HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ուղղություններով է աճել արդյունաբերությունը

2018 թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 4.3 %-ով։ Աճն ապահովվել է գլխավորապես մշակող արդյունաբերության մի քանի ճյուղերի հաշվին, իսկ հանքարդյունաբերության ոլորտում երկնիշ անկում է գրանցվել։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հանքարդյունաբերության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 301 մլրդ դրամ, որը 2017 թվականի համեմատ նվազել է 14 %-ով։ Կրճատվել է, մասնավորապես, մետաղական հանքաքարի արդյունահանումը։ 2018 թվականի փետրվարից դադարեցվել են «Թեղուտ» ընկերության աշխատանքները, որը պատճառաբանվեց տեխնիկական ու ֆինանսական գործոններով։ «Թեղուտի» աշխատանքների դադարեցումը, ինչպես և սպասվում էր, բացասաբար է ազդել հանքարդյունաբերության ցուցանիշի վրա։

Ընդհանուր արդյունաբերության կազմում հանքարդյունաբերության կշիռը 2018 թվականի տարեկան տվյալներով 17.3 % է։ 2017 թվականին այն 20.3 % էր։ Այսինքն՝ մեկ տարում հանքարդյունաբերության կշիռը կրճատվել է 3 տոկոսային կետով։ Ինչպես տեսնում ենք, դրան նպաստել է հանքարդյունահանման ծավալների կրճատումը։ Հայաստանի ներկայիս կառավարությունը բազմաթիվ առիթներով շեշտել է, որ հարկավոր է արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության կշիռը փոքրացնել և մեծացնել մշակող արդյունաբերության կշիռը, քանի որ վերջինս ավելի մեծ տնտեսական բարիքներ է ստեղծում՝ աշխատատեղերի ստեղծում, ոլորտից ստացվող հարկերի աճ, նոր տեխնոլոգիաներ ու ներդրումներ և այլն։ Սակայն, մեր նախորդ հոդվածներից մեկում ևս ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ առողջ տնտեսական աճի պարագայում հանքարդյունաբերության կշիռը չպետք է նվազի արդյունահանման ծավալների կրճատման հաշվին, այլ՝ մշակող արդյունաբերության առաջանցիկ տեմպերով աճի հաշվին։

Աճ՝ սննդի ու ծխախոտի հաշվին

Մշակող արդյունաբերության կշիռը Հայաստանի արդյունաբերության կազմում 2018 թվականի տարեկան տվյալներով 66.3 % է` 2017 թվականի 62.6 %-ի համեմատ։ Այսպիսով, մշակող արդյունաբերության կշիռն աճել է 3.7 տոկոսային կետով։ Ստացվում է, որ արդյունահանման կրճատման հետևանքով հանքարդյունաբերության տեսակարար կշիռը նվազել է 3 տոկոսային կետով, նույն ընթացքում մշակող արդյունաբերության կշիռն ավելացել է 3.7 տոկոսային կետով։

2018 թվականին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են շուրջ 1 տրլն 152 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10 %-ով։ Հասկանալու համար, թե ինչի հաշվին է աճել մշակող արդյունաբերության ընդհանուր ծավալը, նախ տեսնենք, թե ինչ կառուցվածք ունի մշակող արդյունաբերությունն այսօր։

Հայաստանում մշակող արդյունաբերությունն այսօր կենտրոնացված է հիմնականում չորս ճյուղերում՝ սննդի, խմիչքների, ծխախոտի ու հիմնային մետաղների արտադրության։ Իսկ մյուս ոլորտները համեմատաբար համեստ ծավալներ են ապահովում կամ գտնվում են գրեթե զրոյական վիճակում։

Նախորդ տարվա տվյալներով՝ մշակող արդյունաբերության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի սննդամթերքի արտադրությունը, որն ապահովել է ամբողջ մշակող արդյունաբերության ծավալի 28.3 %-ը։ 2017 թվականի համեմատ (28.5%) սննդի կշիռը գրեթե չի փոփոխվել։ Ինչ վերաբերում է ծավալներին, ապա նաորդ տարի արտադրվել է շուրջ 326.3 մլրդ դրամի սննդամթերք՝ 10.3 %-ով ավելին, քան 2017-ին։

Հաջորդում է ծխախոտի արտադրությունը, կշիռը՝ 15.5 %։ Այն ևս 2017 թվականի համեմատ (15.2%) մնացել է գրեթե նույն մակարդակում։ Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է շուրջ 178.4 մլրդ դրամի ծխախոտային արտադրատեսակ, որի աճը 2017 թվականի համեմատ կազմել է 8.4 %:

Հիմնային մետաղների արտադրության կշիռը մշակող արդյունաբերության կազմում 15.1 % է։ 2017-ի համեմատ այն փոքրացել է 1.7 տոկոսային կետով։ Հիմնային մետաղների արտադրության ոլորտում նախորդ տարի անկում է գրանցվել 6.4 %-ով։ Արտադրության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 174 մլրդ դրամ։ Խոսքը հիմնականում ալյումինե գլանվածքի ու փայլաթիթեղի, պողպատյա խողովակների, ֆեռոմոլիբդենի և այլ ապրանքատեսակների մասին է։

Խմիչքների արտադրությունը ևս էական տեղ է զբաղեցնում մշակող արդյունաբերության կազմում՝ 13.2 %։ 2017 թվականին այն 14.4 % էր։ Նախորդ տարի խմիչքների արտադրության ծավալը կազմել է 152.6 մլրդ դրամ, որը 2017 թվականի համեմատ աճել է 0.9 %-ով։ Այստեղ ներառվում է ինչպես ալկոհոլային, այնպես էլ՝ ոչ ալկոհոլային խմիչքների՝ հանքային ջրերի, բուրավետացված կամ քաղցրացրած ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը։

Մնացած ոլորտներից արդյունաբերության կազմում քիչ թե շատ էական ծավալներ են ապահովում ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը, ոսկերչական իրերի արտադրությունը։

Վերջին շրջանում շատ է խոսվում նաև այն մասին, որ տեսքստիլ արդյունաբերության ծավալները ընդլայնվում են։ Վիճակագրական տվյալները այս առումով հակասական են։ 2018 թվականին հագուստի արտադրության տեսակարար կշիռը Հայաստանի մշակող արդյունաբերության կազմում կազմել է ընդամենը 2 %` 2017 թվականի 1.6 %-ի դիմաց։ Այսինքն՝ հագուստի արտադրությունը դեռևս հեռու է արդյունաբերության առաջատար ճյուղ համարվելուց։ Իսկ մանածագործական արտադրատեսակների արտադրության կշիռը մոտ 0.1 % է։ Ըստ ՎԿ-ի տվյալների՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է մոտ 22.5 մլրդ դրամի հագուստ՝ 40.8 %-ով ավելին, քան 2017 թվականին։ Մանածագործական արտադրատեսակների ծավալներն էլ կազմել են 1.1 մլրդ դրամ, աճը՝ 77 %: Այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն իրական ծավալների, այլ՝ ստվերից դուրս գալու արդյունքում աճ գրանցելու հավանականությունը։ Այս ոլորտի վիճակագրության հակասությունն այն է, որ եթե արտադրության ծավալները դիտարկում ենք ըստ ֆիզիկական ծավալների, ապա անկում է գրանցվել 2017 թվականի համեմատ։ Օրինակ` 2017 թվականին արտադրվել է 13.65 մլն զույգ գուլպեղեն, իսկ 2018-ին՝ շուրջ 10 մլն հատ, նվազումը՝ 26.4 %:

Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք մշակող արդյունաբերության նախորդ տարվա վիճակագրական պատկերը, ապա՝ ոլորտի 10 % աճն ապահովել են մեծ մասամբ սննդամթերքի ու ծխախոտի արտադրությունները, քանի որ դրանք էական կշիռ ունեն մշակող արդյունաբերության ոլորտում և նախորդ տարի ծավալների աճ են ապահովել։ Ինչպես տեսանք, էական կշիռ ունեն նաև հիմնային մետաղների արտադրությունն ու խմիչքների արտադրությունը, սակայն առաջինի դեպքում անկում է գրանցվել, երկրորդի դեպքում էլ աճը զրոյին մոտ է։

Բոլոր դեպքերում, նկատելի է, որ դրական տեղաշարժ կա մի քանի ճյուղերում, որոնք այս պահին էական ծավալներ չեն զբաղեցնում մշակող արդյունաբերության կազմում։ Աճ է գրանցվել ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ոլորտում (39.5%), ոսկերչական իրերի արտադրության (17.4%), ռետինե և պլաստմասսե իրերի արտադրության (14%), պոլիգրաֆիական գործունեության և գրառված կրիչների բազմացման (26.4%) և այլն։ Սակայն, համեմատաբար փոքր ծավալների պատճառով դրանք ավելի քիչ են նպաստում մշակող արդյունաբերության ընդհանուր աճին։

Բացի մշակող արդյունաբերությունից և հանքարդյունաբերությունից, վիճակագրությունը արդյունաբերության մեջ առանձնացնում է նաև էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը, որի տեսակարար կշիռը արդյունաբերության մեջ 14.9 % է, ինչպես նաև՝ ջրամատակարարումը, կոյուղի, թափոնների կառավարումը և վերամշակումը (1.5%):

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը ներառում է երկու ենթաոլորտ։ Առաջինն էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումն և բաշխումն են, որի ծավալները նախորդ տարի կազմել են մոտ 213 մլրդ դրամ՝ աճելով 6.5 %-ով։ Մյուս ենթաոլորտն է գազակերպ վառելիքի բաշխումը գազամատակարարման համակարգի միջոցով, որի ծավալները կազմել են 46.1 մլրդ դրամ, աճը՝ 2.1 %:

Ի դեպ, 2018 թվականին Հայաստանի ամբողջ արդյունաբերության ծավալի 42 %-ն ապահովել է Երևանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter