HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Խոպանից» ուղիղ համայնքապետի աթոռին. Աշոցքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Կարեն Մանուկյանը

Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններում Աշոցքում 5708 ընտրողից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 3287-ը կամ՝ ընտրողների 57,59 տոկոսը: Առաջադրված 7 թեկնածուներից ստացած քվեների քանակով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Մանուկյանն է:

Թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ անկուսակցական Կորյուն Սումբուլյանը ստացել է 118 ձայն, ՔՊ-ական Գուրգեն Գալստյանը՝ 170, Վարդան Ղազարյանը՝ 135, Կարեն Մարտիրոսյանը՝ 435, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Կարեն Մանուկյանը՝ 1276, ՀՅԴ-ական Սուրեն Սարգսյանը՝ 246, Աշոցքի նախկին ղեկավար, անցած նոյեմբերին հրաժարական տված եւ կրկին առաջադրված Արթուր Ալոյանը՝ 804 եւ Կարեն Մարտիրոսյանը՝ 495 ձայն:

Աշոցքում, թեկնածուների մեծ թվով պայմանավորված, ձայների՝ տարբեր թեկնածուների միջև կիսվելու մասին բնակիչները խոսում էին դեռ նախընտրական շրջանում՝ նշելով, որ կգերադասեին ընտրություն կատարել 2 կամ 3 թեկնածուի միջեւ: Աշոցքը 13 տարի ղեկավարած Արթուր Ալոյանն իր ստացած ձայներով 2-րդն է, ըստ աշոցքցիների, նախկինը կկարողանար կրկնել խոշորացման ժամանակ, 2016թ-ի հոկտեմբերին գրանցած արդյունքը, եթե մրցակիցների այդքան մեծ թիվ չլիներ:

«Հետք»-ը նախորդ հրապարակման մեջ փորձել էր հասկանալ, թե այս ընտրություններում խոշորացված համայնքի բնակիչներն ինչպիսի ղեկավար են ընտրելու՝ ՏԻՄ ոլորտում փորձառո՞ւ, թե՞ անփորձ մեկին: Ձայների ամփոփումից հետո կարելի է հստակ ասել, որ բնակիչները սովորույթի ուժով ընտրեցին, այսպես կոչված՝ «թիկունք» ունեցողին՝ Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերոջը:

39-ամյա Կարեն Մանուկյանը ծնունդով Մեծ Սեպասարից է, ունի միջնակարգ կրթություն, երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում: Անցած տարի Հայաստան է վերադարձել երկու անգամ՝ ապրիլյան հեղափոխության օրերին եւ նոյեմբերին, որպեսզի նշանակվի Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

«Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտորդ Էմմա Բաղդասարյանի գնահատմամբ, Աշոցքում տեղի ունեցած ընտրական գործընթացները բավական հանգիստ են ընթացել, չեն եղել խոշոր միջադեպեր: Սակայն տարածած կեղծ ինֆորմացիայի արդյունքում տհաճ իրավիճակում էր հայտնվել թեկնածուներից Կորյուն Սումբուլյանը: Առավոտից շրջանառության մեջ էր դրվել Կորյուն Սումբուլյանի՝ ինքնաբացարկ հայտնելու մասին լուրը եւ հայտարարվել էր, որ քվեաթերթիկում իր անվան դիմաց պետք չէ նշում անել: Կրասար գյուղում տեղակայված 30/08 ընտրատեղամասում Էմմա Բաղդասարյանը պատմեց, որ նման շշուկներ հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց շրջանում եղել է առավոտյան: «Գուցե մտածեի, թե պարզապես խոսակցություններ են առանց հիմքի, եթե նույն ձեւակերպումն արդեն երեկոյան քվեաթերթիկները հաշվելուց չլսեի թեկնածուներից Գուրգեն Գալստյանի վստահված անձից: Երբ հերթական քվեաթերթիկը հանեցին Կորյուն Սումբուլյանի անունով, թիկունքումս կանգնած տիկինը, թե՝ երեւի սխալ են քվեարկել, էդ մարդիկ չիդեի՞ն, օր Սումբուլյանն ինքնաբացարկ է հայտնել»:

Օրվա երկրորդ կեսին Կրասար է այցելել նաեւ Կորյուն Սումբուլյանը: «Էդ լուրն ինձ էլ էր հասել, ու ես ստիպված բոլոր ընտրատեղամասերն այցելել եմ, որ համոզվեն, թե կամ, ինքնաբացարկ չեմ հայտնել: Սա ոչ միայն դիտավորություն է, այլեւ անգրագիտության արդյունք, որովհետեւ ընտրական պրոցեսներից եւ օրենքից հասկացող ոչ մեկ ո՛չ այդ լուրը կտարածեր, ո՛չ կհավատար այդ լուրին՝ հաշվի առնելով, որ թեկնածուների ինքնաբացարկի օր կա, եթե փետրվարի 1-ին ես ինքնաբացարկ չեմ հայտնել, ինչու պետք է դա անեի ընտրության օրը՝ փետրվարի 17-ին, էն էլ, ըստ տարածած կեղծ լուրերի, թեկնածուներից ինչ որ մեկի օգտին»,- հարցնում է Կորյուն Սումբուլյանը:

Կրասարում Կորյուն Սումբուլյանը հավաքել է ընդամենը 7 ձայն: Այս ընտրատեղամասում 377 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 276 ընտրող, ամենաշատ ձայները ստացել է թեկնածուներից Կարեն Մանուկյանը՝ 150 ձայն: Կորյուն Սումբուլյանը չի բացառում, որ նման փնթի, հապճեպ սարքած տեղեկություն հրապարակ նետելը կապված լինի Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման հետ: Փետրվարի 16-ին Լեւոն Բարսեղյանն անդրադարձել է Աշոցքի ընտրություններին եւ նշել, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը հունվարի 31-ին ինքն իրեն չվճարվող արձակուրդ է ուղարկել, սակայն այդ ընթացքում, քարոզարշավին զուգահեռ, հասցրել է 9 որոշում ընդունել՝ կատարելով պաշտոնեական դիրքի չարաշահում:

Լեւոն Բարսեղյանը Աշոցք համայնքի պաշտոնական կայքում հրապարակած որոշումից պարզել է, որ. «Ընդունած որոշումներից մեկով արձակուրդում գտնվող թեկնածուն որոշել է Սիզավետ գյուղում ինքնակամ զբաղեցրած 0,02498 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 68 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութի շենքը ճանաչել օրինական, այն համարել Աշոցք համայնքի սեփականություն, ապա՝ նույն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, այն ընդգրկել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում, այնուհետեւ՝ նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով, այն տրամադրելու առաջարկ անել տվյալ կառույցը իրականացրած քաղաքացի Սասուն Հենրիկի Քոթանջյանին: Հաճելի է չէ՞, անօրինական կառուցը օրինականացնել, հողի կարգավիճակը փոխել եւ ծախել անօրինական կառուցապատողին:

Կարելի է ասել՝ հա ի՞նչ, մարդուն լավություն է անում, բայց հետաքրքիր է՝ չէ՞ր կարելի այդ որոշումը մինչեւ թեկնածու առաջադրվելը, կամ մինչեւ քարոզարշավը ընդունել, կամ թողնել հաջորդ համայնքապետին, կամ, եթե ինքը կընտրվեր, ամսի 18-ին առավոտ կանուխ ընդուներ: Սա այն դեպքն էլ չէ, որ ինչպես ասում էր Սերժիկը «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Պարզվում է կարգին չէ, չէր կարող արձակուրդում եղող մարդը ի պաշտոնե որոշումներ ընդունել: Տեսնես ինչու է Կարեն Մանուկյանը այդպես սրտանց կամեցել էդ լավությունը անել Սիզավետի ապօրինի կառուցապատողին: Կարո՞ղ է դեմը ընտրություններ են եղել: Տեսնես ի՞նչ էին ասում այս լավությանը սերժաբարո ժամանակներում»,- հարցնում է Լեւոն Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter