HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Խաղալիքների շուկայի նկատմամբ տեսչական հսկողությունը բավարար չէ

Հայկական շուկայում շարունակում են վաճառվել խաղալիքներ, որոնց մակնշումները թերի են եւ թաքցնում են շատ կարեւոր տեղեկություններ՝ առաջին հերթին երեխաների առողջության տեսանկյունից։

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը 2018 թվականի դեկտեմբեր ամսին Արաբկիր, Նոր Նորք եւ Կենտրոն վարչական շրջանների 9 վաճառակետերում իրականացրել է ուսումնասիրություն եւ պարզել, որ վաճառվող խաղալիքների մակնշումները թերի են։ Այս մասին այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ հայտնեցին կազմակերպության նախագահ Ելենա Մանվելյանը եւ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը։

Հետազոտվել է 56 խաղալիքի մակնշում: 4 տոկոսի դեպքում նշված չէ խաղալիքի ծագման երկիրը։ Խաղալիքների 91 տոկոսը Չինաստանից է։

Ուսումնասիրված խաղալիքների 76,8 տոկոսի պարագայում մակնշումների վրա բացակայում են արտադրող կազմակերպության մասին տվյալները։ 78,6 տոկոսի պարագայում նշված չէ, թե խաղալիքն ինչ նյութից է պատրաստված։

Իրավիճակը, մեծ հաշվով, մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է նախորդ իշխանությունների օրոք։ Խաղալիքների շուկային բնորոշ խնդիրները չեն լուծվում։

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նպատակներից է հայկական շուկան զերծ պահել ֆտալատներ պարունակող խաղալիքներից։ «Հետքն» ավելի վաղ անդրադարձել է այս հարցին։

Ֆտալատները լայն կիրառություն ունեն կենցաղային ապրանքների, ինչպես նաեւ տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված ապրանքների արտադրությունում:

Ապրանքների օգտագործման եւ պահպանման որոշակի պայմաններում ֆտալատներն անջատվում են դրանցից եւ թափանցում մարդու օրգանիզմ` հանգեցնելով ծանր ու առողջական խնդիերների՝ իմունային, նյարդային, հորմոնային եւ վերարտադրողական համակարգերի համար։ Ֆտալատները նաեւ հնարավոր քաղցկեղածին նյութեր են։

Ֆտալատների ազդեցության նկատմամբ առավել խոցելի են երիտասարդ կանայք եւ երեխաները, հատկապես` 3 տարեկանից ցածր երեխաներն իրենց մարմնի փոքր չափսերի եւ ֆտալատ պարունակող պլաստմասսե առարկաները հաճախ բերանը տանելու սովորության պատճառով։

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանն ասուլիսում նշեց, որ մի շարք զարգացած երկրներ արդեն նախաձեռնել են արտադրանքներում ֆտալատների օգտագործումը սահմանափակող կամ արգելող օրենսդրական միջոցառումներ: Ընդ որում, որոշ երկրների կառավարություններ քայլեր են ձեռնարկում 14 տեսակի ֆտալատների արգելման ուղղությամբ:

Հայաստանում ֆտալատների նկատմամբ լաբորատոր հսկողությունը բացակայում է։ «Խաղալիքների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն կա։ Ըստ Քնարիկ Գրիգորյանի՝ պետք է ընդլայնել սահմանափակման կամ արգելման ցանկը ոչ միայն ֆտալատների 4 տեսակի, այլեւ մնացած տեսակների նկատմամբ:

Բանախոսը նշեց նաեւ, որ խաղալիք արտադրող եւ ներկրող ընկերությունների նկատմամբ տեսչական հսկողությունը Հայաստանում բավարար չէ։

Նշենք, որ խաղալիքների շուկայում առկա խնդիրների մասին խոսվում է արդեն մի քանի տարի։ Թե´ նախորդ, թե´ ներկա կառավարության շրջանում պետական մարմինների կողմից արձագանքը եղել է մեկնաբանությունների եւ արձանագրողի մակարդակում։ Հեղափոխությունը խաղալիքների շուկային չի հասել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter