HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք քաղաքական ինքնությունները

Բոլոր գաղափարական և կուսակցական, քաղաքական բաժանումներից զատ, Հայաստանում փաստացի գոյություն ունի մեկ այլ՝ քաղաքական հիմնարար ճամբարների բաժանում: Կուսակցական բաժանումները փոփոխական են և մակերեսային, ինչը բխում է այդ բաժանումների բնույթից: Այսպես կոչված գաղափարականը, այսինքն՝ տարբեր իդեոլոգիկ ճամբարներին իբր պատկանելը՝ լիբերալ, սոցիալիստական և այլն, Հայաստանում ընդամենը խաղ է, թեև խաղի մասնակիցների կողմից կարող է և չգիտակցվել դրա ձևական, խաղային բնույթը, և ապրվել որպես իրական: Էլ չենք խոսում նրա մասին, որ աշխարհում էլ այս դասական իդեոլոգիկ բաժանումներն ավելի շատ անցյալ երկու դարերի, քան այսօրվա կենդանի իրականություն են:

Հարցն այն էլ չէ, որ մենք վատ հանրություն ենք, և ոչ մի կերպ չենք կարողանում սերտել ճիշտ գաղափարական բաժանումները: Հարցն այն է, որ նման փորձն ի սկզբանե, իր էությամբ իսկ դատապարտված է ձախողման, քանի որ հնարավոր չէ իրապես ապրել և լինել ա՛յն, ինչ չի բխում քո սեփական կենսականից, սեփական փորձից: Սեփական ապրածը գիտակցության և տեսության վերածելու մեխանիզմ մենք չունենք, դրա փոխարեն` փորձում ենք միշտ հագնել ուրիշի շորերը, որոնք հազվադեպ են մեր չափով լինում: Ինչևէ....

Բաժանումը, որի մասին խոսում ենք, ո՛չ կուսակցական է, ո՛չ էլ «գաղափարական»՝ իդեոլոգիկ: Այն շատ ավելի հիմնարար է, կայուն և կենսական: Այն Հայաստանի իրական քաղաքական բաժանումն է: Լինելով, սակայն, առավել խորքայինն, իրականն ու հիմնարարը, այն հիմնականում չի գիտացվում, չի ճանաչվում հենց այդ բաժանման մեջ ապրողներիս և գործողներիս կողմից: Չգիտակցելն ինքնին զարմանալի չէ. անհատ մարդն էլ, հանրությունն էլ ավելի մոտ են անգիտակցականին և բնազդին, քան գիտակցությանը: Եվ հաճախ էլ առավել կարևորն ու կենսականը առավել նվազ գիտակցվողն է՝ ջանք է պահանջում գիտակցվելու համար: Գիտակցությունն ինքնին տրված բան չէ, այլ պայքարով և ջանքով նվաճվող լույս և հասկացություն՝ բնազդի և անգիտակցականի մութ խորքերից: Կարծում եմ` կարիք չկա ապացուցելու այս պարզ հոգեբանական իրողությունը, որը հավասարապես վերաբերում է թե՛ անհատներին, թե՛ հանրություններին:

Ի՞նչ բաժանման մասին է խոսքը:

Կա երեք քաղաքական հիմնարար դիրքորոշում Հայաստանում, ավելի ճիշտ կլիներ ասել երեք քաղաքական ինքնություն՝

ա. Հայաստանյան

բ. Եվրոպական (արևմտյան)

գ. Սովետական-ռուսական

Սրանք հենց ինքնություններ են, ավելին են, քան դիրքորոշումները, որովհետև դիրքորոշումն ավելի գիտակցված, այդու՝ փոփոխելի և վերագնահատելի է, իսկ ինքնությունը վերաբերում է մարդու կենսականին, ապրելուն, աշխարհը զգալու կերպին, և թույլ գիտակցվող է, կամ ընդհանրապես չգիտակցվող: Սրանք նաև չպետք է շփոթել արտաքին քաղաքական կողմնորոշումների կամ նախասիրությունների հետ: Պարզ է, որ երկուսի միջև՝ արտաքին կողմնորոշման և քաղաքական ինքնության, առնչություններ կան և չեն կարող չլինել, բայց դրանք տարբեր էություններ են: Պայմանական արևմտամետը կամ ռուսամետը կարող է լինել հայկական քաղաքական ինքնության կրող, և հակառակը՝ ինքն իրեն հայամետ գիտակցողը կարող է իրականում լինել քաղաքականապես «ռուս» կամ «եվրոպացի»:

Տարբերությունն այստեղ էլ նույնն է, ինչ գաղափարախոսականի և կուսակցականի` մի կողմից, և քաղաքական հիմնարար ինքնության միջև` մյուս կողմից. առաջինները վերաբերում են գիտակցությանը՝ այն, ինչ մարդ ինքն իր մասին կարծում է և «գիտի», իսկ երկրորդը մարդու կենսական իրականությունն է՝ այն, ինչ մարդ ինքն իր մասին կարող է և չիմանալ, և առավել հաճախ հենց չի էլ իմանում: Գիտակցությունը ձևավորվում է «վերևից»՝ դրա ընկալման կերպերը պարտադրվում են անհատին հանրության և «աշխարհի» կողմից, անհատական շատ քիչ բան ունի գիտակցությունը, որքան էլ դա զարմանալի հնչի, իսկ իրական մարդը, ապրողը, «կենդանին» գիտակցությունից դուրս զգացողություններն են, մոտիվներն են, ապրումներն են:

Իմ նշած քաղաքական ինքնություններն, ուրեմն, գիտակցված դոքտրիններ չեն, հայացեկարագեր ու տեսություններ չեն, այլ ապրումներ, զգացումներ, ընդ որում՝ խորքային, հիմնարար, անփոփոխելի՝ ավելի կարևոր ու կայուն, քան գիտակցված դոկտրիններն են: Երեքից յուրաքանչյուրն ունի չգիտակցված դավանանքը, հավատքը, կիրքը, սրբությունները, թույլատրելիի և անթույլատրելիի, քննարկելիի և անքննելիի սահմանները: Երբ կպչում են սրբություններին կամ անցնում են սահմանները, բնազդական ուժեղ արձագանք է լինում: Այդ սուր պահերն առիթ են դառնում, որ բնազդաբար վերապրվածը հասնի գիտակցության, հասկացվի:

Կան զգացումներ, դիրքեր, արձագանքներ, որոնք բացատրելու չեն կամ միայն բացատրելով չեն: Օրինակ, երբ տարվա սկզբին հերթական անգամ «մեյդան ընկավ» սովետական Հայաստանի օրհներգին վերադառնալու բազմաչարչար թեման, դրա շուրջ ծավալված քննարկման մեջ բազմաիթվ փաստարկներ հնչեցին՝ հիմնավոր ու անհիմն, լավ և վատ ձևակերպված, համոզիչ և անհամոզիչ: Բայց հարցը դա չէ, ճամբարների բաժանումը փաստարկների շուրջ չէր, որ տեղի ունեցավ, դա ի սկզբանե տրված բաժանում էր: Իհարկե, կարևոր է փաստարկների համոզիչ լինելը: Բայց որևէ փաստարկ չի կարող հասնել իր նպատակին, եթե չկա դրա մեջ եղած ճշմարտության նախնական վերապրումը: Եթե մարդու համար Հայաստանի անկախության ուղենիշը գաղափարը, դավանանքը, քաղաքական կրոնը չեն, ապա նա չի հասկանա այն զգացողությունը, կիրքը, որը կար օրհներգի թեմայում: Լավագույն դեպքում նրա համար սա կլինի ակադեմիական, չեզոք բանավեճ, որտեղ նա կուզենա զուտ կարծիքներ փոխանակել: Եվ հակառակը՝ մեկը կարող է և չունենալ որևէ փաստարկ, չկարողանա ձևակերպել դրանք, օգտվի այլոց բերած փաստարկներից, բայց խորապես վերապրի թեման:

Քաղաքական դավանանքների կրողները սուր կերպով արձագանքում են յուրաքանչյուրն իրենց սրբությունների, հավատքի հետ կապված թեմաներին: Ամեն մեկն ունի հավատքի իր սահմաններն ու կարծիքի ազատության իր դաշտը: Ոչ ոք իրականում թույլ չի տալիս իր «դավանանքի» սրբությունների շուրջ «կարծիքի ազատություն»:

Օրինակ, երբ ԱԺ ամբիոնից արտասանվեց «ավտորիտար Իրանի» մասին խոսքը, ապա արձագանքողների մի մասը դա համարեց անթույլատրելի, իսկ մյուսն էլ ասաց՝ «կարծիքի ազատություն է»: Թվում է, թե այստեղ պարզ բաժանում է` ով ընդունում է կարծիքի ազատությունը և ով չի ընդունում: Իրականում, եթե նույն ԱԺ ամբիոնից մեկն ասեր «ֆաշիստական Իսրայելը» (տեսակետ, որի կրողն են այսօրվա եվրոպական ձախերից շատերը) կամ «իմպերիալիստական Վաշինգտոնը» կամ էլ «դիկտատոր Պուտինը», կարող էին լինել լրիվ այլ բաժանումներ, և լրիվ այլ մարդիկ գուցե պաշտպանեին «կարծիքի ազատությունն», իսկ ուրիշները, որոնք Իրանի դեպքում կարծիքի ազատության կողմնակից էին ներկայանում, այս դեպքերից մեկում հայտնվեին հակառակ՝ «ազատության սահմանափակողների» ճամբարում: Հայկական քաղաքական ինքնության կրողները դեմ կլինեին ԱԺ ամբիոնից իշխող ուժի պատգամավորի հնչեցրած ցանկացած նման արտահայտության, որովհետև աշխարհը չափում են Հայաստանի չափով: Բայց մյուս ինքնությունների կրողները տարբեր դեպքերում տարբեր կերպ կարող էին արձագանքել: Հարցն, ուրեմն, «կարծիքի ազատությունը» և դրա կողմնակից կամ «չկողմնակից» լինելը չէ՝ հարցն այն է, որ քաղաքական տարբեր ինքնություններ, հավատքներ ունեն տարբեր սահմաններ. որտե՞ղ է սկսվում և ավարտվում կարծիքի ազատությունը և այն հրապարակային հայտնելու իրավունքը:

Այդպես միշտ է եղել աշխարհում, այդպես է նաև այսօր: Օրինակ, հնում Բյուզանդիան, որն իր սահմանների մեջ չէր հանդուրժում նույնիսկ փոքր շեղում պաշտոնական դավանանքից, երբ 9-10-րդ դդ.-ում փորձում էր իր ազդեցությունը տարածել հայկական թագավորություններում, ապա այդ քաղաքականության գործիքներից էր դառնում «դավանանքի ազատությունը»՝ ի՞նչ տարբերություն քրիստոնյաների միջև, բոլորս էլ նույնն ենք՝ այս քարոզները լսվում էին Հայկական եկեղեցու գերիշխանության տակ եղած այն տարածքներում, օրինակ, Վասպուրականում, որտեղ բյուզանդական ներթափանցումն առավել ուժեղ էր: Պատահական չէ, որ հենց Վասպուրականի թագավորությունն էլ առաջինը կորցրեց իր անկախությունը: Բայց նույն Բյուզանդիայում կամ միջնադարյան Եվրոպայում կար կարծիքների ազատության բավականին լայն դաշտ այն թեմաների շուրջ, որոնք չէին համարվում պաշտոնական դավանանքին առնչվող, այդ թվում` կրոնական խնդիրների վերաբերյալ: Ոչ ոք չէր խանգարում միջնադարյան վարդապետներին ազատորեն բանավիճել բազմաթիվ շատ լուրջ և անլուրջ հարցերի շուրջ:

Այսօր էլ, նույն «ավտորիտար Իրանում» կա կարծիքի ազատության իր սահմանը, որ բավականին լայն է, բայց տարբերվում է, ասենք, Արևմուտքում գծած սահմանից: Եթե ընդունում ես իսլամական հասարակարգն այնպես, ինչպես սահմանված է Իրանում, ապա դրա սահմաններում որքան ուզում ես, կարող ես բանավիճել և քաղաքական պայքար մղել՝ ձախ իսլամ, աջ իսլամ, հեղափոխական իսլամ, պահպանողական և այլն: Քաղաքական և հանրային խմբերի բազմազանությունն Իրանում չափազանց խայտաբղետ է: Սա չեմ գրում այն պատճառով, որ ասեմ, թե Իրանը լավն է կամ վատը: Սա որպես օրինակ եմ բերում երկրի, որն ունի իր սեփական սահմանումները քննարկելիի և անքննելիի մասին: Մեկ այլ համակարգ է, օրինակ, արդի եվրոպականը: Նա էլ իրականում ունի իր սահմանները: Այսօրվա Եվրոպայում էլ, ի տարբերություն ասենք 100 տարի առաջվա Եվրոպայի, չես կարող լինել, օրինակ, ռասիստ, հակաֆեմինիստ և այլն, և միաժամանակ հավակնել լուրջ քաղաքական դիրքի: Սա էլ չեմ ասում վատ կամ լավ բնորոշում տալու համար, այլ` որպես օրինակ. ամեն համակարգ ունի իր սահմանները: Դրանք կարող են մի դեպքում մի քիչ ավելի նեղ լինել, կամ մի քիչ ավելի լայն, բայց դա օրինաչափությունը չի փոխում: Ավելի ամուր և վստահ դիրքեր ունեցող հանրությունները կարող են թույլատրել ավելի լայն դաշտ, բայց չկա հանրություն, որը չունենա իր սահմանները: Պարզապես, քանի որ մենք էլ ինչ-որ սահմանների մեջ ենք՝ մեզ բնական են թվում մի սահմանափակումներն, ու վրդովեցնող՝ մյուսները:

Շարադրանքս երկարեց:

Ձևակերպեմ ամփոփիչ խնդիր հետագայի համար:

Հայկական քաղաքական ինքնությունը, որն այսօր ավելի շատ բնազդի մակարդակի ու անգիտակցական է, պետք է ձգտի ինքնագիտակցության՝ ձևակերպի իր սահմաններն ու իր ազատության դաշտը: Այստեղ չկա ավելորդ հավակնություն: Հայկականը չի ուզում իրեն նույն չափման մեջ դնել աշխարհի առավել հզորների հետ, բացարձակ ինքնուրույնության չի ձգտում, բայց իր անկախությունը, ձևից բովանդակություն դարձնելու ճանապարհին, կարիք ունի սեփական համակարգի և ինքնագիտակցության: Միջնադարում էլ մենք քրիստոնյա էինք, այսինքն` ընդունում էին մեզ որպես մեծ արևմտյան համակարգի մաս, բայց դրա սահմաններում մեզ անկախ և ինքնավար էինք հռչակել:

Մեկնաբանություններ (1)

Արտակ Չալգուշյան
Մարդն պաշպանում է այն ինչի հետ իրեն նույնացնում է։ Օրինակ եթե իրեն կարծում է որպես Եվրո-մշակույթի մաս ապա պաշտպանում է դա, եթե իրեն սահմանում է քրիստոնյա ապա պաշտպանոմ է դա, եթե իրեն համարում է երկրագնդի բնակիչ ապա պաշտպանում է դա։ Այս երևույթի խորքային պատճառը իհարկե ինքնապաշտպանման, վերապրելու նախակերտ բնազդն է։ Սա շատ ուժեղ գիտելիք է որով ես հիմա ձեր հետ կիսվեցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter