մի սեղանի շուրջ նստեն բանկի, կառավարության և «Վալլեքսի» ներկայացուցիչները, որպեսզի այս հարցին լուծում տրվի, թե ինչ լուծում՝ դա արդեն երկրորդական հարց է: Բացասական պատասխանն էլ է պատասխան: Հիմա մեր ճակատագիրը առկախված է, քանի որ մինչև այսօր մեզ համար անորոշ է բանկի դիրքորոշումը պղնձաձուլական գործարանի շուրջ, թե վերջիվերջո ինչ է լինելու: Սա լրջագույն խնդիրներ է ստեղծում մեր աշխատանքը վերսկսելու գործում»,- ասաց «Էյ-Սի-Փի»ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Կեսօրին Ալավերդու մշակույթի պալատում տեղի ունեցավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Էյ-Սի- Փի» ընկերության շուրջ 400 աշխատողների նախատեսված հանդիպումը: Մարզպետը պղնձաձուլական գործարանի հետագա կարգավիճակի մասին տեղեկություններ հաղորդեց ցուցարարներին: Ասաց, որ գործարանի աշխատողների ճակատագրի վերաբերյալ մանրամասն զրուցել է երկու փոխվարչապետների և ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ:

«Ես որպեսզի չվնասեմ որևէ բանակցային պրոցես, ինֆորմացիան կտրամադրեմ մաքսիմալ, բայց չեմ կարող ամբողջը տրամադրել, որովհետև դա կվնասի հենց ձեզ: Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրները դիտարկվում են միասին, այսինքն հնարավոր է՝ երկու ընկերությունների աշխատանքը  իրականացվի միաժամանակ»,- հայտնեց  Ա. Ղուկասյանը:

Նա բացատրեց, որ «Կարաստ» ՍՊԸ-ի կողմից դատարան հայց ներկայացնելու պատճառով ձգձգված բանակցությունների արդյունքում միակ օպերատոր Նորիկ Պետրոսյանը հրաժարվել է ՎՏԲ բանկի հետ բանակցություններից: Այսուհանդերձ Ա. Ղուկասյանի ասելով՝ կան ևս 2 ընկերություններ, որոնք այս պահին Թեղուտ ՓԲԸ-ի վերաբերյալ բանակցություններ են վարում բանկի հետ:

Մարզպետը նպատակահարմար չգտավ հրապարակել այդ ընկերությունների անունները: Անդրեյ Ղուկասյանը ներկայացրեց  ՎՏԲ բանկի մոտեցումը Թեղուտ ՓԲԸ-ի և պղնձաձուլական գործարանի վերագործարկման մասին.

«Մոտեցումն այն է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է տրվի այնպիսի օպերատորի, որը կցուցաբերի մասնագիտական մոտեցումև հանքի շահագործումը չի բերի նոր աղետների»,- ասաց նա: Վերջինիս խոսքով՝ ՎՏԲ բանկը պատրաստ է դրա համար վճարել և հրավիրել մասնագետներ.

«Սակայն նորից եմ կրկնում, երկու հարցը՝ Թեղուտ ՓԲԸ-ի և պղնձաձուլական գործարանի,  դիտարկվում է մեկ փաթեթի մեջ և կարող է լուծվել միաժամանակ»,- հավելեց  Ա. Ղուկասյանը:

Նա խուսափեց ժամկետների մասին որևէ տեղեկություն ցուցարարներին հաղորդելուց, քանի որ կառավարության որոշ պաշտոնյաների նախկինում հրապարակած ժամկետները չեն գործել:

«Ինչ որ ինձ ասել են, ես ուղղակի փոխանցում եմ ձեզ: Իմացեք, որ այդ պրոցեսը գնում է ամենօրյա ռեժիմով»,- բացատրեց մարզպետը: ԱՂուկասյանը ցուցարարներին խոստացավ պարբերաբար տեղեկություններ հաղորդել բանակցությունների ընթացքի մասին:

«Ես հանդես եմ գալու որպես ձեր շահերը ներկայացնող»,-ասաց նա: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը մարզպետ Ա. Ղուկասյանի հայտնած տեղեկությունների մեջ անճշտություններ նկատեց: Նրա խոսքով՝ գործարանը ժամանակին գրավադրվել է Թեղուտի հանքավայրի կառուցման շրջանակներում: Սեպտեմբեր ամսից «Թեղուտ»-ն անցել է բանկին: «Թեղուտ» ընկերությունն այլևս «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմում չէ: Թե ինչ իրավական պրոցեսներով է շարժվում Թեղուտ ընկերությունը, դա «Էյ-Սի-Փի» ընկերության հետ կապ չունի:

Լ. Մեջլումյանը հավաքվածներին փորձեց համոզել, որ 4 հազար դոլարի դիմաց Թեղուտ ՓԲԸ-ին դատի տված «Կարաստ» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի պղնձաձուլական գործարանի աշխատանքների հետ: «Եկեք մեկընդմիշտ «Թեղուտ ընկերությունը» և «Էյ-Սի-Փի» ընկերությունը դիտենք տարբեր իրավաբանական միավորներ և առանձնացնենք: Թեղուտի աշխատել-չաշխատելը, գործարանի աշխատել-չաշխատելու հետ կապ չունի: Գործարանն աշխատել է մինչև Թեղուտի աշխատելը և Թեղուտի կանգառից հետո: Մենք ունենք գործարանի հումքի մատակարարման առնվազն երկու աղբյուր: Ես ուզում եմ, որ այդ մոլորությունը վերացվի: Մարդկանց մեջից դուրս գա այն միտքը, որ եթե Թեղուտը չաշխատեց, գործարանն էլ չի աշխատելու»,- ասաց Լ. Մեջլումյանը: Նրա ասելով՝ հիմա գործարանի ճակատագիրը առկախված է նրանից, որ մինչև այսօր «Վալլեքս»-ի համար անորոշ է բանկի դիրքորոշումը պղնձաձուլարանի հարցում: Դա խնդիրներ է ստեղծում գործարանի աշխատանքը վերսկսելու համար:

«Ասեմ, որ 2-3 օր է՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ պարոն Վ. Արամյանը, փորձում է կապ հաստատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, բայց ես չեմ կարող թաքցնել, ամեն օր էս մարդիկ գալիս են, մեզ հարցնում՝ ինչ է լինելու իրենց ճակատագիրը»,- հայտնեց Լ. Մեջլումյանը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը արձագանքեց Լ. Մեջլումյանի առարկություններին: Ասաց՝ որևէ մեկին մոլորեցնելու և որևէ սխալ տեղեկություն տալու նպատակ չունի:

«Բնականաբար «Էյ-Սի-Փի»-ն առանձին ընկերություն է, բայց պատկանում է «Վալլեքս»-ին և նույնպես գրավադրված է ՎՏԲ-ում՝ 308մլն դոլար վարկի դիմաց: Հետևաբար ես նորից եմ կրկնում, ժողովուրդ ջան, բանկը գտնում է, քանի որ պղնձաձուլական գործարանը նույնպես գրավադրված էև գրավի սպասարկում տեղի չի ունեցել, կամ լիարժեք չի եղել, «Էյ-Սի- Փի»-ն նույնպես ՎՏԲ բանկի սեփականությունն է կամ կդառնա: Հետևաբար ՎՏԲ բանկը դիտարկում է այդ երկու ընկերությունները միասին և մեկ հարթության վրա»,- բացատրեց Անդրեյ Ղուկասյանը:  

Անկախ այն բանից, թե ում սեփականությունն է Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ցուցարարներին հետաքրքրում են միայն իրենց աշխատատեղերը և իրենց չմարված վարկերը։ Մարզպետի բացատրությունը չգոհացրեց ցուցարարներին: Նրանք նորից հայտնվեցին երկաթգծի ռելսերի վրա:

Քիչ հետո հայտնի դարձավ, որ ցուցարարների պատվիրակությունը մեկնել է Երևան՝ հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ պղնձաձուլական գործարանի վերագործարկման և իրենց աշխատատեղերը չկորցնելու համար բանակցելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter