HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում, Հելսինկյան խումբ․ Էդուարդ Հարությունյան

սկիզբը

Իրավապաշտպան, Հայկական հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը դատապարտվել է երկու անգամ` 1980 եւ 1983 թվականներին: Ի տարբերություն այլ քաղբանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռների, որոնք պահվում են ԱԱԾ արխիվում, Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճիռները գտնվում են Դատական դեպարտամենտի արխիվում: Հավանաբար, պատճառն այն է, որ որոշ մարդկանց նկատմամբ, նրանց թվում նաեւ` Էդուարդ Հարությունյանի, Պետական անվտանգության կոմիտեի հանձնարարությամբ` նախաքննությունը վարել է ոչ թե ՊԱԿ-ի քննչական ծառայությունը, այլ դատախազությունը կամ այլ քննչական մարմին, եւ քանի որ թղթաբանությունը ՊԱԿ-ում չի իրականացվել, դատավճռի հրապարակումից հետո ուղարկվել է իրենց սեփական արխիվ: Պատճառը կարող է նաեւ այլ լինել, բայց դա արդեն կարեւոր չէ։ Նույն ճակատագիրն է ունեցել նաեւ Շիրակ Գյունաշյանի նկատմամբ կայացված երկրորդ դատավճիռը, որը նույնպես` առանց դժվարությունների ստացել ենք Դատական դեպարտամենտի արխիվից: Այնտեղից դատավճիռներ ստանալն անհամեմատ հեշտ էր: Այնտեղ, ի տարբերություն ԱԱԾ-ի, արհեստական ու մտացածին խոչընդոտներ չեն հարուցվել: Այս արխիվից ստացված դատավճիռները ձեռագիր վիճակում էին եւ շատ հաճախ` դժվար ընթեռնելի, հատկապես` Էդուարդ Հարությունյանի նկատմամբ կայացված առաջին դատավճիռը: Դատական  դեպարտամենտի արխիվում են պահվում նաեւ այն մարդկանց նկատմամբ կայացված դատավճիռները, որոնց, ծավալած քաղաքական գործունեության համար, Պետական անվտանգության կոմիտեի հանձնարարությամբ, դատապարտել են մտացածին ու հորինված քրեական գործերով: Այս հորինված գործերով նախաքննությունները վարել են միլիցիայի շրջանային բաժինները կամ շրջանային դատախազությունները, եւ ըստ այդմ` դատավճիռները գտնվում են տարածքային արխիվներում, որոնք այսօր դեռեւս համակարգման փուլում են, եւ այնտեղ որեւէ բան գտնելը մեծ դժվարությունների հետ է կապված: Այս առումով քիչ թե շատ համակարգված է Գերագույն դատարանին առնչվող արխիվը: Հենց այդ արխիվից էլ ստացել ենք Էդուարդ Հարությունյանի դատավճիռները:

Էդուարդ Բագրատի Հարությունյանը ծնվել է 1926 թ., Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է Բաքվի ժողտնտեսության ինստիտուտը: Աշխատանքի է անցել Երեւանում: 1961-ին պաշտպանել է թեկնածուական թեզ ու ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում: Չնայած այն հանգամանքին, որ եղել է համոզված կոմունիստի ընտանիքի զավակ, ունեցել է ընդգծված ազատամիտ հայացքներ: Նրա ազատամտությունը սկզբնական շրջանում չէր հակադրվում կոմունիստական գաղափարախոսությանը: Հարությունյանը համարում էր, որ խորհրդային հասարակության մեջ առկա անարդարությունները խորթ են կոմունիստական գաղափարախոսությանը, եւ դրանց մեղավորներն առանձին մարդիկ են, ոչ թե` հասարակարգը: Նրա այս մոլորությունը, սակայն, երկար չի տեւում: Ցուցաբերած ազատամտության պատճառով 1967-ին հեռացվում է աշխատանքից: Սկսվում է տարիներ ձգվող հալածանքների մի մեծ շղթա: Էդուարդ Հարությունյանը բախվում է խորհրդային իրականությանը եւ ինչ-որ պահից գիտակցում, որ հարկավոր է պայքարել այդ իրականության դեմ: Նրա հոդվածներն արգելում են հրապարակել, համապատասխան աշխատանք գտնելը դառնում է անհնար: 1972-ին Մոսկվայում նա մտնում է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն եւ փորձում դեսպանատան աշխատակիցներին փոխանցել իր հոդվածները: Նրան ձերբակալում եւ հոգեբուժարան են տեղափոխում: Ազատ են արձակում միայն այն բանից հետո, երբ մայրը սպառնում է, որդուն ազատ չարձակելու դեպքում, ինքնահրկիզվել հենց Լենինի դամբարանի մոտ:

1977-ին ստեղծվում է Հայաստանի հելսինկյան խումբը: Խմբի ղեկավար է դառնում Հարությունյանը: Նա էլ գրում է խմբի հռչակագիրը եւ մեծ եռանդով լծվում Խորհրդային Միությունում իրավապաշտպանի ծանր գործին: 1977-ի դեկտեմբերին կալանավորվում է Հելսինկյան խմբի անդամ Ռոբերտ Նազարյանը, իսկ մոտ մեկ տարի անց՝ Շահեն Հարությունյանը։

Էդուարդ Հարությունյանը նոր համախոհների` Սամվել Օսյանի, Ռաֆայել Օհանյանի, Սիրվարդ Ավագյանի, Համբարձում Խլղաթյանի եւ այլոց հետ շարունակում է հանդես գալ Հայաստանի հելսինկյան խմբի անունից:

1979-ի հուլիսին նրան կալանավորում ու մեղադրանք են ներկայացնում 206-1 հոդվածով (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը): 1980-ի մարտին Հարությունյանը դատապարտվում է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը կրելու համար տանում են Սիբիր: Ազատ է արձակվում 1982-ի հունվարին եւ, չնայած մտահոգիչ առողջական վիճակին, անմիջապես վերսկսում է իրավապաշտպանական գործունեությունը: Նրա առողջական վիճակը չափազանց վատ է եղել: Շահեն Հարությունյանը պատմում է, որ Էդուարդ Հարությունյանի ազատ արձակվելուց հետո իրենց տանը հավաքվել են ինքը, Ռաֆայել Պապայանը, Գեորգի Խոմիզուրին, Էդմոնդ Ավետյանը եւ Էդուարդ Հարությունյանը: Այդ օրը բոլորը նրան համոզում են, որ դադար տա, մի փոքր հանգստանա, ակտիվ գործունեություն չծավալի, քանի որ արդեն ուներ չափազանց քայքայված  առողջություն: Սակայն, նա խիստ վրդովվել եւ հրաժարվել է ընդունել նրանց առաջարկները:

Հայաստանի հելսինկյան խմբի անդամներ Սիրվարդ Ավագյանի եւ Ռաֆայել Օհանյանի ձերբակալությունից չորս օր անց` 1982 թ. նոյեմբերի 10-ին, եւ իր ազատ արձակվելուց 10 ամիս անց Էդուարդ Հարությունյանը կրկին ձերբակալվում է: Այդ նույն օրը ձերբակալվում են նաեւ Էդմոնդ Ավետյանը, Գեորգի Խոմիզուրին եւ Ռաֆայել Պապայանը: Արդեն ծայրահեղ քայքայված առողջությամբ Էդուարդ Հարությունյանին խորհրդային պատժիչ մեքենան 1983-ի հունիսի 6-ին, նույն 206-1 հոդվածով երկրորդ անգամ է դատապարտում:

Այս անգամ` երեք տարի ազատազրկման: Ե՛վ նրա հալածանքն իրականացնող ՊԱԿ-ը, ե՛ւ դատավորներն ու դատախազները, ե՛ւ բանտապահները, ե՛ւ համախոհները, եւ ինքը` Էդուարդ Հարությունյանը, գիտեին, որ այս անգամ նա ողջ դուրս չի գալու կալանավայրից: Նույնիսկ օր օրի վատթարացող առողջության պայմաններում Հարությունյանը շարունակում է մնալ սկզբունքային ու անկոտրում: Հրաժարվում է դիմում գրել վաղաժամ ազատ արձակվելու խնդրանքով: Ընդհակառակը` տարբեր ատյաններ ուղարկված իր դիմումներում ու նամակներում գրում է իր անմեղության, իր քայլերի օրինաչափության ու իշխանությունների անբարոյականության մասին: Միայն 1984 թ. դեկտեմբերի 5-ին են խորհրդային իշխանությունները վճռում` առանց նրա դիմումի ազատ արձակել արդեն մահամերձ Հարությունյանին: Ազատվելուց 12 օր անց` դեկտեմբերի 17-ին, 58 տարեկան հասակում Էդուարդ Հարությունյանը վախճանվում է Երեւանում: Նրա մարմինն, իր ցանկությամբ, հողին է հանձնվում հայրենի Թալիշ գյուղում:

Ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ու միջոցներով նրա գերեզմանին տապանաքար է դրվում, բայց խորհրդային իշխանությունները պահանջում են հանել տապանաքարը, իսկ հանելուց հետո` բարբարոսաբար ջարդում են այն:

      Էդուարդ Հարությունյանի գործով կայացած դատավճիռը

(Դատավճիռը ստացել ենք Դատական դեպարտամենտի արխիվից, ձեռագիր վիճակում: Այն ամբողջական է, միայն մի քանի անընթեռնելի բառեր են բաց թողնված: Դրանք նշված են կետագծերով):

                                                                                                                                                      Գործ N 19

               Մարտ 1980թ.

                                              ԴԱՏԱՎՃԻՌ

 

     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

Հայկական ՍՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան 

1980թ. մարտի 10-ին   քաղ. Երեւան

Նախագահությամբ` Ա. Եղիազարյանի

Ատենակալներ`           1. Խ. Ա. Բաբախանյանի

  1. Ռ. Ա. Պապոյանի

Քարտուղարությամբ`     Ա. Հովհաննիսյանի

Մասնակցությամբ պետական մեղադրող

Դատախազ` Ս. Խոնդկարյանի

Հասարակական մեղադրող` -

Պաշտպան` Յու. ----յանի, Բ. Հարությունյանի

Թարգման՝ Ա. Վ. Ուզունյանի

Քննության առնելուվ դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի` Էդուարդ Բագրատի Հարությունյանի, ծնվել է 1926թ. Ադրբ. ՍՍՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, անկուսակցական, բարձրագույն կրթությամբ, տնտեսական գիտությունների թեկնածու, ամուրի, խնամքին ոչ ոք, կառավարական պարգեւներ չունի, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, չի աշխատել, մշտապես բնակվել է Երեւան քաղաքի Հ. Ներսեսյան փողոցի շենք 1 N 5 բնակարանում, այս գործով կալանքի տակ է 1979թ. հուլիսի 13-ից: Էդուարդ Հարությունյանը մեղադրվում է Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 206 պրիմ հոդվածով:

Դատաքննությամբ, վկաների ցուցմունքներով, գործին կցված իրեղեն ապացույցներով քրեական գործերի դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը`

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը, մշտապես բնակվելով Երեւան քաղաքում, 1976 թվականին կապեր է հաստատել Ռոբերտ Նազարյանի, Մարտիրոսյանի, Գյոդակյանի եւ մյուսների հետ, որոնք հետագայում դատապարտվել են Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 65 եւ 67 հոդվածներով ու նրանցից ձեռք բերել սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող երկեր, այդպիսիք պահել իրեն մոտ, իսկ որոշ դեպքերում ինքն է գրել այդ կարգի ու բովանդակության հոդվածներ ու երկեր, հասցեագրելով «Գերմանական ալիք», «Բի-բի-սի», «Ամերիկայի ձայն» ռադիոհաղորդումների խմբագրություններին, Ամերիկայի միացյալ նահանգների, Իզրաելի, Հնդկաստանի, Անգլիայի եւ այլ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաեւ սովետական ղեկավար աշխատողներին:

Էդուարդ Հարությունյանը, անտեսելով ՍՍՀՄ հիմնական օրենք, կոնստիտուցիայով նախատեսված սովետական քաղաքացիների իրավունքները, իր երկերում եւ հոդվածներում այդպիսիք դիտավորյալ շարադրել է խեղաթյուրված ձեւով, անվանել սովետական քաղաքացիներին իրավազուրկ, «խոսքի իրավունքից» զրկված, իսկ փոքր ազգություններին հալածված, ճնշված ու այլ հերյուրանքներ:

Ամբաստանյալը, ինքնագլուխ հանդես գալով հայ ժողովրդի անունից, իբր նրա կողմից լիազորված անձ, իրեն ներկայացրել է Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների կատարմանը հետեւող գոյություն չունեցող այսպես կոչված հայկական խմբի ներկայացուցիչ, փորձել է այդ եղանակով արդարացնել իր հանցավոր գործունեությունը եւ ակնհայտ հերյուրանքներ պարունակող հոդվածների պատրաստումը:

Այսպես օրինակ`

 - «ՍՍՀՄ ժողովուրդներին» ուղղված իր հոդվածում ամբաստանյալը փորձում է ամեն կերպ արատավորել, սեւացնել սովետական միության կառավարության կողմից կիրառվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Նա նույնիսկ «փչոց» է համարում մեր պետության կողմից կնքված զինաթափման պայմանգրերը:

 «Երկրագնդի կանանց» ուղղված իր հոդվածում ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը գրել է, որ իբր ռուսաստանում «դեռ գոյություն ունի ճորտատիրություն», որ ՍՍՀՄ-ի քաղաքացիները մինչեւ չտան իրենց արյունը հիվանդները բուժման համար հիվանդանոցում չեն ձեւակերպվում:

«Բելգրադյան կոնֆերանսի» մասնակցող այլ պետությունների ներկայացուցիչներին ուղղված հոդվածում Էդուարդ Հարությունյանը հերյուրանքների է դիմել այն մասին, որ Սովետական կառավարությունը իբր ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ընդ որում, ՍՍՀՄ-ի ամբողջ տերիտորիան անվանելով «համակենտրոնացման լագեռ»:

Օտարերկրյա «ԲԻ-բի-սի», «Ամերիկայի ձայն», «Գերմանական ալիք» խմբագրությունների սեկցիաներին հղած իր հոդվածներում ամբաստանյալ Հարությունյանը վարկաբեկիչ արտահայտություններ է թույլ տվել սովետական միության ղեկավարության հասցեին: Նա պնդում է որ ՍՍՀՄ կազմում գտնվող հանրապետությունները իբր իրավահավասար չեն, որ փոքր ազգերը իրենց ազգային պատկանելիության պատճառով իբր հալածվում են եւ ոչնչացվում է նրաց պետականությունը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին, Անգլիային եւ այլ պետություններին հասցեագրված հոդվածներեւմ Էդուարդ Հարությունյանը դարձյալ հերյուրանքներ է գրել սովետական սոցիալիստական հանրապետությունների միության, այսինքն, մեր երկրի սոցիալիստական կարգերի մասին հայտարարելով, որ միլիոնավոր մարդիկ մեզ մոտ իբր հալածվում են, սովետական քաղաքացիներին անվանում է «նապաստակներ», «մանեկեններ», «խրտվիլակներ» ու այլ վիրավորական արտահայտություններ: Նա վիրավորական հերյուրանքներ է տարածել նաեւ սովետական միության կոմունիստական կուսակցության եւ քաղբյուրոյի անդամների հասցեին:

Ամբաստանյալը, սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ է տարածել նաեւ «Ռումինական ժողովրդին» հասցեագրված հոդվածում:

Էդուարդ Հարությունյանը, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանին ուղղված նամակում խեղաթյուրելով իրականությունը, նշում է, որ ՀՍՍՀ քրեական օրենսգիրքի 65 եւ 67 հոդվածներով դատապարտված Ռոբերտ Նազարյանը իբր ոչ մի հանցանք կատարած չի եղել եւ որ նա նույնիսկ ազգային հերոս պետք է ճանաչվեր: Այս այն դեպքում, երբ ինքը` Ռոբերտ Նազարյանը, դատապարտվելուց հետո դատավճիռը հսկողական կարգով ընդհանրապես չի գանգատարկել:

Հայկական ՍՍՀ եւ ՍՍՀՄ Գերագույն Սովետների նախագահության նախագահների հասցեներով ուղերձներում, ամբաստանյալը ՍՍՀՄ կոմունիստական կուսակցության ծրագրի եւ կանոնադրության հիմնական դրույթները ներկայացնում է միանգամայն խեղաթյուրված ձեւով: Թվարկված բոլոր հոդվածների ու երկերի բովանդակությանը ծանոթացրել է վկաներ Սամվել Օսյանին, Կարինե Մկրտչյանին եւ ուրիշներին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Քարտերին հասցեագրված հոդվածում Հարությունյանը հանդես է գալիս միջազգային լարվածության թուլացման դեմ: Նա գտնում է, որ իբր սովետական միությունը օկուպացրել է Լեհաստանը, Վենգրիան, Չեխոսլովակիան: Այդ նույն հոդվածում Հարությունյանը նշել է, որ ՍՍՀՄ-ում մարդիկ իբր ոչ մի իրավունքներից չեն օգտվում, բացառությամբ աշխատելուց եւ որ աշխատելուց հետո վարձատրվում են կես կիլոգրամ կարկանդակի արժեքով միայն:

   Ամբաստնյալը սոցիալիստական սիստեմը ներկա վիճակով համարում է --------- ազգերի ոչնչացման սիստեմ, իսկ մնացած դեմոկրատական սոցիալիստական երկրները որպես բանտեր, համակենտրոնացման ճամբարներ եւ այլ պետությունների տերիտորիաների զավթում: Նա կոչ է անում իմպերիալիստական երկրներին «խփել սովետական կառավարության ձեռքերին, ուժեղացնել սպառազինությունը» եւ այլ պրովոկացիոն մտքեր: «Սովետական ժողովրդին» ուղղված հոդվածում Էդուարդ Հարությունյանը, հարելով համաշխարհային բուրժուազիային եւ իրեն ներկայացնելով որպես մարդու իրավունքների «պաշտպան», զրպարտչական ձեւով գրել է, որ ՍՄԿԿ-ի ղեկավարությունը սովետական միության շահերը «ծախել է համաշխարհային իմպերալիզմին եւ չի մտահոգված երկրի պաշտպանությանը եւ սպառազինմամբ»:

Մեկ այլ դեպքում սովետական կառավարության հասցեին թույլ տալով հերյուրանքներ՝ նշել է, որ մեր երկրում սարսափի, տեռորի, մասսայական սպանությունների պատճառով ոչնչացվում են փոքր ազգերի պետականությունը, զավթվում է այլ երկրների տերիտորիաներ: ----------------------------------------------------- գրված բոլոր 14 հոդվածներն ու երկերը:

Բացի արդեն իսկ թվարկված երկերից ու հոդվածներից, որոնց հեղինակը ամբաստանյալ Էդ. Հարությունյանն է, նա իր բնակարանում պահել է նաեւ Վայնովիչի, Ագուրսկու, Ալբերտ Կամյուի, Գենրիխ Բելլի, -----------, Սոլժինիցինի հոդվածները ու տարբեր պատրվակներով արտասանած ճառերը, որոնք իրենց բովանդակությամբ հագցած են սովետական պետական ու հասարակական կարգն արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող բովանդակությամբ:

Առաջադրված մեղադրանքում Էդուարդ Հարությունյանը իրեն մեղավոր չճանաչեց, սակայն չժխտեց, որ իրեղեն ապացույց ճանաչված նշված 14 հոդվածները ու երկերը, որոնց բովանդակությունը արդեն շարադրված է այս դատավճռում, գրվել են իր կողմից, նա նաեւ ընդունեց, որ Վայնովիչի, Ագուրսկու, Կամյուի, Բելենկովի, Սոլժինիցինի, եւ այլոց տպագիր ելույթները եւ հոդվածները ինքը ձեռք է բերել Մոսկվայի նախկին բնակչուհի, այժմ ՍՍՀՄ տերիտորիայից արտաքսված Տատյանա Խոդորովիչից, պահել է իրեն մոտ եւ ապա հանձնել գործով վկա Կարինե Մկրտչյանին եւ որ ինքը անվանվում է Հելսինկի եզրափակիչ ակտի դրույթների կատարմանը հետեւող եւ նպաստող հայկական խմբի ղեկավար, իրենց տանը գտնվող գրամեքենայով բազմացրել է իր կողմից գրված հոդվածների մի մասը` այնուհանդերձ իր արարքներում քրեորեն դատապարտելի գործողություններ չի տեսնում: Էդուարդ Հարությունյանը նաեւ ընդունեց, որ ինքը մուտք է գործել Անգլիայի դեսպանություն ու պահանջել հրապարակել իր հոդվածները այնտեղ կամ հաղորդել «Բի-բի-սի» ռադիոկայանով:

Բացի Էդուարդ Հարությունյանի այդ հանձնառումից նրան մեղսագրված արարքը նաեւ քրեական օրենսգրքի 206 պրիմ հոդվածով կոլեգիան հիմնավորված է համարում գործին կցված եւ իրեղեն ապացույց ճանաչված սովետական պետական կարգերն արատավորող, ակնհայտ հերյուրանքներ պարունակող հոդվածներով (հ.1 գթ. 167-205, 215-224, հ. 2 գթ. 11-52, 58-80, 107-467) ձեռագրային փորձաքննության եզրակացությամբ այն մասին, որ դատավճռում թվարկված բոլոր 14 հոդվածները գրված են Էդուարդ Հարությունյանի կողմից (հ.2 գթ. 1-6):

Վկաներ Կարինե Մկրտչյանի եւ Սամվել Օսյանի ցուցմունքներով այն մասին, որ Էդուարդ Հարությունյանը իրեն անվանակոչել է մարդու իրավունքների պաշտպանման հելսինկյան համաձայնագրերի խմբի ղեկավար, ներգրավել նրանում մեկ այլ դատավճռով դատապարտված Ռոբերտ Նազարյանին, Օսյանին ու ծանոթանալու համար նրանց տվել Տատյանա Խոդորովիչից ստացած հոդվածները, իր կողմից գրված սովետական կարգերը արատավորող հոդվածները ու այլ բովանդակության երկեր:

Աիդա Մկրտչյանը նաեւ հաստատեց, որ ամբաստանյալ Հարությունյանի կողմից Մոսկվայից բերված Վայնովիչի, Ագուրսկու, Ալբերտ Կամյու, Բելինկովի, Սոլժինիցինի եւ այլոց սովետական կարգերը արատավորող հոդվածները եւ գրի առնված նույնաբովանդակ ելույթները ինքն է տվել իրեն, սակայն ինքը այդպիսիք հանձնել է պետական անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին:

Դատահոգեբուժական փորձագետների եզրակացությամբ Էդուարդ Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ:

Ամբաստանյալ Հարությունյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ ունեցող պատիժ սահմանելիս կոլեգիան հաշվի է առնում նրա կատարած արարքի հասարակական վտանգավորությունը եւ այն, որ առանց ազատազրկման վայրերում պատիժը կրելու նա չի կարող կանգնել ուղղման ճանապարհին:

Վերոհիշյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՍՍՀ քր. դատ. օրի 293-294 հոդվածներով՝ քրեական գործերի դատական կոլեգիան

                                                        Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 206 պիրմ հոդվածով ու դատապարտել նրան ազատազրկման երկու (2) տարի 6 ամիս ժամանակով, թողնելով այն կրելու ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1979թ. հուլիսի 13-ից:

Իրեղեն ապացույց «Զիմ» մակնիշի N 8274-71 գրամեքենան պետականացնել, իսկ գրականությունը թողնել գործում:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չէ։

Նախագահող`

Ատենակալներ`

...

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter