HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Արսեն Ղազարյան

Սկիզբը

Արսեն Հայկազի Ղազարյանը ծնվել է 1952 թ., Երեւան քաղաքում: Առնչություններ է ունեցել Ազգային միացյալ կուսակցության անդամ Շահեն եւ Մարզպետ Հարությունյանների հետ: Արսեն Ղազարյանն է Շահեն Հարությունյանի եւ Հայաստանի հելսինկյան խմբի մյուս անդամ Ռոբերտ Նազարյանի կալանավորումն ու դատավարությունը լուսաբանող տեղեկություններն ու այլ փաստաթղթեր Մոսկվա հասցրել: Նրա միջոցով են Հայ երիտասարդների միության ապագա անդամներ Վարդան Հարությունյանը եւ Իշխան Մկրտչյանը ծանոթացել Մարզպետ Հարությունյանի հետ ու անդամագրվել ՀԵՄ-ին: Ինքը` Արսեն Ղազարյանը, ընդհատակյա գործունեությամբ չի զբաղվել: Միաժամանակ չի թաքցրել իր հայացքները եւ ազատորեն արտահայտել է իր տեսակետները խորհրդային երկրի ու այդ երկրում տիրող բարքերի մասին: Հաճախել է Կոմայգի (Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին հարող այգու մասին է խոսքը. այսօր` Անգլիական այգի), որտեղ այդ տարիներին հավաքվում էին տարբեր զբաղմունքի տեր մարդիկ ու զրուցում տարաբնույթ, նաեւ` քաղաքական թեմաներով: Ղազարյանը հաճախ է հավաքվածների ներկայությամբ ելույթներ ունեցել ու հայտնել խորհրդային իրականության մասին իր տեսակետները: Կալանավորվել է 1980-ի օգոստոսին: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 69 (ազգային եւ ռասայական իրավահավասարությունը խախտելը) եւ 206-1 (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) հոդվածներով: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել եւ դատավճիռը կայացվել է միմիայն Պետանվտանգության կոմիտեի գործակալների դիմումների եւ դատարանում ու նախաքննության ժամանակ նրանց իսկ տված ցուցմունքների հիման վրա: Դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Նովոսիբիրսկի քրեական կալանավորների համար նախատեսված կալանավայրում: Ազատ է արձակվել 1982-ին եւ մինչեւ գորբաչովյան պերեստրոյկան գտնվել է Պետանվտանգության կոմիտեի մշտական հսկողության տակ: Ապրում եւ աշխատում է Երեւանում:

Պատմում է Արսեն Ղազարյանը

1980 թվականի մայիսի 24-ին մեր տան մոտ մի Գազ-24 կանգ առավ: Մեքենայից դուրս եկան հինգ հոգի, մտան մեր տուն ու սկսեցին խուզարկել: Խուզարկությունը տեւեց չորս ժամ: Ոչինչ չգտան: Ավարտին` ինձ իրենց հետ տարան Պետական անվտանգության կոմիտե եւ սկսեցին հարցաքննել: Դրանից մեկ տարի առաջ` 1979 թ. փետրվարին ինձ տարել էին Կոմունաների անվան այգու մոտակայքում գտնվող իրենց գրասենյակը: Այդ ժամանակ ստուգեցին գրպաններս ու վերցրին փաստաթղթերս, ծոցատետրս եւ մի հոդված` հրեա Բորուքի նամակն ուղղված Կարլ Մարքսին: Զանգահարեցին անվտանգության կոմիտե, այնտեղից մարդ եկավ. հարցաքննեցին, ինչից հետո ասացին, որ կարող եմ գնալ: Հաջորդ օրը գնացի իրենց նույն գրասենյակ ու հետ ստացա փաստաթղթերս ու ծոցատետրս: Ծոցատետրիս մեջ բազմաթիվ հասցեներ ու հեռախոսահամարներ կային, այդ թվում` մոսկովյան այլախոհներ Անդրեյ Սախարովի, Ելենա Սիրոտենկոյի, արտասահմանյան մի քանի թղթակիցների: Այս ամենն արձանագրվել էր դեռ այն ժամանակ: Հիմա` արդեն 1980-ի մայիսին ինձ հարցաքննում էին նախորդ տարվա փետրվարին եղածի կապակցությամբ: Հատկապես հետաքրքրվում էին, թե ինչպես ու ինչ հանգամանքներում եմ ծանոթացել Ելենա Սիրոտենկոյի հետ: Երեք օր անընդհատ հրավիրում էին հարցաքննության: Երրորդ օրը դուրս թողնելուց առաջ զգուշացրին, որ Կոմայգի չգնամ եւ այնտեղ տեղի ունեցող ամենօրյա զրույցներին չմասնակցեմ: Բնական է, որ շարունակում էի ապրել իմ ամենօրյա կենցաղով ու հաճախել Կոմայգի: Օգոստոսի 16-ին ինձ Սպանդարյանի դատախազություն գնալու ծանուցագիր էր եկել: Բայց ես այնտեղ գնացի ոչ թե իրենց կանչած օրը, այլ մի քանի օր անց` օգոստոսի 22-ին: Հենց այդ օրն էլ կալանավորեցին ինձ ու տեղափոխեցին կրկեսի մոտ գտնվող Երեւանի բանտ: Մեղադրանք ներկայացրին 69 եւ 206-1 հոդվածներով, այն է` ազգամիջյան թշնամանք սերմանելը  եւ սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը: Ողջ մեղադրանքը հիմնված էր Կոմայգի այցելող իրենց գործակալների ցուցմունքների վրա: Ինձ անհայտ հինգ երիտասարդներ դիմում էին գրել Պետական անվտանգության մարմիններին` իբր, ես Կոմայգում ունեցած իմ ելույթներում թույլ եմ տվել զրպարտչական հերյուրանքներ սովետների հասցեին եւ վատաբանել ռուսներին: Այդ հինգ երիտասարդներն իրենցից պահանջվող ցուցմունքները տվեցին ե՛ւ առերես հարցաքննությունների, ե՛ւ դատաքննության ժամանակ: Նրանցից ոմանք աչքերիս նայել չէին կարողանում, ամաչում էին, բայց շարունակում էին իրենցը պնդել: Երեւի այլ ելք չունեին: Ոմանք էլ ընդհակառակը` աչքի էին ընկնում իրենց պատրաստակամությամբ:

Դատական նիստ կոչվածն աչքի էր ընկնում զավեշտով: Նախ ներս մտավ դատավորը` ատենակալների հետ, քարտուղարը հայտարարեց` ոտքի, դատարանն է գալիս:

Ես, բնականաբար, մնացի նստած: Նստածս տեղից շուռ եկա ու նայեցի բացարձակ, 100 տոկոսով դատարկ դահլիճին: Ոչ ոք չկար: Անգամ հարազատներիս չէին տեղեկացրել, որ ինձ դատում են: Թե ով պետք է ոտքի կանգներ դատարանի գալու պահին` մնաց անհայտ: Այնուհետեւ մեկին ներկայացրին որպես իմ պաշտպանի, որից ես հրաժարվեցի, սակայն, նա շարունակեց մնալ դահլիճում: Ճիշտ է, ոչ մի բանի չէր մասնակցում, բայց արձանագրվեց, որ դատապաշտպան կա: Ես հրաժարվեցի դատաքննությանը մասնակցելուց: Նստում էի դահլիճում, բայց հարցուպատասխաններին չէի մասնակցում: Դատաքննություն կոչվածը տեւեց երկու օր: Դատապարտեցին ինձ երկու տարի ազատազրկման եւ էտապով, որը մեկ ամիս տեւեց, տարան Նովոսիբիրսկ: Գաղութը քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայր էր: Այնտեղ ես միակն էի քաղաքական հոդվածով: Իմ ով լինելն իմանալով` ե՛ւ հանցագործները, ե՛ւ կալանավայրի աշխատակիցներն ինձ վերաբերվում էին ընդգծված հարգանքով: Բացի գաղութի պետից ու նրա քաղաքական գծով տեղակալից, մնացած բոլորը հետս «դուք»-ով էին խոսում:

Երբ ինձ մնացել էր նստել մի երեք ամիս, ինձ մոտ եկավ Հայաստանի պետանվտանգության կոմիտեի մի աշխատակից: Երկար զրույց ունեցանք ապագայիս, հայացքներիս, անելիքներիս հետ կապված, ու գնաց: Ազատ արձակելուց առաջ ինձ կրկին էտապով բերեցին Երեւան ու տեղավորեցին Սովետաշենի մեկուսարանում: Փաստորեն, ինձ ձերբակալել են Երեւանում ու ազատ են արձակել Երեւանում: Երբ դուրս եկա մեկուսարանից, բակում ինձ դիմավորեց նույն` ինձ մոտ կալանավայր եկած չեկիստը:

Ավտոմեքենայով էր: Առաջարկեց տուն տանել ինձ: Ես հրաժարվեցի` ասելով, որ կարող է ընդամենը քաղաք հասցնել, իսկ տուն կգնամ ինքս: Ինձ հասցրեց կայարան: Կայարանից, կալանավորի հագուստը հագիս՝ առաջին հերթին մտա Կոմայգի, հետո միայն տուն գնացի: Դրանից հետո, մինչեւ սովետների կործանումը, այդ չեկիստն ամեն շաբաթ հանդիպում էր ինձ: Նա, փաստորեն, իմ կուրատորն էր: Օրինական հսկողություն իմ նկատմամբ այդպես էլ չսահմանեցին, բայց ամեն շաբաթ պարտավոր էի հանդիպել նրան: Կոլեկտիվներում, որտեղ աշխատում էի, աշխատակիցներին հաճախ կանչում էին ՊԱԿ, հարցուփորձ անում ինձանից: Շատերը վախեցած էին: Դիմումներ էին գրում` պահանջելով, որ ինձ հեռացնեն իրենց կոլեկտիվից: Վիճակս հատկապես ծանրացավ Անդրոպովի ժամանակ` 1983 թվականին: Միայն գորբաչովյան պերեստրոյկայի հայտարարումից հետո դարձա «տանելի» անձնավորություն: Աշխատում էի «Գարուն»-ում: Մեր կուսակցական կոմիտեի քարտուղարի դուռն այդ շրջանում ինձ համար միշտ բաց էր: Եթե առաջ հենց այդ աշխատասենյակում էր կազմակերպվում ինձ հալածելու գործը, ապա հիմա ես այնտեղ արդեն ցանկալի զրուցակից էի: Պարտկոմն էլ Ջեմմա Հակոբյանն  էր, որն Անկախ Հայաստանի նախագահների աշխատակազմի ներման, քաղաքացիության պարգևների եւ կոչումների վարչության անփոփոխ պետն է:

Արսեն Ղազարյանի գործով կայացված դատավճիռը

(Դատավճիռն ամբողջական է, այն ստացել ենք Ղազարյանի անձնական արխիվից):

                                                                                                                                            Գործ նո15      1980թ

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

1980 թվի հոկտեմբերի 29-ին

նախագահությամբ` Ա. Քեշիշյանի

ատենակալներ`

1.   Մխիթարյան

2. Հ. Հովհաննիսյան

Քարտուղարությամբ` Ս. Բալաբեկյան

Մասնակցությամբ պետական մեղադրող

Դատախազ` Ս. Մարգարյան

  Դատապաշտպան` Ե. Եղիազարյան

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի Արսեն Հայկազի Ղազարյանի ՀՍՍՀ քր. օր 69 եւ 206-1 հոդվածներով:

Արսեն Հայկազի Ղազարյանը ծնվել է 1952թ. Երեւան քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, ամուրի, խնամքին ոչ ոք, միջնակարգ կրթությամբ, անկուսակցական, չդատված, աշխատել է ՀՍՍՀ կարի եւ մանր արդյունաբերության մինիստրության ՇՄՇ- ում՝ որպես որմնադիր, բնակվել է Երեւան Շահումյանի շրջանի Ջիվանի փողոցի նո. 28 տանը: Կալանքի տակ է 1980թ. օգոստոսի 22-ից:

Դատաքննությամբ ստուգված տվյալներով` վկաներ Գ. Հովհաննիսյանի, Գ. Շահվերդյանի, Գ. Ադամյանի, Յու. Ջանգոզյանի, Մ. Ղանդիլջյանի ցուցմունքներով եւ գործում եղած գրավոր մյուս տվյալներով, դատական կոլեգիան ապացուցված համարեց հետեւյալը:

Ամբաստանյալ Ա. Ղազարյանը 1980թ. հունիս եւ հուլիս ամիսներին սիստեմատիկաբար Երեւանի 26 կոմիսարների անվան զբոսայգում 25-35, երբեմն էլ 50 քաղաքացիների ներկայությամբ սովետական ժողովուրդների միջեւ թշնամություն առաջացնելու նպատակով ագիտացիա եւ պրոպագանդա է տարել՝ ասելով, որ ռուս ազգը մյուս ազգերի նկատմամբ ճիշտ քաղաքականություն չի վարում, որ ռուս ազգը լի է շովինիզմով, որ աշխարհին պետք է ղեկավարի հրեա ազգը: Այդ ամենից բացի ամբաստանյալ Ղազարյանը նույն վայրում սիստեմատիկորեն Սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ է տարածել, ասելով ինքը դիտել է «Իտալացին Ամերիկայում» կինոնկարը, գովաբանել է ամերիկյան ապրելակերպը, վատաբանել է սովետական ապրելակերպը: Միաժամանակ նշել է, որ ռուսները գաղութացման քաղաքականություն են վարում, արհամարհում են ՍՍՀՄ-ի մեջ մտնող մյուս ազգերի ներկայացուցիչներին, որ միութենական մյուս հանրապետությունները պետք է ունենան իրենց գաղտնի զինանոցները, զորքը եւ զենք արտադրող գործարանները, որ հարկ եղած դեպքում պաշտպանվեն ռուսներից եւ մյուս ազգերից:

Ամբաստանյալը հավաքված քաղաքացիների ներկայությամբ ասել է, որ ՍՍՀՄ ժողովուրդների միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ գոյություն չունեն: Սովետական ժողովուրդների ղեկավարության հասցեին թույլ է տվել արատավորող ածականներով լի արտահայտություններ:

Ամբաստանյալ Ղազարյանը ձեռք է բերել «նամակ Կարլ Մարքսին ոմն հրեա Բարուքի անունից, որ իբր այն տպագրված է 1928թ. հունիսի 1-ին Փարիզում: նշված «նամակում»  նշված է «մարդկային նոր հասարակության կազմավորման մեջ Իսրաելի որդիները կտարածվեն երկրագնդով մեկ եւ ամենուր կդառնան ղեկավար տարր… այդ «նամակը վերջանում է հետեւյալ բառերով «Այսպիսով Թալմուդի խոստումը, որն ավետում է` երբ Մեսիայի ժամանակը գա, հրեաներիս ձեռքին կլինի աշխարհի բոլոր ժողովուրդների ունեցվածքը»:

Ամբաստանյալը նշված «նամակը» ձեռքին սրան-նրան ցույց տալով՝ համոզմունք է հայտնել, որ աշխարհը պետք է տիրեն հրեաները (գթ. 100):

Ամբաստանյալ Ա. Ղազարյանը նախաքննական իր ցուցմունքներում իրեն մեղավոր չի ճանաչել, պատճառաբանելով, որ ինքը ազգային թշնամություն առաջ բերելու պրոպագանդա կամ ագիտացիա չի տարել, որ Սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող հերյուրանքներ չի տարածել, որ վկաները իրեն զրպարտում են, թե ինչու ինքը ոչինչ ասել չի կարող, նրանց չի ճանաչում:

Դատական նիստում ամբաստանյալ Ա. Ղազարյանը հրաժարվեց ցուցմունք տալուց:

Ամբաստանյալ Ա. Ղազարյանին վերագրվող արարքը հիմնավորված է հետեւյալ ապացույցներով:

Վկաներ Գ. Ադամյանը, Գ. Շահվերդյանը եւ Գ. Հովհաննիսյանը իրենց ձեռքով դիմումներ են գրել ՀՍՍՀ պետական անվտանգության կոմիտեին, ցուցմունքներ են տվել եւ ամբաստանյալ Ա. Ղազարյանին առերես պնդել են, որ ամբաստանյալ Ղազարյանը Երեւանի 26-Կոմիսարների անվան զբոսայգում 1980թ. հուլիսի 20-ի եւ 24-ին հավաքված քաղաքացիների ներկայությամբ ազգային թշնամություն առաջացնելու նպատակով պրոպագանդա եւ ագիտացիա է կատարել՝ ասելով ռուս ազգը հայ ազգի նկատմամբ ճիշտ քաղաքականություն չի վարում, վարում է շովինիստական, գաղութացման քաղաքականություն, արհամարհելով միության մեջ մտնող մյուս ազգերի ներկայացուցիչներին եւ որ միութենական մյուս հանրապետությունները պետք է ունենան Ռուսաստանից գաղտնի իրենց զինանոցները, զենքերը, զենք արտադրող գործարանները, որ հարկ եղած դեպքում պաշտպանվեն մյուս ազգերից, որ օտար ազգերը պետք է հեռացվեն Հայաստանից:     

Ղազարյանը զրպարտչական արտահայտություններ է ցույց տվել Սովետական ապրելակերպի նկատմամբ, գովերգել է ամերիկյան ապրելակերպը (գթ. 1-14, …. 15-23, 50-52, 82-84, 24-30, 52-57, 73-77):

Վկա Մ. Ղանդալջյանի ցուցմունքներով հիմնավորված է, որ ինքը 1980թ. հուլիսի 20-ին ժամը 15-14-ի սահմաններում եղել է 26 կոմիսարների զբոսայգում տեսել է, թե ինչպես ամբաստանյալը ելույթ է ունենում 50-60 մարդու ներկայությամբ եւ քաղաքական տեսակետից անառողջ մտքեր էր արտահայտում` վիրավորական խոսքեր էր ասում ռուս ազգի նկատմամաբ եւ ածականներով զրպարտչական արտահայտություններ անում ղեկավարների հասցեին (գթ. 37-38, 45-67, 103-109):

Ամբաստանյալ Ղազարյանի պատճառաբանությունն այն մասին, որ վկաներ Գ. Հովհաննիսյանը, Գ. Շահվերդյանը, Գ. Ադամյանը, Յու. Ջանգոզյանը եւ Մ. Ղանդիլջյանը իրեն զրպարտում են անհիմն է, քանի որ նշված վկաները մինչ դեպքի օրը ամբաստանյալին չեն ճանաչել եւ նրան զրպարտելու համար որեւէ պատճառ չի եղել: Ամբաստանյալին  վկաների հետ առերես հարցաքննելիս ամբաստանյալը հայտնել է, որ ինքը վկաներին չի ճանաչում:

Ամբաստանյալ Ղազարյանի պատճառաբանությունը այն մասին, որ գործով անցնող վկաները իրեն զրպարտում են, անհիմն է եւ այն նպատակ է հետապնդում պատասխանատվությունից խույս տալ:

Դատական կոլեգիան, վերլուծության ենթարկելով գործի ամբողջ տվյալները, գտնում է, որ ամբաստանյալ Ա. Ղազարյանին վերագրվող արարքը հիմնավորված է եւ նրա արարքը ՀՍՍՀ քր. օրի 69 եւ 206-6 հոդվածներով ճիշտ է որակված:

Ամբաստանյալ Ա. Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանելիս դատական կոլեգիան հաշվի է առնում ինչպես կատարված արարքի վտանգավորությունը, այնպես էլ ամբաստանյալի ինքնությունը, որ նա նախկինում արատավորված չի եղել, աշխատանքում բնութագրվում է դրական առումով:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օր 293-294 հոդվածներով՝ ՀՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Արսեն Հայկազի Ղազարյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր. օր 69 եւ 206-1 հոդվածներով եւ դատապարտել քր. օր 69 հոդվածով ազատազրկման երկու տարի ժամանակով, քր. օր 206-1 հոդվածով երկու տարի ժամանակով ազատազրկման, քր. օր 37 հոդվածի համակցությամբ թողնել կրելու ազատազրկում երկու տարի ժամանակով, սահմանել, որ պատիժը կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվել 1980թ. օգոստոսի 22-ից:

Սույն դատավճիռը վճռաբեկության կարգով բողոքարկման եւ գանգատարկման ենթակա չէ:

ՆԱԽԱԳԱՀ` Ա. Քեշիշյան

ԺՈՂԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ` ստորագրություն

ԻՍԿԱԿԱՆԻ ՀԵՏ ՃԻՇՏ Է

ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. Քեշիշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter