HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Ալիեւը հստակություն է մտցնում քաղաքական խաղատախտակի վրա»

Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկին Սեդրակյան, օրեր առաջ Իլհամ Ալիեւը հարցազրույցում ասել էր, որ այսօր Ադրբեջանն ունի առավելություններ թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Արդյոք սա զուտ ներքին լսարանի համար ասված խոսք է:

-Ընդհանրապես քաղաքականության մեջ ոչ մի խոսք չի ասվում ներքին եւ արտաքին լսարանների բաժանմամբ: Իհարկե, առավելություններ կան, այսինքն՝ խոսքեր կան, որոնք հիմնականում ուղղված են ներքին լսարանին, խոսքեր կան, որոնք հիմնականում ուղղված են արտաքին լսարանին, բայց այս դարում հասկանալի է, որ երկու լսարաններն էլ տեղյակ են լինելու, եւ խոսքն արտասանողն էլ հասկանում է դա:

Ինձ թվում է, որ այդ հայտարարությունը, շատ տհաճ լինելով հանդերձ, մի կողմից շատ լավ է, որովհետեւ իրատեսական նոտա է մտցնում մեր իշխանությունների քաղաքականության համատեքստում: Հեղափոխությունից անմիջապես հետո թե՛ տարբեր պատգամավորներից, թե՛ քաղաքական վերին էշելոններից խոսքեր հնչեցին, որ Հայաստանի նոր իշխանության հետ մեկտեղ փոխվելու է արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, Արցախի հարցում Ադրբեջանին կարելի է տրամադրել խաղաղության, այսինքն՝ նոր առաջարկներով, թավշյա նոր մոտեցումներով կարելի է տրամադրել խաղաղության, եւ մի շարք փորձագետների ձայները, որ Ադրբեջանի մոտեցումը երբեւէ չի կարող փոխվել, որ ուժեղ դիկտատուրա եւ թույլ դեմոկրատիա հարաբերակցության մեջ ավելի մեծ հավանականություն ունի հաղթելու ուժեղ դիկտատուրան, այդ պնդումները չէին լսվում:

Հիմա բացահայտ է դառնում, որ Ալիեւը հստակություն է մտցնում քաղաքական խաղատախտակի վրա՝ ցույց տալով, որ Ադրբեջանը ոչ միայն զիջումների պատրաստ չէ, այլ նաեւ պատրաստ է ներկայիս պահն օգտագործել՝ ստրատեգիական եւ տակտիկական դիրքային նվաճումների հասնելու համար:

Հայկական կողմը վերջապես պետք է մի կողմ դնի թավշյա հեղափոխության փորձը Ադրբեջանի վրա կիրառելու մտայնությունը, երկրորդ՝ պացիֆիստական ճառերի հետ մեկտեղ պետք է կոնկրետ եւ ռեալ քայլեր ձեռնարկել բանակի ուժեղացման, զինման եւ հասարակության նախապատրաստման ուղղությամբ, որովհետեւ ներկա պահին ինչքան էլ աշխատում ենք բանակի վրա, հասարակության մեջ թեւածում է այն մտայնությունը, որ Արցախը, արցախցիները եւ ամբողջ այդ հերոսամարտի մասնակիցները իրականում ծառայում են հանցավոր ռեժիմին: Ապա ուշադիր նայեք՝ հայկական մամուլում ամենաշատ հիշատակումներն Արցախի մասին Քոչարյանի գրքի շնորհանդեսին արցախյան վերնախավի մասնակցության վերաբերյալ էր, եւ այս ձեւով է Արցախը ներկայանում Հայաստանի ընթերցողին: Բնական է, որ այսպիսի ներկայացումները կարող են շահարկման առիթ տալ: Մինչդեռ Արցախն օրնիբուն պայքար է, գոյության կռիվ է, խաղաղության պահպանման տեսլական է եւ խրամատների ու մարտական գծերից ներս պետություն ստեղծելու փորձեր են, որոնք Հայաստանի մամուլում չեն լուսաբանվում: Լուսաբանվում են արցախյան վերնախավի սխալ քայլերը, բայց վերնախավը բացի այդ քայլերից անում է շատ այլ միջոցառումներ՝ միտված բանակի ամրապնդմանը, որոնք չեն հիշատակվում, չեն լուսաբանվում: Իսկ նման հռետորաբանությունը շատ վտանգավոր է: Պետք է մտածել նորանոր միջոցառումներ բանակի համար, այլ ոչ թե մամուլով եւ սոցիալական ցանցերով ստորացուցիչ ինֆորմացիա սփռել, չարժե, որ մենք աշխատենք Ալիեւին համընթաց:

-Մյուս կողմից՝ Ալիեւն ասել էր, որ այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, ուժն է ծնում իրավունք: Նրա ասելով՝ իրենք կձեռնարկեն բոլոր հնարավոր ջանքերը՝ իրենց երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Սա ակնա՞րկ է ռազմական մեծամասշտաբ գործողություններ սկսելու մասին:

-Իհարկե, ես դրա համար եմ ասում, որ պետք է պատրաստ լինենք, եւ փոխանակ հիմա մեր բոլոր դիվանագիտական ծառայությունները, գերատեսչությունները զբաղված լինեն այդ «ուժն է ծնում իրավունք» հանցավոր թեզի լուսաբանմամբ, մեկնաբանությամբ, այդ թեզի դեմ պայքարով, զբաղվում են բացարձակ ուրիշ բաներով:

Մինչդեռ Ալիեւի այդ հայտարարությունը միջազգային հանրության աչքում հնչում է բավականաչափ երկիմաստ, եւ հայաստանյան արտաքին քաղաքականությունը կարող է դիվիդենտներ շահել այդ հայտարարությունից՝ ամեն տեղ պոպուլարիզացնելով Հայաստանի ժողովրդավարական մոտեցումը եւ այն հակադրելով Ադրբեջանի ագրեսիվ մոտեցման: Նման քայլերը շատ սակավ են: Նաեւ պետք է ասել, որ եթե «ուժն է ծնում իրավունք», ապա ներկա պահին աշխարհում ամենամեծ իրավունք ծնող ուժն ԱՄՆ-ն է, եւ եթե «ուժն է ծնում իրավունք», Հայաստանը փոխանակ այդ հիմնարար ուժի հետ կոնսենսուսի գա, զորքեր է ուղարկում Սիրիա՝ դրանով եւս մի անգամ ականապատելով Հայաստանի միջազգային դիրքը եւ բացառելով հերթական արցախյան գործողություններում միջազգային հանրության ակտիվ միջնորդությունը: Մենք շատ լավ գիտենք ռուսների դիրքը, գիտենք, թե ինչ մոտեցումներ են ցուցաբերում արցախյան հարցում, եւ հասկանում ենք, որ դրանք պրոբլեմատիկ մոտեցումներ են:

Ռուսաստանը շահագրգռված է արցախյան խնդիրը հավերժ թեժ պահելով, եւ, իհարկե, խաղաքարտին դրված է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հարցը: Հայաստանն արդեն ոտով-գլխով այդ «դրախտի» մեջ է, հիմա էլ Ադրբեջանին այնտեղ տանելու համար Ռուսաստանը բոլոր զիջումների կգնա եւ կօգտագործի ցանկացած բարոյական եւ ոչ բարոյական լծակ:

Մենք երբեւէ չենք կարող ստեղծել Ադրբեջանի ֆինանսառազմական պոտենցիալին ադեկվատ պոտենցիալ, այդ հնարավորությունները չունենք: Մեր պոտենցիալը պետք է լինեն բարոյական ոգին, տրամադրվածությունը եւ դիվանագիտական հաղթանակները: Այս ուղղությամբ քայլեր, առաջընթաց չեմ տեսնում:

-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ կարձանագրեք ղարաբաղյան հարցում:

-Անկախ դրանից, թե Հայաստանում ինչ հեղափոխություն է հաղթել, Ռուսաստանը մտածում է իր օգուտի մասին, իսկ այս պահին նրա խնդիրը, խաղաքարտը Հայաստանը չէ, որն ամբողջովին եւ ներկա իշխանությունների քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի տիրապետության ներքո է:

Չենք կարող ասել, թե թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի վերաբերմունքի մեջ ինչ-որ բան կփոխվի, առավել եւս ծիծաղելի է դիտարկել այլոց պնդումներն այն մասին, որ թավշյա հեղափոխությունն ինչ-որ բան կփոխի Ադրբեջանի քաղաքականության մեջ (ես լսել եմ նման պնդումներ տարբեր հանդիպումներում եւ թողարկումներում): Մնում է միջազգային հանրությունը, որն ունի բացարձակ արեւմտյան կողմնորոշում: Մեր պարագայում կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը չի գործում: Մենք հասկանում ենք, որ կարող ենք պնդել, թե ունենք կոմպլեմենտարիզմի քաղաքականություն, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ Սիրիա ուղարկած զորախմբով սահմանն անցանք: Քվեարկությունները մի բան են, իսկ Սիրիա զորախումբ ուղարկելը՝ մեկ այլ բան: Մենք ակներեւ հայտարարեցինք ներռուսական դաշտում գտնվելու մեր գերակայությունը, եւ դրանից հետո միջազգային հանրությունից սպասել կտրուկ քայլեր Արցախի հարցում, շատ դժվար է:

Թավշյա հեղափոխությունն իր բոլոր առավելություններով հանդերձ միջազգային դաշտում շատ քիչ բան կարող է փոխել, որովհետեւ նույնիսկ հիմա միջազգային հանրությունը չի կարող դիտարկել Հայաստանն իբրեւ ժողովրդավարության կենտրոն: Դրա կայացման համար առաջին հերթին անհրաժեշտ են ժողովրդավարական ինստիտուտների ամրացումն ու կայացումը, իսկ Հայաստանում դեռեւս տրանզիտային փուլ է, եւ չենք կարող ասել, որ այդ ինստիտուտներն ամրապնդվել ու կայացել են՝ Ազգային ժողովի քննարկումները վկա եւ ընդդիմության ներկայացուցչությունը հանձնաժողովներում:

Հայաստանը, իհարկե, ինքնիշխանության մասին կարող է շատ հայտարարություններ անել, բայց առայժմ Հայաստանի ինքնիշխանությունը մեծ ռուսական երանգ ունի:

-Տիկին Սեդրակյան, ամեն դեպքում, նոր կառավարության օրոք Արցախի հիմնահարցում, բացի առաջնագծում լարվածության համեմատական նվազումից եւ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի դիրքորոշումից, կա՞ն այլ նկատելի փոփոխություններ:

-Ես կասեմ, որ կատարվել է մեծ դիվանագիտական հաղթանակ, երբ Արցախը վերադառնա բանակցութունների սեղան: Դիրքորոշումը մեկ բան է, կայացած փաստը՝ մեկ այլ բան: Դիրքորոշումն իրականություն դարձնելու համար քայլերի հաջորդականություն է պետք, որ ես չեմ տեսնում, հայտարարությունն անհրաժեշտ նախապայման է, բայց ոչ բավարար:

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Այստեղ համբերությունս չի ներում, որպիսզի չհարցնեմ։ ,,Հայաստանի ինքնիշխանությունը ռուսական երանգ ունի,, ֊ իսկ իր կարծիքով ի՞նչ երանգ պետք է (կամ կարող էր) ունենալ։ Հարկավոր է գոնե մի թեթև նայել 14 ֊ 18 դարերի թուրք ֊ պարսկական ֊ ռուսական ֊ թուրքական պատերազմների պատմությունը, հետևելով Հայերի վիճակի դինամիկային։ Եզրակացություններն իրենք իրենց կգան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter