HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Վանեցյան. «Արամ Հարությունյանն օրինական կերպով Հայաստանի պետական սահմանը չի հատել. Լևոն Սարգսյանն ու Արա Մինասյանը հատել են»

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն օրինական կերպով չի հատել Հայաստանի պետական սահմանը: Այս մասին կառավարության նիստից հետո, մեր հարցին ի պատասխան, ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ Հարությունյանն այս պահին գտնվում է հետախուզման մեջ: Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Նշենք, որ խոսքը 14 մլն դոլար կաշառք ստանալու մասին է: Հարությունյանի պաշտպանի խոսքով՝ նա Հայաստանում է:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ Լյովա Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը, զբաղեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, Հայաստանի պետական սահմանը հատել է օրինական կարգով:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն, ըստ մեղադրանքի, վերջիններս ապօրինի հարստացել են:

Վանեցյանը նշեց, որ իրենք գիտեն Լևոն Սարգսյանի գտնվելու վայրը. «Նա արաբական երկրներից մեկում է, սակայն նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ»:

Հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանն, ով Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, ևս Հայաստանի պետական սահմանը հատել է օրինական կերպով:

Նշենք, որ Արա Մինասյանը մեղադրվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումների գործով:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2016-2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ հափշտակել է առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության արդյունքում վնասի չափն, ըստ հաղորդագրության, կազմում է 426 միլիոն 343 հազար 650 դրամ։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ օրինական կերպով սահման հատած վերը նշված անձանց վերաբերյալ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել այն ժամանակահատվածում, երբ նրանք լքել են Հայաստանը, իսկ նման պայմաններում իրավապահները չէին կարող սահմանափակել նրանց տեղաշարժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter