HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգության ճանաչված Սանահինի վանքի գավիթում խցիկ է տեղադրվել. քահանան պարզաբանում է

Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավիթում նոր խցիկ է տեղադրվել: Այն երեկ լուսանկարել էր զբոսավար Տաթև Խորենյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին էլ է եղել Սանահինում, սակայն այն ժամանակ նման կոնստրուկցիա չի եղել: Զբոսավարը փորձել է վանքի քահանային գտնել՝ տեղեկություններ իմանալու համար, սակայն չի հաջողվել, նրան ասել են, որ հոգևոր հովիվն արդեն գնացել է:

Սանահինի վանական համալիրը կառուցվել է 10-12-րդ դարերում: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը համալիրի ամենամեծ կառույցն է, կառուցվել է 966 թ.:

Սանահինի և Հաղպատի վանքերը իբրև մեկ միավոր ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հայաստանի հուշարձաններից այս ցանկում են նաև Զվարթնոցի տաճարը, Էջմիածնի Մայր տաճարն ու Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները (որպես մեկ միավոր), ինչպես նաև Գեղարդի վանքն ու Ազատ գետի կիրճը (մեկ միավոր):

Սանահինի հոգևոր հովիվ տեր Նահապետ քահանան մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց, թե ինչու է խցիկը հայտնվել գավիթում: Նա նշեց, որ մեկ ամիս է, ինչ խցիկը տեղադրվել է այդտեղ, ապա վստահեցրեց, որ եկեղեցում որևէ քար չի վնասվել: Ըստ քահանայի՝ դա ժամանակավոր ապաստարան կծառայի մոմավաճառի ու քահանայի համար, քանի որ եկեղեցու բակում գտնվող մոմավաճառի խցիկի տանիքը կաթում է ու քամուց էլ պաշտպանված չէ: Մեր զրուցակիցը նշեց, որ եկեղեցում հարմարություններ չկան, և ստիպված է երեխաների երգեցողության դասերն անցկացնել դրսում գտնվող մոմավաճառի խցիկում:

Տեր Նահապետը Սանահինի քահանա է նշանակվել դեկտեմբերին: Նա ասաց, որ գավիթում ժամանակավոր խցիկ դնելու մասին տեղեկացրել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանին, որն էլ, քահանայի խոսքով, տվել է իր օրհնությունը: Տեր Նահապետի հավաստիացմամբ՝ նոր տեղադրված խցիկը ժամանակավոր է, այն հանվելու է, երբ դրսում քարաշեն հովվատուն կառուցվի:

ՀԳ. «Հետքն» առաջիկայում  հանգամանալից կանդրադառնա այս պատմությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter