HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում բռնության ենթարկված լրագրողների գործի քննությունը կշարունակվի դռնփակ

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում բռնության ենթարկված լրագրողների գործը կասեցումից հետո բողոքարկվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է տուժող լրագրողներ Մարիամ Գրիգորյանի և Գևորգ Ղազարյանի գործի քննությունը։

Այսօրվա նիստը սկսելուց առաջ դատավոր Հարություն Մանուկյանը հայտնեց, որ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում դատախազ Վարդգես Սարգսյանի հետ, եւ մեղադրողին հարց ուղղեց՝  արդյոք իրենց մեջ եղած հարաբերությունները կաշկանդվածություն ստեղծո՞ւմ են ։

Դատախազը հաստատեց, որ նախագահող դատավոր Հարություն Մանուկյանի հետ գտնվում են ընկերական հարաբերությունների մեջ, սակայն պնդեց, որ այդ կապը որեւէ ձեւով չի կարող անդրադառնալ նիստի ընթացքի վրա։

Քանի որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կողմերը չներկայացրին, նիստը շարունակվեց։ Մինչեւ փաստաբան Կարեն Տոնոյանը կներկայացներ բողոքը, դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ խնդրելով նիստն անցկացնել դռնփակ կարգով։

Դատախազը որպես միջնորդության հիմք՝ նշեց այն, որ գործի նախաքննությունը դեռեւս ավարտված չէ, եւ դատարանում կարող են հրապարակվել նախաքննական գաղտնիքներ, ուստի միջնորդեց քննությունն անցկացնել դռնփակ՝ թույլատրելով ներկա գտնվել միայն տուժող լրագրողներին ։

Փաստաբան Կարեն Տոնոյանն առարկեց  միջնորդության դեմ՝ նշելով, որ գործը հանրային հնչեղություն ունի եւ պետք է քննվի դռնբաց։

«Գործն ունի հասարակական մեծ հնչեղություն, վերաբերում է լրագրողներին եւ այլ քաղաքացիներին։ Ելնելով հասարակական պահանջից ու հնչեղությունից, դետալների նկատմամբ մանրամասն քննություն իրականացնելու եւ բացահայտելու պահանջից՝ գտնում եմ, որ պետք է իրականացվի դռնբաց քննություն»,- հայտարարեց փաստաբանը։

Դատարանը որոշեց  միջնորդությունը բավարարել եւ նիստն անցկացնել դռնփակ՝ նիստին թույլ տալով ներկա գտնվել միայն տուժող լրագրողներին՝ առանց նկարահանելու, տեսանկարահանելու եւ ձայնագրելու թույլտվության։

«Հետք»-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Տոնոյանը նշեց՝ քանի որ գործի վարույթը կասեցված է եւ քննությունը շարունակվում է, ուստի դատավորը կարող էր նման որոշում կայացնել։

Ըստ փաստաբանի՝ գործով պատշաճ քննություն չի կայացվել, առկա տեսանյութերում անձինք են եղել, որոնց նախաքննական մարմինը չի հայտնաբերել։

«Գործի մեջ մեղադրյալներ չկան, կասեցման հիմքը սա է, որ բոլոր գործողությունները կատարվել են, բայց հնարավոր չի եղել գտնել հանցանք կատարած անձանց, ուստի կասեցվել է գործի վարույթը, մինչեւ նոր հանգամանքների ի հայտ գալը»,-պարզաբանեց Կ. Տոնոյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը՝ լրագրողներ, 19-ը ճանաչվել են տուժող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter