HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտներին են ավելի ակտիվ վարկավորել Հայաստանի բանկերը 2018 թվականին

2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրլն 782.6 մլրդ դրամ։ Ինչպես երևում է Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած տվյալներից, ամբողջ 2018 թվականի ընթացքում վարկերի ծավալն անշեղորեն աճել է։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 2 տրլն 373.6 մլրդ դրամ։ 2018 թվականի վերջի դրությամբ այն աճել է մոտ 409 մլրդ դրամով կամ 17.2 %-ով։ Ի դեպ, վարկերն աճել են ինչպես ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից առաջ, այնպես էլ՝ դրանից հետո։ Նշենք, որ վարկերի 409 մլրդ դրամով աճը չի նշանակում, որ կոնկրետ այդքան վարկ է տրվել, քանի որ տարվա ընթացքում նոր վարկերին զուգահեռ մարվում են նաև ավելի վաղ տրված վարկերը։

Բանկերն այսօր շարունակում են ավելի շատ արտարժույթով վարկեր տրամադրել քաղաքացիներին (հիմնականում՝ ԱՄՆ դոլարով), քան ՀՀ դրամով։ Դեկտեմբերի վերջի դրությամբ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում մոտ 55 %-ը արտարժույթով վարկերն են, 45 %-ը՝ դրամային վարկերը։  

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ տարվա ընթացքում դրամային վարկերի ծավալը թե բացարձակ թվով, թե տոկոսային առումով շատ ավելի մեծ աճ է գրանցել։ 2017 թվականի դեկտեմբեր վերջի համեմատ արտարժութային վարկերի ծավալն աճել է 47.5 մլրդ դրամով կամ 3.2 %-ով։ Իսկ դրամային վարկերի ծավալն աճել է 361 մլրդ դրամով կամ 40.3 %-ով։ Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ դրամային վարկերի աճը պայմանավորված է սպառողական դրամային վարկերի աճով։

Դրամային վարկերի առաջանցիկ աճը հանգեցրել է վարկային պորտֆելում արտարժութային վարկերի կշռի նվազմանը։ Եթե 2017 թվականի վերջի դրությամբ, բանկերի տրամադրած վարկերի 62 %-ը արտարժութով էր, 38 %-ը՝ դրամով, ապա 2018 թվականի վերջում արտարժութային վարկերի կշիռը, ինչպես նշեցինք, կազմել է 55 %, դրամայինը՝ 45 %: Հիշեցնենք, որ արտարժութային վարկերի պարագայում փոխարժեքների տատանումների ռիսկը մնում է վարկառուների՝ քաղաքացիների ուսերին։

Վարկերի ցուցանիշները չեն ներառում ֆինանսական և ապահովագրական գործունեությանը տրված վարկերը։ Արտարժույթով վարկերի ծավալը Կենտրոնական բանկը ՀՀ դրամով հաշվարկած է ներկայացնում։

Բանկերի վարկային պորտֆելում այսօր ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սպառողական վարկերը։ Հաջորդում են արդյունաբերության և առևտրի ոլորտներին տրվող վարկերը։ Մանրամասները կարող եք տեսնել երկրորդ ինֆոգրաֆիկայում։

Նախորդ տարվա ընթացքում ամենաշատն աճել են սպառողական վարկերը։ 2017 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ սպառողական վարկերի ծավալն աճել է մոտ 190 մլրդ դրամով կամ 37.1 %-ով։ Սպառողական վարկերը ներառում են քարտային վարկերը, ավտովարկերը, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը, ոսկու գրավով վարկերը և այլն։ Վարկերի գերակշիռ մասը տրվում են ՀՀ դրամով։ Եվ միայն քարտային վարկերն են, որոնց մեծ մասը բանկերը տրամադրում են արտարժույթով։

Արդյունաբերության ոլորտի վարկերի ծավալը ևս զգալիորեն մեծացել է։ 2017 թվականի տարեվերջի համեմատ այն աճել է  91 մլրդ դրամով կամ 21.4 %-ով։

Հիփոթեքային վարկերն աճել են 46.1 մլրդ դրամով կամ 22 %-ով,  տրանսպորտի և կապի ոլորտի վարկերը՝ 34.4 մլրդ դրամով կամ 50 %-ով, առևտրի ոլորտի վարկերը՝ 21.5 մլրդ դրամով կամ 5.1 %-ով,  շինարարության ոլորտի վարկերը՝ 17.4 մլրդ դրամով կամ 12 %-ով, սպասարկման ոլորտի վարկերը՝ 18.9 մլրդ դրամով կամ 8.7 %-ով։

Իսկ ամենափոքր աճը գրանցել են գյուղատնտեսության վարկերը, որոնց ընդհանուր ծավալը 2017 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ աճել է  4.7 մլրդ դրամով կամ 3.6 %-ով։

Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը ներառված չեն այս հոդվածում ներկայացվող ցուցանիշներում։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ գործող վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելը 2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ մոտ 372 մլրդ դրամ։ Ի տարբերություն բանկերի, վարկային կազմակերպությունները մեծ մասամբ ՀՀ դրամով են վարկեր տրամադրում։ Դեկտեմբերի վերջի դրությամբ նրանց տրամադրած վարկերի ընդհանուր ծավալի մոտ 82 %-ը դրամային են, 18 %-ը՝ արտարժույթով։

Մյուս հրապարակմամբ կներկայացնենք, թե հաճախորդներին տրամադրած վարկերի ծավալով որ բանկերն են առաջատարները Հայաստանում և ինչ փոփոխություններ են գրանցվել 2018 թվականի ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter