Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը հետաձգվեց. դատավորը վատառողջ է
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Դատարանից կողմերին տեղեկացրել էին, որ դատավոր Աիդա Դավթյանն առողջական խնդիրներ ունի:
Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության հրապարակումից հետո, հիշեցնենք, վերջիններս հանդիպել էին լրագրողների հետ, ու Արթուր Վանեցյանն ասել էր բառացիորեն հետևյալը.
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ ասում է՝ մենք ոչինչ չունենք, փաստորեն կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքը: Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպել, որ 6 մլն դոլար փող տա իրենց, իրանք էլ վերցնեն, տանեն: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան: Էդ ունեցվածքի հետ կապված՝ թե որտեղից է եղել, ապօրինի հարստացումը, իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացում չկա, փողերի լվացման համար է հարուցվել քրեական գործ»:
Այս արտահայտությունների համար է, որ Սեդրակ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Վանեցյանի դեմ:
Նշենք, որ ավելի ուշ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ասուլիսի օրը խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիաներով, ըստ էության հերքել է, թե Սեդրակ Քոչարյանն անցնում է կաշառքի առթիվ հարուցված որևէ գործով:
Սեդրակ Քոչարյանի կողմից հայցը ներկայացնելու պահին վերջինս «Կոնգրես» հյուրանոցի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել, սակայն օրեր առաջ ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափով հարկեր չվճարելու և փողերի լվացման մեջ:
Քոչարյանի մեղադրյալի կարգավիճակ ստանալը, սակայն, որևէ փոփոխություն չի մտցնի գործում: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ-ի դիմելու է դատարան:
Բանն այն է, որ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որով, ըստ Սեդրակ Քոչարյանի, կոպիտ կերպով խախտվել է իր անմեղության կանխավարկածը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել