HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշումով պատկերասրահի շենքը Ալավերդի համայնքի սեփականությունն է, սեփականության վկայականով՝ «Հայէկոնոմբանկ»-ինը

Ալավերդու պատկերասրահի շենքի պատկանելության քաշքշուկի հիման վրա հարուցված քրեական գործը Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը ուզում է կարճել վաղեմության հիմքով:

Կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի 51 որոշումը, որը սահմանում է երկրի համայնքների սեփականության գույքի ցանկը, Ալավերդու պատկերասրահի մասով 19 տարի շարունակ չի գործել: Այժմ իրավաբանական ուժ ունեցող կառավարության որոշումով պատկերասրահի շենքը Ալավերդի համայնքի սեփականությունն է, կեղծված սեփականության վկայականով՝ «Հայէկոնոմբանկ»-ի սեփականությունը: Վերջինս քողարկելու համար «Հայէկոնոմբանկ»-ը 2009թ.-ին պայմանագրով թույլատրել է Ալավերդու պատկերասրահին անհատույց գործել իր շենքի 120,3 քմ տարածքում, 2015-2016 թթ.-ին կատարել է գույքի բաժանում և սեփականատիրոջ փոփոխություն: Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի նկատմամբ կատարված ապօրինությունը 19 տարի շարունակ չի կանխվել Լոռու մարզի դատախազության կողմից:  

«Հետք»-ի հարցերին պատասխանում է  Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը:

- «Հետք»-ի՝ «Դատարանը  Քաղառի չմարած վարկերի դիմաց ճանաչել է  «Հայէկոնոմբանկ»-ի  սեփականության իրավունքը՝ Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ» հոդվածի նյութերով հարուցվել է  քրեական գործ։ Ի՞նչ ընթացքում է այդ գործը:

- Այդ հրապարակումն ինքս անձամբ 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին ուղարկել եմ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ հրապարակման հետ կապված ստուգողական գործողություններ իրականացնելու համար: Այդ գործողությունների կատարման արդյունքում, հանգել է հետևություն, որ կատարվել է ենթադրաբար Քրեական օրենսգրքի 325 հոդվածով նախատեսված հանցագործություն: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին քրօրենսգրքի 325 հոդված 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 55164918 քրեական գործը: Վերջինս նախաքննություն կատարելու համար հանձնվել է Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնին: Քրգործը այժմ գտնվում է նախաքննության փուլում:

- Մեզ հայտնի է դարձել, որ պատկերասրահի քրգործում դուք փորձում եք վաղեմության ժամկետի գործառույթ կիրառել: Հրապարակման մեջ նշել ենք, որ պատկերասրահի շենքի նկատմամբ հանցագործությունը շարունակական է, իսկ շարունակվող հանցագործության դեպքում դուք իրավունք չունեք վաղեմության ժամկետ կիրառելու: 

-Քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ Ձեր նշած հանգամանքները, ըստ երևույթին, ֆիքսված չեն: Հետաքննության մարմինը արձանագրել է, թե երբ է տեղի ունեցել ենթադրյալ կեղծիքը, որի արդյունքում էլ պատկերասրահի շենքն անցել է «Հայէկոնոմբանկ»-ի տիրապետման տակ: Ենթադրյալ հանցանք կատարող անձի հայտնի լինելու պայմաններում վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ճշտել այդ անձի դիրքորոշումը քրեական գործ հարուցելուց առաջքանի որ անցել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետները, ինչին դատախազը ոստիկանությանը հասցեագրված համապատասխան գրությամբ արձագանքել է:

- Պատկերասրահը իր շենքից վտարման շեմին է հայտնվել «Հայէկոնոմբանկ»-ի սեփականատերերի կապերի շնորհիվ: Մեզ տեղեկություն են հայտնել, որ պատկերասրահի գործով քրեական գործ հարուցելու համար Ձեր միջնորդությամբ ծառայողական քննություն է նշանակվել Թումանյանի ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանի նկատմամբ: Կբացատրեք՝ ի՞նչ է դա նշանակում:

- Ձեր հարցն ունի մի քանի կոմպոնենտՁեր կոմպոնետներին ես առանձին պատասխան կտամ: Առաջին հարցը վերաբերում էր «Հայէկոնոմբանկ»-ի սեփականատերերի՝ հանրապետությունում զբաղեցրած դիրքին: Ես Ձեզ պաշտոնապես հավաստիացնում եմ, որ անկախ բանկի սեփականատերերի ունեցած դիրքից, որևէ բան մեզ չի կաշկանդելու: «Հայէկոնոմբանկ»-ի ներկայացուցիչ չէ, ով ուզում է լինի, եթե գործում կպարունակեն հանցագործության հատկանիշներ, մենք մինչև վերջ հետևողական ենք լինելու:

Թումանյանի ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանի նկատմամբ իմ կողմից ծառայողական քննություն անցկացնելու միջնորդության մասին կարող եմ ասել հետևյալը, քրեական գործ հարուցելու որոշումը հետաքննության մարմինը պարտավոր էր 24 ժամվա ընթացքում ուղարկել հսկող դատախազին: Հսկող դատախազը  քրեական գործ հարուցելու մասին որոշման և քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել էոր կան ուղղակի հանգամանքներ, որոնք վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել վաղեմության ժամկետները լրացած լինելու պայմաններում ենթադրաբար հանցանքը կատարած անձի դիրքորոշումը: Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նմանատիպ հանգամանք վարույթ իրականացնող մարմինը հարուցման որոշում կայացնելիս չի ստուգել, չի պարզել ենթադրաբար հանցանք կատարած անձանց դիրքորոշումը: Քանի որ դուք ինքներդ Ձեր հաղորդման՝ հրապարակման մեջ ֆիքսել եք, որ այս ենթադրաբար հանցագործությունը կատարվել է «Հայէկոնոմբանկ»-ի կողմից: Եվ բնականաբար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նյութերի նախապատրաստման ընթացքում ֆիքսել՝ ով է առնչություն ունեցել այդ գործընթացի հետ և պարզել նրա դիրքորոշումը:  

Ինչ վերաբերում է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելուն, ո´չ, Թումանյանի բաժնի պետի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդություն չի ներկայացվել դատախազի կողմից: Դատախազը պարզապես էս հանգամանքի վրա հրավիրել է ոստիկանության համապատասխան ծառայության ուշադրությունը: Խոսքը վերաբերում է հարուցման որոշում կայացնող ծառայողինոչ թե ոստիկանության Թումանյանի բաժնի պետին:

- Հրապարակման մեջ նշված են ոչ միայն բանկի, այլ նաև Ալավերդու համայնքապետերի, Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի, Քաղառի լուծարային հանձնաժողովի և կադաստրի կատարած ապօրինությունները: Խնդրում եմ ասել՝ ո՞վ է իրավասու կառավարության որոշումը չեղարկելու, շրջանցելու, կամ չկատարելու:    

- Որևէ մեկը, անկախ իր կարգավիճակից, դա կլինի մարզի դատախազը, թե այլ պաշտոնատար անձ, իրավասու չէ շրջանցելու ոչ միայն կառավարության որոշում, այլև ցանկացած իրավական փաստաթղթի պահանջ:

- Մարզի դատախազության կողմից ինչո՞ւ ժամանակին չի կանխվել կառավարության որոշման նկատմամբ իրականացվող ոտնձգությունը:

- Դրա պատասխանները բացառապես պետք է տրվի նախաքննության շրջանակներում: Դրա համար մենք ստեղծել ենք բոլոր իրավական հիմքերը: Վարույթ իրականացնող մարմինը հարցում է արել կոնկրետ դատական դեպարտամենտ, պահանջել են էդ բոլոր փաստաթղթերի հիմքերը, որը դրվելու է դատարանի վճռի հիմքում: Քանի դեռ վարույթ իրականացնող մարմինը էդ փաստաթղթերը չի ուսումնասիրել, հետևաբար ես Ձեր տված հարցերին չեմ կարող պատասխանել: Մինչև այս քրեական գործը հարուցելը և այս գործը ոստիկանություն ուղարկելը, գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Ես երեկ եմ կապվել վարչության պետի հետ, ինձ ասաց, որ հարցումներ են կատարվել տարբեր իրավասու մարմինների: Հիմա այդ հարցումների պատասխանները կուղարկենես դրանք կուղարկեմ քննչական մարմնին՝ այդ ուղղությամբ էլ  քննություն կանեն:

Վստա´հ եղեք, մարզի դատախազությունը հետևողական է լինելու, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ, այդ թվում նաև այս դեպքով ենթադրյալ անձը, արժանի պատասխան տա, իհարկե, օրենքի սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter