HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Անկարայի պատասխանը Երեւանին

1993թ. ապրիլի 3-ին ղարաբաղյան ուժերը գրավեցին Քելբաջարը, իսկ մեկ օր անց Թուրքիան փակեց սահմանը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացումից կարող է կախված լինել ղարաբաղյան հակամարտության լուծումը: Ելույթ ունենալով մարտի 27-ին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած համաժողովին՝ Ֆրիդն ասել է, որ վերջերս Թուրքիա կատարած այցելության ժամանակ ինքն Անկարայից պահանջել է որքան հնարավոր է շուտ ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը: «Կարո՞ղ եմ երաշխավորել, թե Թուրքիայի հետ սահմանը բացվելու է: Չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անվտանգությանը մենք լուրջ ենք վերաբերվում: Հայաստանը չի ընտրել իր հարեւաններին»,-ամերիկահայերին ասել է Ֆրիդը:

Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991թ. դեկտեմբերի 16-ին, սակայն հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել' առաջ քաշելով երկու նախապայման՝ Երեւանը պետք է ընդունի ժամանակակից Թուրքիայի սահմանները եւ հրաժարվի Հայոց ցեղասպանության պնդումներից: Հետագայում նախապայմանները դարձան երեքը, երբ ղարաբաղյան ուժերը 1993թ. ապրիլի 3-ին վերահսկողության տակ առան Քելբաջարը: Մեկ օր անց Թուրքիան կառավարության որոշմամբ փակեց Հայաստանի հետ սահմանը, ինչը դիվանագիտության մեջ համարվում է թշնամական ակտ:

Հայաստանի նախկին վարչապետներից Խոսրով Հարությունյանը, որի պաշտոնավարության ընթացքում Թուրքիայի տարածքով՝ Կարս-Գյումրի երկաթուղով էր հացը հասնում մեր երկիր, ասում է. «Պետք էր այնպես անել, որ թուրքերը դուռը չփակեին: Թուրքիայի հետ հարաբերություններին պետք էր ավելի խնամքով վերաբերվել: Ես չեմ ասում, որ ամեն ինչ կարող էր ստացվել, բայց դա մենք չկարեւորեցինք, ավելի հեշտ հաշտվեցինք Թուրքիայի շրջափակման հետ: Կարելի էր ջանք գործադրել նույնիսկ Շուշիի, Լաչինի, Քելբաջարի պարագայում պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետեւ միջազգային հանրությունը տոն էր տալիս դրա պահպանմանը: Կարծում եմ՝ մենք թուրքերի գործերն ավելի հեշտացրինք, մենք չպիտի թույլ տայինք, որ թուրքերն ավելի հեշտ որոշում կայացնեն: Նրանք շատ պիտի չարչարվեին սահմանը փակելու որոշումը կայացնելու համար: Մենք հեշտ հանձնվեցինք»:

Հայաստանի առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը 1992-1997թթ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում գլխավոր բանակցողն էր հայկական կողմից, բազմիցս այցելել է Թուրքիա, ամենաբարձր մակարդակով հանդիպումներ ունեցել Անկարայում: Լիպարիտյանը կարծում է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տեսանկյունից Թուրքիայի համար առաջնայինը Հայոց ցեղասպանությունը չէ, այլ՝ Ղարաբաղը:

«Երբ Քելբաջարը գրավեցինք, լավ եմ հիշում՝ գնացի Անկարա, վարչապետը Դեմիրելն էր: Հանդիպման ժամանակ գզրոցից մի քարտեզ հանեց եւ թուրքերենով բացատրեց. ասաց՝ սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք՝ մեր հարեւանն է, սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, մտահոգություններ ունեք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք, սա Լաչինն է, սա ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք՝ անվտանգության համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք: Այսպես հայ-թուրքական հարաբերությունները կապեցին ԼՂ հարցի հետ»,-հիշում է Լիպարիտյանը:

Ստեփանակերտցի քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը շեշտում է, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ոչ միայն կապում է ԼՂ խնդրի հետ, այլեւ Թուրքիան միակ պետությունն է, որը ԼՂ հակամարտությունում լիովին պաշտպանում է Ադրբեջանին:

«Այս հանգամանքը բերում է նրան, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հաճախ ու հաճախ դիտարկում են հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Այսպիսի զարգացումը պարունակում է եւ՛ բացասական, եւ՛ դրական կողմեր: Բացասականը այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը է՛լ ավելի է բարդանում, իսկ գոյություն ունեցող հակասությունները կարող են առավել սրվել: Դրականը այն է, որ նման միտումները դրական կազդեն ներհայկական միասնության վրա, է՛լ ավելի կամրապնդեն Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը»,-ասում է Բաբայանը:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյաննընդգծում է, որ Անկարան Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների մաս է դիտարկում:

«Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու երեք նախապայմաններից մեկը ԼՂ խնդրի կարգավորումն է, իրենց տեսանկյունից' ադրբեջանամետ կարգավորումը: Կարծում եմ, սակայն, որ Թուրքիայի ղեկավարությունը գիտակցում է, որ այդ կեցվածքը որդեգրելով՝ իրենք արդեն 13 տարի է մտել են փակուղի, ինչ-որ ձեւով դարձել Ադրբեջանի պատանդը, եւ այդ կեցվածքը փոխելու որեւէ ճիգ նախեւառաջ հանդիպում է Ադրբեջանի հիստերիկ հակազդեցությանը: Անկարան ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերությունների մաս նկատելով՝ իր առջեւ խոչընդոտներ է դրել տարածաշրջանում ավելի ազդեցիկ լինելու իմաստով»,-ասում է Մանոյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը համաձայն է' Քելբաջարից հետո Թուրքիայի քաղաքականությունը կտրուկ փոխվեց, սկսվեց շրջափակումը: «Բայց մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ 1994թ. ձմռանը: Հայաստանում էր թուրքական մի պատվիրակություն Օմեր Էրսունի ղեկավարությամբ: 1993թ. Թուրքիան ոչ միայն ցամաքային, այլեւ օդային սահմաններն էր փակել: Ընդունելության ժամանակ ասացի, որ Հայաստանի համար անհասկանալի է, երբ Թուրքիան իր օդային սահմանն է փակել: Ասացի, որ Երեւանը պատրաստվում է միջազգային շատ բարձր ատյաններից հայտարարել, որ Թուրքիան ավելի խիստ դիրքորոշում ունի, քան Ադրբեջանը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օդային սահմանները երբեք չեն փակվել, մենք օգտվել ենք միմյանց օդային տարածքներից, ճշգրտությամբ օդային տարածքներից օգտվելու երկկողմանի վճարումները միշտ արվել են: Կարճ ժամանակում H-50 օդային միջանցքը վերաբացվեց»,-ասում է պրն Շահնազարյանը:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պաշտոնավարության չորս տարիների ընթացքում հանդիպել է 6 թուրք արտգործնախարարի՝ Չեթին, Ինոնյու, Կարայալչըն, Բայքալ, Սոյսալ, Չիլլեր: «Բոլորի հետ էլ հանդիպումները եղել են բավականաչափ անկեղծ, որովհետեւ Հայաստանը եւ Թուրքիան իրարից թաքցնելու բան չունեն, խնդիրները հայտնի են, շատ դիվանագիտություն խաղալու կարիք չկար: Ես մի բան եմ տեսնում. այն ժամանակ Թուրքիան սահմանները բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար շատ ավելի քիչ պահանջներ էր դնում, քան այսօր: Դա ու՞մ մեղքով է' Հայաստանի իշխանությունների՞, թե՞ Թուրքիայի դիրքորոշումն ավելի է կոշտացել, կամ ա՞յլ պատճառ կա, դժվարանում եմ ասել, բայց փաստ է, որ այն ժամանակ Հայաստանի առաջ դրվող պահանջները շատ ավելի մեղմ էին, զուսպ եւ քիչ»,-ասում է Վ. Փափազյանը:

Թուրքիան իրո՞ք ԼՂ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների մաս է դիտում, թե՞ ուղղակի չի կամենում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, այսինքն' ուզում է մյուս երկու նախապայմանները կատարվեն եւ ԼՂ հարցն օգտագործում է իբրեւ մատի փաթաթան:

«Երբ նրանք այդ կեցվածքը որդեգրեցին, կարծում եմ՝ հավատում էին, որ դա ճնշում կլինի, եւ Հայաստանը տեղի կտա: Անցնող տասներեք տարիները ցույց տվեցին, որ Թուրքիայի այդ կեցվածքը, հակառակը, խոչընդոտում է ԼՂ հարցի կարգավորմանը, որովհետեւ Ադրբեջանի միակ լծակը, որ ունի բանակցությունների ընթացքում, դա է, դրա համար էլ իրենք հիստերիկ են հակազդում, երբ Թուրքիայից թեկուզ մեղմ ձեւով խոսվում է այն մասին, որ կարող են Հայաստանի հետ սահմանը բացել առանց ԼՂ հարցի կարգավորման: Իլհամ Ալիեւն ի պատասխան հայտարարեց, որ այդ դեպքում Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններից հետ կկանգնի: Մատի փաթաթան չէ, բայց ընկել են այնպիսի վիճակում, որ տասներեք տարի նույն այդ քաղաքականությանը հետեւելով՝ այսօր թուրքերն իրենց նեղ կացության են մատնել: Այդ կեցվածքից հետ չկանգնելը Թուրքիայի տարածաշրջանային դերակատարությունը նվազեցնում է, նրանք ընկնում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ճնշման տակ, որոնք պահանջում են, որ Հայաստանի հետ սահմանը բացվի' ոչ անպայման Հայաստանի համար: Ամերիկացիներն իրենց, եվրոպացիներն իրենց շահերն ունեն: Իսկ Թուրքիան սահմանը չի բացում, որովհետեւ տասներեք տարի առաջ որոշել է փակել որպես Ադրբեջանին զորակցություն, իսկ սահմանի բացումը Բաքուն կդիտի դավաճանություն Ադրբեջանի նկատմամբ»,-ասում է Կ. Մանոյանը:

Թուրքիայի դրական ներգրավվածությունը ԼՂ հարցում կարո՞ղ է առաջ տանել բանակցային գործընթացը: Կիրո Մանոյանը կարծում է, որ իր ներկա կեցվածքով Թուրքիան հակամարտության կողմ է, ինչն իրականության մեջ հակասություն է' ինչպե՞ս կարող է նա միջնորդ լինել: «Այն տեսակետը, որ ԼՂ հարցում առաջխաղացումը նպաստ կբերի հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական պաշտոնական տեսակետն է: Հայաստանը սկզբից ԼՂ հարցն անջատել է հայ-թուրքական հարաբերություններից, եւ այսօր դա փոխելն այնքան էլ իրապաշտ չի լինի»,-ավելացնում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն:

Որքան էլ հայկական կողմի համար անընդունելի լինի, հատկապես վերջին շրջանում Արեւմուտքի կողմից փորձ է արվում Հայաստանի եւ Արցախի համար կենսական երկու հարցերը՝ ԼՂ խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել միմյանց: Արեւմուտքը՝ ի դեմս Միացյալ նահանգների, փորձում է ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղավորել մեկ փաթեթում, այսինքն՝ բարդագույն եւ հայկական կողմի համար նաեւ հոգեբանորեն ծանր երկու կենսական խնդիրներին գտնել միաժամանակյա լուծում: Այստեղ մեզ համար կարեւոր է հասկանալ «լուծման» պարունակությունը, այսինքն՝ եթե ԼՂ հարցում ինչ-որ բան ենք ստանում, ապա դրա դիմաց ի՞նչ ենք տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Եվ հակառակը՝ եթե հայ-թուրքական հարաբերություններում ստանում ենք ինչ-որ բան, ապա ԼՂ դեպքում ի՞նչ ենք զիջում եւ որքա՞ն:

«Եթե Ղարաբաղի հարցում նշանակալից առաջընթաց արձանագրենք, կարծում եմ, որ շատ ավելի առաջ կգնանք Թուրքիայի հետ պետական հարաբերություններ հաստատելու գործում»,-նկատում է Ժիրայր Լիպարիտյանը: «Թուրքիայում կային վարչապետներ, որ լուրջ փորձեր էին անում մի տեղ հասնելու բանակցություններում: Կարծում եմ՝ Դեմիրելն անկեղծ փափագ ուներ, բայց վստահ չեմ, թե պատրաստ էր մեծ կապիտալ դնելու: Չիլլերը՝ ոչ, այլ հարցերի վրա էր կենտրոնացած: Բավական լուրջ էր Մեսութ Յըլմազի վերաբերմունքը, բայց Ադրբեջանը արգելքներ դրեց»,-ասում է նա:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը համաձայն չէ. «Ոչ թե ղարաբաղյան հարցն է խանգարում հայ-թուրքական սահմանի բացմանը կամ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այլ թուրքերի ազգայնամոլական քաղաքականությունը, որը հայերին որպես խոչընդոտ է դիտարկում տարածաշրջանում սեփական ազդեցության տարածման եւ իր կայսերապաշտական նկրտումների իրականացման ճանապարհին: Փաստորեն, արցախյան հարցը ոչ թե պատճառ էր, այլ ընդամենը առիթ շրջափակում հայտարարելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից խուսափելու համար: Արցախյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերություններին կապելը զուտ թուրքական գաղափար է, որի նպատակն է արդարացնել սեփական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»:

Ռուսաստանը, որ կովկասյան տարածաշրջանի հետ կապված է բազմաթիվ թելերով, տանում է իր առանձին խաղը: Մոսկվան ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորումը չի կապում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, այլեւ կտրականապես դեմ է դրան: Հայ-թուրքական սահմանի բացումը նշանակում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ավելորդություն: Չէ՞ որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանը եւ հայ-թուրքական սահմանին կանգնած ռուս զինվորները, ըստ Երեւանի եւ Մոսկվայի պնդումների, կանխում են Հայաստանի նկատմամբ թուրքական հնարավոր սպառնալիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter