HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է Սիլվա Համբարձումյանի «տանիքը» կամ ամենազոր գործընկերը

Նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով անցնող Արաքս Դիլանյանը նորից բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանին: Նամակը նույնությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Բաց նամակ

ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Դավթյանին, ՀՀ ՀՔԾ պետ պարոն Ս. Խաչատրյանին ուղղված իմ բաց նամակին որևէ արձագանք չեղավ:

Այդ խուլ լռությամբ հաստատվեց նաև թիվ 62224715 քրեական գործով՝ «կաշառքի գործով», անորոշ ժամկետով պատանդի կարգավիճակ ունենալու հանգամանքը:

Խախտված են իմ սահմանադրական իրավունքները, և ես ստիպված եմ դիմել ՄԻԵԴ: Սակայն, իմ իրավունքների խախտման փաստի արձանագրումն ու անգամ վնասների փոխհատուցումը ոչինչ են՝ իմ առողջականի, իմ ու իմ ընտանիքի հոգեկան ապրումների, իմ գործարար համբավի ու իրական վնասների դիմաց:

Խորհրդակցելով իմ պաշտպանների հետ` ես հասկացա, որ նախ` իմ դեմ տեղի ունեցող ապօրինությունների բողոքարկումները պետք է շարունակել, ապա նաև, ըստ էության, չբացահայտված, լճացած «կաշառքի գործով» նախաքննությանը խթանել, այն հաշվով, որ օր առաջ պարզվեն գործի իրական փաստական հանգամանքները և գործով անցնող անձանց (նաև՝ իմ) գործողություններին իրական իրավական գնահատական տրվի:

Սակայն, գործի քննությանն իմ օժանդակությունն այսուհետ կլինի լրատվական կայքերով գործի իրական փաստական հանգամանքները բացահայտելու միջոցով, որպեսզի քննության նկատմամբ հանրային հսկողություն լինի, և Սիլվա Համբարձումյանի՝ մասամբ կիսատ, մասամբ իրականությանը չհամապատասխանող ելույթների հիման վրա գոյացած ճահիճն ու դրա գարշահոտը վերանա, ապա նաև՝ տեսնենք, թե իրականում այս գործը «կաշառքի վերաբերյալ» գործ պետք է քննվե՞ր, թե՝ «կեղծ ձեռնարկատիրության», «խարդախության», «կանխամտածված սնանկության», «փողերի լվացման», ի վերջո՝ «սուտ մատնության» գործ, որի արդյունքում միայն կպարզվի, թե ովքեր պետք է լինեն մեղադրյալ:

Ես կորցնելու ոչինչ չունեմ՝ ինձ առաջադրված մեղադրանքը փուչ է, այդպիսով լոկ նպատակ են հետապնդում ինձ պատանդ պահել, որպեսզի Արամ Հարությունյանը ներկայանա քննությանը: Անհեթեթություն է, քանի որ պարոն Արամն իմ պատանդ լինելու փաստով չէ, որ պետք է ներկայանա քննությանը, կարծում եմ, որ նա ավելի լուրջ պատճառներ ունի ներկայանալու համար և, թերևս, առավել լուրջ պատճառներ ունի չներկայանալու համար` հաշվի առնելով նախաքննության մարմնի մոտեցումն այս գործին:

Ինչևէ, դա իր խնդիրն է, բայց արդեն պարզ եւ ակնհայտ է, որ ինձ ապօրինի են պահում Հայաստանում, և իմ անձի պատճառով նա չի ներկայանա:

2015թ. սեպտեմբերի 11-ին հարուցված այս քրեական գործով ի սկզբանե միակ մեղադրյալը (փաստացի՝ տուժողը) ես եմ հանդիսացել` իբր որպես կաշառք ստանալուն օժանդակող: 17 ամիս իրականացված քննության արդյունքում կաշառք ստանալու փաստը չհաստատվեց, կաշառք ստանալու փաստով մեղադրյալ չկար, բայց կաշառք ստանալուն օժանդակողն, ի դեմ ինձ, հայտնի էր: Ինձ մեղադրանք է առաջադրվում, խափանման միջոց է ընտրվում՝ կալանավորումը, հետախուզում է հայտարարվում…

Բարեբախտաբար, ՀԿԳ ավագ քննիչի 06.02.2017թ. որոշմամբ գործի վարույթը կարճվում է: Այդ որոշմամբ արձանագրված է, որ «Ս. Համբարձումյանը ողջ նախաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ ունեցած պայմանավորվածության, կաշառքի դիմաց ձեռք բերված ուսումնասիրության հատուկ լիցենզիաների քանակի, դրանք ձեռք բերելու հերթականության, կոնկրետ ընկերությանը պատկանելու աճուրդների մասնակցության և այլ հանգամանքների վերաբերյալ», «…ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ արժողությամբ հանքերևակման լիցենզիաների համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար ծախսելը անտրամաբանական է»:

Այդ նույն որոշմամբ անդրադարձ է կատարվել նաև Սիլվա Համբարձումյանի կողմից «սուտ մատնության» հարցին և որոշվել է՝ նրա նկատմամբ «սուտ մատնության» փաստով քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որ Ս. Համբարձումյանի հայտնած տեղեկությունները ակնհայտ կեղծ են եղել, և որ նրա գործողություններն ուղղված են եղել իրավապահ մարմինների նորմալ գործունեության խաթարմանը, և նա նպատակ է ունեցել կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝ հասնել անմեղ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի 06.02.2017թ. որոշումը շուրջ 16 ամիս անց վերացվեց ՀՀ գլխավոր դատախազի 07.06.2018թ. որոշմամբ, որի դեմ իմ բողոքը դեռևս քննվում է դատարանում: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի՝ 07.06.2018թ. որոշմամբ վերացվել է նաև՝ 06.02.2017թ. որոշմամբ Ս.Համբարձումյանի նկատմամբ «սուտ մատնության» փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասը:  Հենց այդ լույսի ներքո էլ կներկայացնեմ փաստեր և խնդրում եմ այդ ուղղությամբ քննություն իրականացնել:

Քրեական գործի քննությունը նոր իրավիճակում

06.02.2017թ. որոշումը կայացրած քննիչը չէր էլ կարող ենթադրել, որ իր հերթական ասուլիսների ժամանակ տիկին Սիլվան պետք է հայտարարեր, որ 40 մլն $-ոց գործարքն իրականացնելու համար 2008թ. փետրվար ամսվա դրությամբ ՀՀ բնապահպանության նախարարին,  ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին ընդհանուր առմամբ կաշառք է տվել 21մլն $, իսկ 300 մլն ՀՀ դրամ էլ օրինական վճարում է կատարել լիցենզիաների համար: Իսկ 18.02.2019թ. «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում տիկին Սիլվան հայտարարում է, որ.

-Արամ Հարությունյանին 14մլն $ կաշառք է տվել՝ ընտրված 6 հանքերի ուսումնասիրության լիցենզիայիների դիմաց և վերջին գումարը տվել է 2008թ. մարտ –ապրիլ ամսին

- նախագահ Քոչարյանին, վարչապետ Սարգսյանին… 7մլն $ է տվել, որպես նախնական «շնորհակալություն խոշոր գործարքին չխանգարելու համար»:

Հարցեր են ծագում. 

  • Արդյոք 2007-2008թթ. Հայաստանը նախագահակա՞ն պետություն էր, թե՞ նախարարական: Նախագահական պետությունում 14 մլն $ «կաշառք»-ը նախարարին են տալիս, իսկ 7 մլն $ «թեյավճար-շնորհակալություն»-ը՝ նախագահին ու վարչապետի՞ն, թե՞ հակառակը:
  • Արդյոք «խոշոր գործարքին չխանգարելու համար կանխավ շնորհակալությունը» կաշա՞ռք է, թե ոչ:
  • Ի՞նչ խոշոր գործարքի մասին է խոսքը, որին չպետք է խանգարեին պաշտոնատար անձինք, և ինչպե՞ս կարող էին խանգարել այդ գործարքին:
  • Արդյոք խոշոր գործարքը կայացավ:
  • Արդյոք Քոչարյանն ու Սարգսյանը խանգարեցին գործարքին: Եթե չխանգարեցին, ապա ինչու՞ գործարքը չիրականացավ: Իսկ եթե խանգարեցին, ապա ինչու 7 մլն $ հետ չի պահանջվում, փոխարենը ստացված լիցենզիաների դիմաց «կաշառք տված» 14 մլն $-ն է միայն պահանջվում: Կարծես «արդար» չէ:
  • Ինչու՞ էր տիկին Սիլվան շտապում խոշոր գործարքն իրականացնել 2008թ. փետրվարի սկզբին՝ ամենառիսկային ժամանակահատվածում: Մասնավորապես, եթե գործարքն իրականացներ 2008թ. ապրիլի 09-ից հետո, ապա գոնե Քոչարյանին գումար չէր տա, քանի որ նա այլևս «նախագահ-խանգարող»-ի պաշտոնում չէր լինի: Բացի այդ, հայտնի չէր, թե 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում ով կդառնար ՀՀ նախագահ, ով կլիներ վարչապետ և ով կլիներ ՀՀ բնապահպանության նախարարը…
  • Սիլվա Համբարձումյանն ինչու՞ է 09.2015թ. դիմել կաշառքի հարցով, և վերևից ներքև կոռումպացված համակարգն էլ քրեական գործ հարուցեց:
  • Արդյոք այդ գործ հարուցելը հենց Բաղրամյան 26-ի հետ պայմանավորված և Սիլվա Համբարձումյանին մատուցված ծառայություն չէր, և եթե ոչ, ապա ինչու՞ գործ հարուցվեց և/կամ ինչու՞ ամբողջ ծավալով քննություն չիրականացվեց:
  • Այդ գործը հարուցելով ի՞նչ նպատակ էր հետապնդվում՝ Արամ Հարությունյանին պատասխանատվության ենթարկել, ինչը տեղի չունեցավ, թե՞ դա ի պաշտպանություն Սիլվա Համբարձումյանի էր, որպեսզի Ռաս Ալ Խայմա էմիրությունում քննվող քրեական գործին ապացույց ներկայացվի, որ Սիլվա Համբարձումյանը 40 մլն $-ոց հանցավոր գործարքով ստացած գումարները չի յուրացրել, այդ գումարների մի մասը կաշառք է տվել, բիզնեսը ձախողվել է, իրեն վստահված ընկերությունն էլ թիվ ԵԿԴ/0146/04/15 սնանկության գործով 09.2015թ. վճռով սնանկ է ճանաչվել:
  • Այսինքն՝ 2015թ. սեպտեմբերին խիստ անհրաժեշտ էր իրավապահ և դատական համակարգի գործադրմամբ 40 մլն $-ոց հանցավոր գործարքի հետ կապված Սիլվա Համբարձումյանի համար «արդարացման» հիմքեր ստեղծել:
  • Ո՞վ է Սիլվա Համբարձումյանի «տանիքը» կամ ամենազոր գործընկերը, թե՞ պետք է հավատանք, որ քրեական գործն էլ է կաշառքով հարուցել տվել:

Այս և այլ հարցերի պատասխաններն առկա են և «քողարկված» են քրեական գործում, սակայն այդպես էլ քննության առարկա չեն դարձել:

Այսպես.

Դեռևս 2015թ.-ին հանցագործության մասին հաղորդում տալիս Ս. Համբարձումյանը ներկայացրել է այս գործի հիմքում ընկած՝ «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 100 % բաժնեմասերը «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերությանը 40 մլն դոլարով վաճառելու մասին 03.02.2008թ. նախնական պայմանագիրը և 25.03.2008թ. հիմնական պայմանագիրը, դրանց հետ կապված 40 մլն դոլարի գումարային փոխացման և այլ փաստաթղթերը: Տիկին Սիլվան հայտնել է, որ, իբր, այդ գործարքն իրականացնելու համար իրեն անհրաժեշտ է եղել 10 հատ հանքերևակումների ուսումնասիրության լիցենզիա, որոնցից 4 հատը՝ այլ ընկերությունների միջոցով ստանալու, իսկ 6 հատը՝ «ցածր գնով ձեռք բերելու» համար և ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2008թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կաշառք է տվել 14 մլն դոլար, որից 8 մլն դոլարն, իբր, իր հաշվեհամարից 06.02.2008 թ. փոխանցել է իմ հաշվեհամարին, իսկ 6 մլն դոլարը կանխիկ է փոխանցել:

Ի դեպ, 18.02.2019թ. «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում տիկին Սիլվան հայտնեց, որ կաշառքի վերջին գումարները տվել է 2008թ. մարտ-ապրիլ ամիսներին: Նշեմ նաև, որ նա հաճախակի է շփոթում լիցենզիաների թիվը, գումարների չափը, ժամանակահատվածները, որոնք էական են, սակայն ամեն անգամ մի նոր բան է ասում, ինչն իր բացատրությունն ունի:

Օրինակ տիկին Սիլվան կաշառքի գումարն ի սկզբանե 14 մլն $ է նշել, մեկ տարի անց՝ 14 մլն $ +  300մլն ՀՀ դրամ, դրանից հետո՝ 14 մլն $ + 1մլրդ ՀՀ դրամ, իսկ ներկայումս՝ 14 մլն $ + 7 մլն $ «շնորհակալության» գումար: Առանց հեգնանքի, սպասենք հետագա զարգացումներին, քանի 2008թ.-ին թույլ չէին տա նա տնօրինի մնացած 19 մլն $-ը, որից գործարքի մյուս կողմին «օտկատ» էլ է տվել, բայց դրա մասին չի ասում, քանի որ այդ գործարքի ողջ էությունը կբացահայտվի:

Այսպիսով, ի՞նչ գործարքի մասին է խոսքը, ինչու՞ էր տիկին Սիլվան շտապում, ինչու՞ էր աջուձախ «կաշառք-շնորհակալություն» շռայլում իր մեկ լումայի տեղն իմացող այդ կինը:

Նախ ասեմ, որ ինչպես մինչ այդ ունեցած ելույթներում, այնպես էլ 18.02.2019թ. «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում տիկին Սիլվան չկարողացավ նշել անգամ մեկ ընկերություն, որով տնտեսական գործունեություն է իրականացրել և օրինական շահույթ է ստացել: Ուղղակի չկա այդպիսի ընկերություն: Նա Հայաստանում գրանցված իր տասնյակ ընկերություններից որևէ մեկով իրական տնտեսական գործունեություն չի իրականացրել, փոխարենը՝ մշտապես մեկանգամյա «մութ գործարքներ» է իրականացրել:

Իր կողմից նշված 1993-1998թթ. մետաղների արտահանման կոռուպցիոն գործարքներն իրականացնում էին բացառապես իշխանական «կրիշի» տակ գործող ընկերությունների միջոցով: Այդ ոլորտը եթե կաշառքով մուտք գործեր, ապա կարճ ժամանակ անց նրան կա´մ կդատեին, կա´մ յուրայի գործակալ կդարձնեին, կա´մ կսնանկացնեին, քանի որ կաշառքը տրվում էր, որպես ապրանքներն անցկացնելու թույլտվության գումար, իսկ իրավապահ ծառայություններն իրենց գործն էին անում:

Իր գործարքներն իրականացնելու համար տիկին Սիլվան գործի է դրել իր տեղեկացված լինելը, կին լինելու գործոնն (հմայք) ու հնարամտությունը, արդյունքում՝ պաշտոնատար անձանց «կաշառք տալու» փոխարեն կա´մ նրանց ուղղակի «օգտագործել» է, կա´մ էլ՝ որպես սովորական գործընկերոջ, գործարքի մեջ է ներքաշել, և յուրաքանչյուրն իր փայաբաժինն է ստացել: Այս 40 մլն դոլարանոց խոշոր գործարքը դրանցից մեկն է:

Մասնավորապես, տիկին Սիլվան 2007թ. ամռանը տեղեկացվել է, որ ՄԱԷ-ի Ռաս-Ալ Խայմա էմիրության շեյխին պատկանող «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերության գործադիր տնօրենը միլիարդավոր դոլարներ է տնօրինում, և հնարավոր է կեղծ գործարքի քողի ներքո նրա հետ միասին գումարներ հափշտակել այդ ընկերությունից:

Այդ ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ էր.

- տիկին Սիլվային հավուր պատշաճի (հագուկապ, թանկարժեք հյուրանոց, ավտոմեքենա/Բենթլի մակնիշի, տեղեկացված լինել և այլն) ներկայացնել շեյխին, որպես՝ գործարարի: Դրա ֆինանսական հարցը կազմակերպվել է և հանդիպումը կայացել է (այդ մասին Դուբայում եմ իմացել տարիներ անց):

- այնուհետև պետք էր ընտրել վստահություն ներշնչող ոլորտ, որտեղ հնարավոր է տասնյակ կամ հարյուրավոր միլիոնավոր դոլարի (նախատեսվում էր 200 մլն $ ներդրում) ներդրում կատարել՝ առավել մեծ գումարներ ստանալու ակնկալիքով:

Հայաստանում երկընտրանք չկա՝ հանքերը: Անհրաժեշտ էր մի քանի հատ, ասենք՝ 3 հատ, լիցենզիա՝ լրջության համար:

- Ի վերջո շեյխին գործարքը ներկայացնելու համար նաև երաշխիք էր անհրաժեշտ առ այն, որ այդ ամենն իրական է՝ փուչիկ չէ:

Այդպիսի երաշխիքը շեյխին կարող էր տալ Հայաստանի «շեյխը կամ գոնե երկրորդ դեմքը՝ թագաժառանգը», այլ անձի երաշխիքը լուրջ չէր լինի:

Դա էլ է կազմակերպվել՝ Ռաս-Ալ Խայմայի շեյխը հրավերով ժամանել է Երևան, հանդիպել է Չինաստանից Հայաստան վերադարձած պաշտոնատար անձին և տիկին Սիլվային, շեյխին Սևան են տարել (այդ մասին տիկին Սիլվան է պատմել իմ և իմ պաշտպանների ներկայությամբ) և այլն:

Այդ կազմակերպչական աշխատանքներից հետո վրա է հասնում գործարքի, ավելի ճիշտ՝ գումարների հոսքի բաղձալի պահը, և այստեղ է, որ անհրաժեշտ էր պետական լուրջ միջամտություն՝ երկու իմաստով.

  • Առաջինն այն էր, որ՝ Հայաստանի Կենտրոնական բանկը, ԱԱԾ-ն, հարկային մարմինը, դատախազությունը ավելորդ հարցեր չտան փոխառության անվան տակ տիկին Սիլվային պատկանող «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ին փոխանցվող սկզբնական 19 մլն դոլար գումարների և դրանց հետագա ձևակերպումների հետ կապված: Սա չխանգարելու իմաստով:
  • Երկրորդ այն էր, որ հանքերի ուսումնասիրության ընդամենը 3 լիցենզիա ունեցող տիկին Սիլվային պատկանող «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մինչև գործարքն իրականացնելը՝ 31.01.2008թ.-ին Պետռեգիստրում պետք է հաստատվեր ֆանտաստիկ գումարի չափով՝ 23 մլրդ ՀՀ դրամի չափով (մոտ 74,5 մլն $), որպեսզի բաժնեմասերը «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերությանը 40 մլն $-ով օտարելու 25.03.2008թ. պայմանագրով (պայմանագրի նախաբանի 3. մասի վաճառքի գին բաժին) երևար, որ գրեթե կես գնով են գնել այդ բաժնեմասերը, շահեկան գործարք են իրականացրել: Իսկ մի քանի օր անց բաժնեմասերի նկատմամբ «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերության իրավունքը գրանցելիս՝ 28.03.2008թ., զարմանալիորեն 23 մլրդ ՀՀ դրամի փոխարեն կանոնադրական կապիտալը պետք է գրանցվեր՝ 100 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ 230 անգամ պակաս գումար: Արդյոք սա խարդախություն չէ:

Բաժնեմասերի առուվաճառքի 40 մլն դոլարանոց կեղծ գործարքով խոսք անգամ չկար 10 հատ լիցենզիայի մասին և գործարքի հիմքում ընկած 3 լիցենզիաներն էլ զուտ ձևականորեն գործարքն իրականացնելու համար էին անհրաժեշտ, քանի որ դրանց հիման վրա աշխատանքներ իրականացնելու իրական մտադրություն չի էլ եղել: Այդ մասին են փաստում այդ գործարքին նախորդող և հաջորդող գործողությունները:

Մասնավորապես, «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերության և «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի միջև կնքված 12.09.2007թ. Մտադրությունների Հուշագրերում (10մլն $ և 15մլն $ վճարելու մասին) և 10.11.2007թ. Մտադրությունների Հուշագրում  (9840000$ վճարելու մասին) նշված են այն հանքերի տեղանունները, որոնք հետագայում կնքված բաժնեմասերի առուվաճառքի 03.02.2008թ. նախնական և 25.03.2008թ. հիմնական պայմանագրերով (պայմանագրի նախաբանի 3.մասի (1),(2),(3) կետեր) հանդիսանում են 05.10.2007թ. տրված թիվ Լ 54,55,56 լիցենզիաներով նշված հանքավայրերը, ընդ որում դրանցից թիվ Լ 55-ը Սիլվա Համբարձումյանը ձեռք է բերել «ԼՈՒԼԻԱՐ» ՍՊԸ-ի բաժնեմասերը 27.11.2007թ. ձեռք բերելու և այդ լիցենզիան իրեն պատկանող «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ին փոխանցելու միջոցով, իսկ մյուս 2-ը՝ 2007թ. հոկտեմբերին, այսինքն՝ ավելի վաղ, քան ենթադրյալ կաշառքի մասին պատմությունները

Վերոգրյալը փաստում է այն մասին, որ բաժնեմասերի առուվաճառքի 40 մլն դոլարանոց կեղծ գործարքը կնքելու հարցում, որը գրանցում է ստանել Պետռեգիստրում, Արամ Հարությունյանը որևէ առնչություն չէր կարող ունենալ, բացի անձնական շփումներից, եթե եղել են: Իսկ այդ գործարքի հիմքում ընկած 3 լիցենզիաները Ս. Համբարձումյանը փաստորեն ձեռք է բերել 2007թ.-ին, ըստ գործի նյութերի՝ 2-ն առանց կաշառքի, իսկ 1-ը՝ «ԼՈՒԼԻԱՐ» ՍՊԸ-ի բաժնեմասերը 27.11.2007թ. ձեռք բերելու արդյունքում: Այսպիսով, այդ գործարքի կնքման համար ենթադրյալ 14 մլն դոլար կաշառք տալը, հետևապես՝ դրան օժանդակելու իմ մասնակցությունն անհեթեթություն է:

Ճիշտն ասած ինձ համար էլ է հարց ծագել. այդ պատմությունից անտեղյակ, ես ակամա արդյոք Ս. Համբարձումյանի՞ն եմ օժանդակել՝ գումար փոխանցելու հարցում, թե՝ Արամ Հարությունյանի՞ն եմ օժանդակել՝ գումար ստանալու հարցում:

Ես չէի կարող օժանդակել մի մարդու՝ Արամ Հարությունյանին, ում չեմ ճանաչում, իսկ ինձ ակամա այդ գործարքի մեջ ներքաշած անձը «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերության տնօրենի, այսինքն՝ Ս. Համբարձումյանի գործընկերոջ «մարդն» է, հետևապես, ստացվում է, որ ես ակամա Ս. Համբարձումյանին եմ օժանդակել՝ իմ հաշվին փոխանցված գումարները փոխանցելով ինձ անհայտ, բայց Արամ Հարությունյանի մտերիմ հանդիսացող անձանց:

Այն, որ իմ հաշվեհամարին 8 մլն դոլար է փոխանցվել և ինձ դա ներկայացվել է, որպես անշարժ գույքի գործարքի գումար, սակայն հետագայում ես ակամա հայտնվել եմ «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերությունից գումար հափշտակելու, մասնավորապես՝ Սիլվա Համբարձումյանի կողմից իրականացված 40 մլն $-ոց կեղծ գործարքի կենտրոնում՝ դա արդեն իրականություն է, բայց հարց է, թե այդ գումարն իրականում ինչ նպատակով է փոխանցվել և ով է իրական հասցեատերը՝ Ա. Հարությունյանը, նույն Ս. Համբարձումյանը, թե՝ մեկ այլ անձ, ով կազմակերպել և Ս. Համբարձումյանի միջոցով իրականացրել է այդ ամենը: Այս առեղծվածը պետք է բացահայտել:

Կարծում եմ, որ եթե Ա. Հարությունյանը գումար է ստացել և լռում է այդ մասին, ապա այդ գումարը կարող էր լինել Ա. Հարությունյանի մտերիմներին պատկանող, ուսումնասիրության լիցենզիա ունեցող ընկերությունների վաճառքի գումար, քանի որ այդ ընկերությունների վաճառքի գումարն այս գործով չի երևում, իսկ Ա. Հարությունյանը նպատակահարմար չի գտնում և չի ցանկանում այդ մասին խոսել:

Եթե 3 լիցենզիան 40 մլն $-ով է վաճառվում, որոնցից Լ 55-ը ձեռք է բերվել Ա. Հարությունյանի մտերիմին պատկանող «Լուլիար» ՍՊԸ-ի բաժնեմասերի գնման միջոցով, ապա՝ որքա՞ն կարժենա Լ 55 + տիկին Սիլվայի կողմից այլ ընկերություններից ձեռք բերված Լ 59, Լ 63, Լ 64, Լ 66 լիցենզիանների հանրագումարը: 

Ըստ էության՝ այդ լիցենզիաներն էլ տիկին Սիլվային պետք են եղել չկայացած, կամ մեզ անհայտ մեկ այլ գործարքի համար, քանի որ իրական գործունեություն իրականացնելու մտադրություն նա չի ունեցել և հետագայում էլ գործունեություն չի էլ իրականացրել:

Հակառակ տրամաբանությամբ, եթե Սիլվա Համբարձումյանը նախագահին ու վարչապետին 7 մլն $ է տվել այդ գործարքով, որպես չխանգարելու համար շնորհակալություն, և նրանք իրենց անմիջական ենթակաների միջոցով պետք է ապահովեին գործարքը, ապա ինչպես կարող էր որևէ նախարարի, դատախազի կամ այլ պաշտոնյայի մտքով անգամ անցնել խանգարել կամ չօժանդակել Սիլվա Համբարձումյանին, իսկ եթե կաշառքի մասին խոսք լիներ, ապա այդ պաշտոնյան կա´մ կհեռացվեր, կա´մ պատասխանատվության կենթարկվեր: Դա այդ տարիների պետական կառավարման աքսիոման էր՝ անհերքելի ճշմարտությունը, համակարգն այդ սկզբունքով էր աշխատում, հակառակ դեպքում՝ չէր աշխատի: Մասնավորապես, եթե նախարարն էր խանգարող-չխանգարողը, ապա նախագահին ու վարչապետին 7 մլն $ ինչու էր տալիս և հակառակ տրամաբանությամբ նախարարին ինչու էր գումար տալիս, եթե վերևներում հարցերը լուծված են: Տրամաբանություն չկա:

Իսկ Ս. Համբարձումյանն ինչու՞ էր շտապում կամ նրան ով էր շտապեցնում վերը նշված անպատեհ քաղաքական իրավիճակում՝ նախագահական ընտրություններից օր առաջ կնքել «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի բաժնեմասերի առուվաճառքի կեղծ գործարքը:

Առնվազն մեկ պատճառ հայտնի է՝ անգամ մինչև բաժնեմասերի առուվաճառքի 03.02.2008թ. նախնական պայմանագիրը կնքելը նա արդեն 4.1 մլն $ գումար էր ստացել:

Պատկերացնում եք գումար փոխանցողի շտապողականությունն ու պատրաստակամությունը: Սա աննախադեպ է: Ի դեպ այս կապակցությամբ քննություն չի իրականացվել, չի հարցաքննվել այդ 4.1 մլն $ և հետագա 35.9 մլն $ գումար փոխանցողը, չի հարցաքննվել Ս. Համբարձումյանը՝ պարզելու համար, թե Ս. Համբարձումյանը որքան գումար է «օտկատ» տվել, գուցե այդ 4.1 մլն $-ից 4 մլն $-ը՝ 40 մլն $ կեղծ գործարքի 10 %-ի չափով:

Սակայն հարցն ավելի լուրջ է՝ այդ գումարը փոխանցվել է, ոչ թե տիկին Սիլվային, այլ՝ «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ին՝ որպես փոխառություն, իսկ գումարը տնօրինել է Ս. Համբարձումյանը:

Հետագայում պարզվում է, որ Բաժնեմասերի առուվաճառքի 03.02.2008թ. նախնական պայմանագրով իմ հաշվին փոխանցված 8 մլն $ գումարն էլ է ձևակերպվել, որպես՝ «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ին փոխառություն: Դրանից հետո ևս 6,9 մլն $ է նույն հիմքով փոխանցվել և տնօրինվել Ս. Համբարձումյանի կողմից, ընդհանուր՝ 19 մլն $ կամ՝ 5 870 430 000 ՀՀ դրամ, ինչն արձանագրված է «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի բաժնեմասերի առուվաճառքի կեղծ գործարքի 25.03.2008թ. պայմանագրով:

Այս ամենը քննության առարկա չի եղել ո´չ այն ժամանակ, ո´չ էլ ներկայում:

Որպեսզի «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի հաշվին փոխանցված այդ 19 մլն $-ը փաստաթղթավորվի և օրինականացվի, այդ գումարը նախ բաժնեմասերի առուվաճառքի կեղծ գործարքի 25.03.2008թ. պայմանագրում են ներառում, որպես՝ բաժնեմասերի առուվաճառքի 40 մլն $ գնի վճարված մաս, այսինքն՝ Ս. Համբարձումյանի կողմից յուրացված գումար, չհասկանալով, որ բանկային փոխանցմամբ, ֆինանսական հաշվետվություններով, այդ գումարը համարվում է ընկերության սեփականությունը:

Հետագայում, երբ Սիլվա Համբարձումյանը առերեսվում է այդ խնդրի հետ, գործում է իր փորձված ձևով՝ «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ն նախ 01.06.2009թ. անվանափոխում է «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Իվնեսմենթս Արմենիա» ՍՊԸ-ի, այնուհետև՝ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Իվնեսմենթս Քոուքեյժիա» ՍՊԸ-ի, իրավաբանական հասցեն է փոխում, իբր, «հետքերն է վերացնում», այնուհետև, «19 մլն $-ի հարցը լուծելու» իմաստով՝ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Իվնեսմենթս Քոուքեյժիա» ՍՊԸ-ն իր դիմումի հիման վրա թիվ ԵԿԴ/0146/04/15 սնանկության գործով 08.09.2015թ. վճռով սնանկ է ճանաչվում:

Հենց այդ նույն վճռով արձանագրվում է, որ.

«Ընկերության միակ մասնակից, բաժնեմասերի միակ սեփականատեր է հանդիսանում  «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ՍՊԸ-ն: Ընկերության հիմնական նպատակը եղել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրականացումը, որի համար ընկերությունը ձեռք է բերել ՀՀ Սյունիքի մարզի Մրոց-Դարբասի և ՀՀ Տավուշի մարզի Կաղնուտ-Ծակքարի հանքային դաշտի հեռանկարային տարածքներում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու թիվ ԵՀԹ-29/185 և ԵՀԴ-29/184 թույլտվությունները: Երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքն ապահովելու համար ընկերությունը միակ մասնակցից փոխառությամբ վերցրել է որոշակի գումար, որը 31 դեկտեմբերի 2014թ. դրությամբ կազմում է 5.835.577.000 ՀՀ դրամ: Երկրաբանական ուսումնասիրություններն արդյունք չեն տվելև ընկերությունը դիմում է ներկայացրել երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման իրավունքից հրաժարվելու մասին, որի վերաբերյալ 27 հունվարի 2015թ. ստացել է 08-Ա և 09-Ա հրաժարման հավաստագրերը:

Բացի այդ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Իվնեսմենթս Քոուքեյժիա» ՍՊԸ-ի 31.12.2014թ. ֆինանսական հաշվետվությամբ հիմնավորվում են ընկերության ակտիվները, սեփական կապիտալը և պարտավորությունները, համաձայն նշված հաշվետվության ընկերության պարտավորությունները 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 5.735.577 ՀՀ դրամ»:

Այդ վճռից և վերոգրյալից կարող ենք փաստել, որ

-  Սիլվա Համբարձումյանի կողմից անձնական նպատակներով տնօրինված (կաշառք և այլն) 19 մլն $-ը կամ՝ 5 870 430 000 ՀՀ դրամը շուրջ 6 տարի փաստացի արտացոլված է եղել ընկերության ֆինանսական հաշվետվություններում և ձևակերպվել է, իբր, ծախսվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման համար, այսինքն՝ կեղծ հաշվետվություններ են ներկայացվել:

- Ընկերությունը բացառապես երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակ է հետապնդել, իսկ հանքերի շահագործման մասին տիկին Սիլվայի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

Երկրաբանական ուսումնասիրությունները տվյալ դեպքում կեղծ ձեռնարկատիրական գործունեության և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման հրաշալի քող են:

  • Փաստորեն պարզվում է, որ ընկերությանը ոչ մի լիցենզիայից էլ չեն զրկել, ընկերությունը դրանցից կամավոր է հրաժարվել:

Ահա որտեղ է գաղտնիքը, թե ինչու է տիկին Սիլվան աղմկում, իսկ ընկերությունը կամ դրա սեփականատերերը այս գործով որևէ պահանջ չեն ներկայացնում, ասենք տուժող ճանաչվելու իմաստով: Այսինքն՝ սելի փոխարեն սելվորն է ճռռում:

Իսկ այս գործի հետ չառնչվող, տիկին Սիլվայի այլ ընկերությանը պատկանած լիցենզիայից զրկելու պատմությունը, մեկ այլ շոուի նյութ կարող է լինել: Եթե կարիքը լինի իմ պաշտպանները հերթական բացահայտումը կանեն, բայց դա իմ գործին չի առնչվում:

Հարց է ծագում. չէ՞ որ տիկին Սիլվան «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի բաժնեմասերը բարեհաջող օտարել է 40 մլն $-ով, որից էլ 21 մլն $ կաշառք է տվել ու 19 մլն $ շահել է, լավ, նա ինչ առնչություն ունի այդ ընկերության իրավահաջորդ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Իվնեսմենթս Արմենիա» ՍՊԸ-ի, այնուհետև՝ «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Իվնեսմենթս Քոուքեյժիա» ՍՊԸ-ի հետ:

Հանրությանը համացանցից հայտնի է այն պատասխանը, որ այդ գործարքից տարիներ անց Վերահսկիչ պալատը ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել և բարձրաձայնել է տիկին Սիլվայի անունը, որպես՝ նույն հանքավայրերում լիցենզիաների պահանջների խախտմամբ ապօրինի գործունեություն իրականացնող անձի կամ անգամ հանքավայրերի վարձակալած տարածքների վարձավճարները չի վճարում և այլն:

Սակայն ինչպե՞ս է ստացվում, որ «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ի բաժեմասերը վաճառելուց հետո էլ է նրա անունը տրվում այդ հանքերի հետ կապված:

Մի՞թե տիկին Սիլվան իրականում կեղծ գործարք է կնքել

Փաստերը հենց այդ մասին են վկայում: Բաժնեմասերի առուվաճառքի 25.03.2008թ. պայմանագրի 3. կետով սահմանում են, որ՝ «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ն 2 տնօրեն պետք է ունենա, որից մեկը պետք է լինի Սիլվա Համբարձումյանը: Երկու տնօրենի փաստն արդեն իրավական աբսուրդի ժանրից է: Բայց այն մասին է փաստում, որ տիկին Սիլվան 40 մլն $-ով ընդամենը 3 լիցենզիա է վաճառել, որոնք, ըստ էության մնացել են իր տնօրինության տակ:

Ահա այսպես են գործարքն իրականացնում:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը, իսկ ով պետք է լիներ ընկերության տնօրեն, ով պետք է պատասխան տար ընկերության փոխանցված և տիկին Սիլվայի կողմից տնօրինած 19 մլն $-ի համար: Իհարկե՝ տիկին Սիլվան: Ուղղակի որոշ ժամանակ էր պետք այդ գումարները «մաշելու»՝ որպես ծախս ցույց տալու համար, այնուհետև ընկերությունը կտարվեր սնանկության և բոլոր հետքերը կվերացվեին: Ինչը տեղի ունեցավ:

Կրկին հարց է առաջանում. ո՞վ է տիկին Սիլվայի հովանավորը, որ տարիներ շարունակ ո՛չ Կենտրոնական բանկը, ո՛չ հարկային, ո՛չ այլ իրավապահ մարմիններ չեն պարզել այս կլասիկ հանցագործությունների շղթան:

Կարծում եմ, որ վերոգրյալի հիման վրա նախաքննության մարմինը անելիքներ ունի:

Ես որևէ ցուցմունք չեմ տա քանի դեռ պատանդի կարգավիճակում եմ, եթե իմ նկատմամբ օրինական-մարդասիրական վերաբերմունք կլինի՝ մոտ օրերս հնարավորություն ունենամ վերադառնալ Դուբայ, ապա առաջին իսկ պահանջով կներկայանամ, իմ և իմ պաշտպանների միջոցով քննությանը կօժանդակեմ:

Մի դիտարկում էլ լրագրողներին.

Ամեն օր, ամեն պահի սրտատրոփ մամուլին եմ հետևում այն ակնկալիքով, որ հնարավոր է՝ Արամ Հարությունյանը ներկայացել է քննությանը, և ինձ կթույլատրեն վերադառնալ իմ ընտանիքի մոտ, սակայն պարբերաբար «գործարար Սիլվա Համբարձումյանի» մտքի գոհարներին եմ առերեսվում՝ մեր ժամանակվա «Գյուլնազ տատի հեքիաթներին», որոնցում կան իրական փաստեր, սակայն դրանք ներկայացվում են հնարածին պատմությունների ենթատեքստում:

Նախ՝ «գործարար» և «կաշառատու» հասկացությունները հականիշներ են.  «գործարարը»՝ օրինական ճանապարհով արժեքներ ստեղծող, արարող անձն է, իսկ «կաշառք տվողը»՝ գործարար միջավայրն ախտոտող, խափանող, անհավասար պայմաններ ստեղծող և այդ պայմաններում շահ ստացող՝ «պղտոր ջրում խոշոր ձուկ որսացող» անձն է:

Սիլվա Համբարձումյանը, շնորհիվ լրատվական կայքերի հրապարակումների, արդեն կարող է ներկայացվել, որպես հրապարակախոս, որպես աղմկահարույց գործերով վկա, բայց ոչ՝ գործարար:

Կարծում եմ, որ որևէ անձի որպես գործարարի ներկայացնելիս, վերջինիս կայացած տնտեսական գործունեության վերաբերյալ գոնե մեկ օրինակ, մեկ ակնարկ պետք է ներկայացնել, հակառակ դեպքում՝ հնարածին կեղծ կերպար է ներկայացվում և արդեն դրանով պայմանավորված՝ հրապարակումը «ֆեյք նյուզ» է:

Արդյունքում տիկին Սիլվային է արջի ծառայություն մատուցվում՝ հարցազրույցների ժամանակ նա իրեն իրավունք է վերապահում Ձեզ հանդիմանել առ այն, թե ու՞ր էիք նախկինում, ինչու՞ այս կամ այն հարցը չեք լուսաբանում, ակտիվություն չեք ցուցաբերում; Նա ասուլիսների ժամանակ իր մասին երբեմն արդեն երրորդ դեմքով է խոսում, ինչն արդեն վտանգավոր է, ավելին, այդ ամենից ոգևորված՝ Նոր տարվա կապակցությամբ էլ, որպես գործարար, ուղերձով է հանդես եկել, սակայն հարկատուների ցուցակում դժվար կամ անհնարին կլինի գտնել նրա որևէ ընկերությունը:

Սիլվա Համբարձումյանը փորձառու, բանիմաց, հաճելի կին է, յուրահատուկ անձնավորություն է, բայց հանգամանքների բերումով՝ ձախողվել է: Նա մեզնից մեկն է, խնդրում եմ նրան այդքան մի ոգևորեք ու մի ուղղորդեք անկանխատեսելի նոր փորձության:

Հավատացեք, եթե Սիլվա Համբարձումյանն, իրոք, այն միակ խիզախ կին-գործարարը լիներ, ինչպես դուք եք ներկայացնում, նրան վարչապետ Փաշինյանի թիմում կտեսնեիք:

Լուսանկարը՝ shantnews.am-ի

Մեկնաբանություններ (1)

Րաֆի
Վերջապես հայտնվեց այս կնոջ իրականությունը Սիլվա Համբարձումյան ، ով այս հարցում գործընկեր է կառավարության հետ Կառավարությունը խոստացել է պաշտպանել ճնշվածներին, սակայն այս դեպքում իշխանությունը մնում է ճնշողների հետ եւ ոչինչ չի փոխվել Դուք խոսում եք կոռուպցիայի մասին, եւ այս կինը կոռուպցիա է տալիս կաշառակ բոլորի , որ ծիծաղելի չէ . Նոր Կառավարությունը (Նիկոլ Փաշինյանին)կոռուպցիայի դեմ է արել, բայց այս դեպքում դա կոռուպցիայի հետ է ,ցավոք, քանի որ մենք չենք փոխվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter