
Ֆրանսուհին, որը որոշել է ապրել Հայաստանում
«Տուն մտնելուն պես' դեռ չբացած ճամպրուկներս, չդասավորած իրերս, միացրեցի համակարգիչն ու սկսեցի արագ-արագ տպել: Առաջին տպավորություններս Հայաստանի մասին: Առաջին տպավորությունները միշտ ամենաճիշտն են, չէի ուզում կորցնել դրանցից ամենաաննշանն անգամ: Հետո գրածս ուղարկեցի ընկերներիս: Զարմանք, ապշանք, հիացմունք... ահա նրանց արձագանքը: «Մայիտի,-ասացին նրանք,-դու պետք է ֆիլմ նկարես սրա մասին...»»:
Մայիտին պատմում է Հայաստան գալու իր պատմությունը' ֆրանսա-անգլա-հայերենախառն լեզվով, ֆրանսիական էլեգանտ ժպիտով բացելով «Գառնի» ծխախոտի տուփը:
Մայիտին ֆրանսուհի է, արդեն երեք տարի է, ինչ ապրում է Հայաստանում եւ որոշել է այստեղ մնալ ընդմիշտ: Իր վավերագրական ֆիլմում...
Սակայն, ամեն ինչ հերթականությամբ:
Փարիզում Մայիտին հեռուստալրագրող էր: 2000 թվականին նա սկսում է աշխատել երկրաբանների աշխատանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի վրա եւ նրանց հետ շրջում է ողջ Ֆրանսիայով:
Միեւնույն ժամանակ, հեռավոր ու գրեթե անհայտ Հայաստանի Շիրակի մարզի Բենիամին գյուղի մի տեղանքում, ուր պետք է կառուցվեր հիվանդանոց, հայ երկրաբանները հայտնաբերում են Աքեմենյան շրջանի հուշարձաններ եւ կտրականապես արգելում շինարարությունն այդտեղ: Կարեւոր գտածոն այնքան է հետաքրքրում ֆրանսիացի երկրաբաններին, որ նրանք որոշում են գալ Հայաստան եւ հայ գործընկերների հետ ուսումնասիրել հուշարձանները: Մայիտին միանում է նրանց:
«Այստեղ մնացինք մեկ շաբաթ: Դեռ այդ ժամանակ, մինչեւ Ֆրանսիա վերադառնալս ու ընկերներիս գրելը, հասկացա, որ վերադառնալու եմ այստեղ եւ երկրորդ ֆիլմը նկարեմ: Այս անգամ' Հայաստանի մասին»:
«Մայր Հայաստան» ֆիլմն արված է ճամփորդական գրառումների տեսքով:
Գործողությունը սկսվում եւ հիմնականում ընթանում է Գյումրիում:
«Ես իմ առջեւ նպատակ չէի դրել ֆիլմում ցույց տալ ողջ Հայաստանը: Սա շատ անձնական ֆիլմ է, այստեղ այն ամենն է, ինչ ինքս տեսել եւ զգացել եմ այստեղ գտնվելիս: Ֆիլմը նկարել ենք 2 տարի' այդ ընթացքում երեք անգամ այցելելով Հայաստան: Հայաստանն ինձ համար ծայրահեղությունների երկիր է, եւ ես ցանկանում էի, որ մարդիկ այն տեսնեին իր բոլոր դրսեւորումներում. եւ տաք, գեղեցիկ ամռանը, եւ սառը ձմռանը, երբ որոշ վայրերում ջերմաստիճանը հասնում է 35 աստիճանի:
Ինչու՞ Գյումրի: Որովհետեւ ամեն ինչ սկսվեց հենց այնտեղից»:
Ֆիլմում Մայիտին ցույց է տալիս մարդկանց առօրյան, հոգսերն ու ուրախությունները, այցելում է տնակներ, ուր բնակիչներն անմիջապես սեղան են գցում եւ սկսում արտահայտել իրենց կարծիքն ամեն ինչի վերաբերյալ' սկսած խորհրդային կարգերից մինչեւ ներկայի «փառք աստծու, ոչինչ, ապրում ենք, մեզանից վատ ապրողներ էլ կան» իրավիճակը: Այս արտահայտությունը լիովին բնութագրում է հայերին, հատկապես գյումրեցիներին. օտարերկրացիներին պիտի միայն լավ ներկայանանք:
Հետո Մայիտին շրջում է շուկաներում, ուր մարդիկ ծածկում են դեմքերը եւ մրմնջում, որ այստեղ ամեն ինչ վատ է, թող հենց այդպես էլ ասեն «տելեվիզորով»:
Ֆիլմի մի դրվագում տնակում տեղակայված դպրոցում երգեցողության դաս է: Մյուս դրվագում մեքենա «դզող-փչողը» ջութակ է նվագում:
«Քանի ցուրտ տնակներում երեխաները երգում են, ու արդեն քանի տարի է մեքենաների վրա աշխատող ջութակահարը դեռ պահպանում է իր ջութակը, կարելի՞ է, արդյոք, կասկածել, որ այս ազգը միշտ կգոյատեւի»,-ասում է Մայիտիի զրուցակիցներից մեկը:
Նկարահանման ընթացքում հաճախ են ստիպված եղել շեղվել սցենարից: Որոշ հերոսներ ֆիլմում հայտնվել են պատահական հանդիպման արդյունքում: Այդպես է եղել նաեւ այս ջութակահարի հետ:
Նրան Մայիտին հանդիպել է Գյումրիում նկարահանման նախավերջին օրը: Երկու օրից պետք է մեկնեին Երեւան, ու հանկարծ մեքենայի ինչ-որ մաս փչանում է: Մի տղամարդ խոստանում է մեկ օրում վերանորոգել մեքենան:
«Հաջորդ առավոտյան նա մրոտ, կեղտոտ ձեռքերով եկավ թանգարան, ուր ավարտում էինք նկարահանումները եւ ասաց, որ մեքենան պատրաստ է: Ես սկսեցի շնորհակալություն հայտնել նրան: «Շա՞տ էր դժվար»,-հարցրեցի: «Հաստատ պակաս դժվար, քան սիմֆոնիան կամ ռե մինորը»,-ծիծաղեց նա: Այդպես իմացա, որ նա ջութակահար էր, որ արդեն մի քանի տարի, ելնելով կենցաղային պայմաններից, ավտոմեքենաների գործով է զբաղվում: Անմիջապես ընդգրկեցի նրան ֆիլմում»:
Նկարահանումների ընթացքում, այնուամենայնիվ, եղել են նաեւ, մեղմ ասած, ոչ շատ հաճելի պահեր: Գյուղերից մեկում գյուղացիները մատաղ են անում եւ որոշում են օտարերկրյա հյուրերին արժանացնել մատաղը իրենց հետ կիսելու բարձր պատվին: Սակայն օտարերկրացիների արձագանքը նրանց գցում է տարակուսանքի մեջ: Ֆրանսիացիները սարսափահար աչքերով հետեւում են գառին մորթելու արարողությանը, թափահարում են գլուխները եւ կտրականապես մերժում համտեսել «սուրբ միսը»:
«Նրանք բոլորը հավաքվեցին մեր շուրջը, եւ թարգմանիչը շշնջաց, որ հրաժարվել չի կարելի, դրանով վիրավորում ենք մարդկանց: Նրանք բոլորը ծածուկ հետեւում էին արգանակով լի մեր ափսեներին: Այլ ելք չունեինք: Ի վերջո, ստիպեցինք մեզ մեկական գդալ ուտել արգանակից: Ծիծաղելի էր. բոլորս միասին արագ կերանք մեկ գդալ եւ անմիջապես մեկ բաժակ օղի դատարկեցինք ստամոքսներս»:
«Ֆիլմն ամենից առաջ ֆրանսիացիների համար է»,-ասում է Մայիտին:
Իրոք, միգուցե մեզ' Հայաստանում ապրողներիս, ֆիլմը ոչ մի նոր բան չասի: Մեզ քաջ ծանոթ մեր ուրախություններն են, մեր խնդիրները: Սակայն ֆրանսիացիների արձագանքը միանշանակ էր' ուժեղ շոկ:
«Իսկ սփյուռքահայերն ինձ ասացին, որ շատ ֆիլմեր են տեսել Հայաստանի մասին, բայց դրանցում միայն Հայաստանի լավ կողմերն են, երբեք չեն խոսում խնդիրներից»:
Ֆիլմը ցուցադրվեց Ֆրանսիայի տարբեր ալիքներով: Ֆրանսիայում Հայաստանի տարվա ընթացքում այն ցուցադրվելու է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում:
Ֆիլմը նկարահանելուց հետո Մայիտին շարունակում էր իր աշխատանքը Ֆրանսիայում:
«Ֆրանսիայում ծանր ժամանակներ էին, գործազրկության հետ կապված մեծ խնդիրներ: Ազատ լրագրողի համար, ինչպիսին ես եմ, դժվար էր աշխատանք գտնել: Որոշեցի' ինչու՞ չտեղափոխվել Հայաստան: Ընդմիշտ: Վաճառեցի բնակարանս, մեքենաս, թողեցի աշխատանքս ու եկա»:
Հայաստանում երկարատեւ ապրելու օտարերկրացիները գալիս են հիմնականում որեւէ նախագծի շրջանակներում: Ասենք' ՄԱԿ-ի ծրագրերով: Այստեղ նրանց ապահովում են բնակարանով եւ լավ վարձատրվող աշխատանքով: Ոմանք գալիս են երկարատեւ ճամփորդության համար: Սակայն առաջին անգամ էի լսում, որ Հայաստան կարելի է գալ խնդիրներից փախչելու համար:
Մայիտին այստեղ աշխատում է «Ֆրանս-Արմենի» թերթի համար: Դա Ֆրանսիայում ապրող հայերի թերթն է, որ լուսաբանում է Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները տեղի հայերի համար: Մայիտին այդ թերթում միակ ոչ հայ եւ Հայաստանից գրող լրագրողն է:
«Այստեղ բոլորը կարծում են, որ բոլոր օտարերկրացիները շատ հարուստ են,-ծիծաղում է Մայիտին:-Զարմանում են, որ «Գառնի» եմ ծխում, այլ ոչ «ֆիրմա» ծխախոտ: Զարմանում են, որ գնում եմ շուկա եւ ինքս եմ կերակուրս պատրաստում, ասում են' այստեղ ֆրանսիացիները ռեստորանում են ուտում: Եթե 1կգ ելակը հայերի համար արժե 1000 դրամ, ինձ համար' 2000 դրամ:
Մի բան էլ շատ զավեշտալի է այստեղ: Մի անգամ առողջական խնդիրներ ունեի, գնացի բժշկի: Չես պատկերացնում' ինչքան էի մշակել այն մի քանի նախադասությունները, որ պիտի ասեի իրեն: Գրեթե մաքուր հայերեն պատմեցի նրան պրոբլեմս: Իսկ բժիշկը բացեց բերանը ու... սկսեց ռուսերեն խոսել: Պարզվում է' նա հայերեն չգիտեր էլ: Անչափ զարմացավ, որ չեմ հասկանում իրեն: Մյուսներն էլ են զարմանում: Մի կին մի անգամ ասաց. «Ինչպե՞ս, ողջ աշխարհը ռուսերեն է խոսում, իսկ դու չգիտե՞ս»»:
«Այստեղ կյանքն ինձ դուր է գալիս: Եվ դա ասում եմ ոչ որպես շատ փող ունեցող արտասահմանցի, որ գալիս է այստեղ, ճանապարհորդում է գեղեցիկ վայրերով, չի առնչվում ոչ մի պրոբլեմի, ոչ էլ ասում եմ սփյուռքահայերի նման, որոնց մեծ մասն, ըստ էության, չի ճանաչում իրական Հայաստանը: Ես ապրում եմ այստեղ, ծանոթ եմ խնդիրներին. դրանք, իհարկե, շատ են: Ինձ Հայաստանում շատ բան դուր չի գալիս. օրինակ' բոլոր կանոնների կատարյալ բացակայությունը, հատկապես երթեւեկության կանոնների: Չեմ սիրում հայերի' իրենց ցուցադրելու հանդեպ մեծ սերը: Եթե համեմատեմ Ֆրանսիայի հետ, Ֆրանսիան համարվում է հարուստ, Հայաստանը' աղքատ երկիր: Սակայն Ֆրանսիայում, երբ դուրս գաս փողոց, հինգ մեքենաներից մեկն է շքեղ, այստեղ' հինգից չորսը: Չեմ սիրում աղտոտված փողոցները: Չեմ սիրում, որ ամեն ինչի համար փող են ուզում: Բայց ես նկատում եմ նաեւ արժեքներ, որոնք ինձ համար անգնահատելի են: Այստեղ մարդիկ ողջ կյանքը չեն նվիրում փող աշխատելու համար վազվզելուն, ինչպես Ֆրանսիայում: Այստեղ ես ճանաչում եմ հարեւաններիս, ինչ-որ խնդրի դեպքում կարող եմ անմիջապես դիմել իրենց, մենք միասին երբեմն սուրճ ենք խմում առավոտյան...»:
Ի դեպ, երբ առաջին անգամ գնում էի Մայիտիի տուն, նրան խնդրեցի բացատրել միայն շենքի մոտավոր տեղը: Գիտեի' շրջակայքում ցանկացած խանութ մտնեմ, ցանկացած դուռ թակեմ ու ասեմ' Մայիտիին եմ փնտրում, անմիջապես ցույց կտան նրա բնակարանը: Այդպես էլ եղավ:
Մեկնաբանել