«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի փորձ կատարելու գործով նիստը հետաձգվեց. հանրային պաշտպանի հարազատը մահացել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր հետաձգեց «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի փորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Դավիթ Գալստյանի և վերջինիս ընկերոջ՝ Վլադիմիր Մինասյանի վերաբերյալ դատական նիստը:
Հանրային պաշտպանները նիստին չէին ներկայացել: Նրանցից Թամարա Բաղդասարյանը դատարանին տեղեկացրել էր, որ ներկայանալ չի կարող հարազատի մահվան պատճառով, Լիանա Գասպարյանն էլ տեղեկացրել էր, որ անհետաձգելի քննչական գործողության է մասնակցում:
Այս փուլում դատարանում հրապարակվում են գործի նյութերը, ուստի ամբաստանյալ Դավիթ Գալստյանը նշեց, որ դեմ չէ, որ նիստն անցկացվի առանց պաշտպանների: Դատավոր Մակյանը սակայն, հետաձգեց այն: Հաջորդ դատական նիստը մարտի 21-ին է:
Հիշեցնենք, որ բժշկական կենտրոնից փախուստի դիմելու փորձը կատարվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին: Ըստ գործի նյութերի՝ Դավիթ Գալստյանն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից հետազոտության նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ մեղադրանքի՝ Գալստյանն իր մտերիմ Վլադիմիր Մինասյանի օժանդակությամբ, զենքի գործադրմամբ փորձել է փախուստի դիմել, և գտնվելով հիվանդասենյակում՝ հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հարություն Շախպազյանին ամրակցված ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց` Արթուր Մարուքյանին, Աշոտ Աշոտյանին, Շախպազյանին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նշենք, որ ամբաստանյալների փախուստը կանխվել էր ՔՀԿ-ի և բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից: Գալստյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի զենք կրելու, հափշտակելու, ազատազրկման վայրից զենքի սպառնալիքով և այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փախուստի փորձ կատարելու մեջ:
Վլադիմիր Մինասյանը մեղադրվում է վերը նշված արարքին օժանդակելու, սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել