HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աղետի գոտու Հարթագյուղ համայնքում՝ գյուղատնտեսական հողերի մշակման ստարտափ. ծրագրի առաջին ներդրողները հոլանդացիներն են

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը հոլանդացի բարերարների աջակցությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակում է իրականացնում. ստարտափն արդեն գործում է 2 տարի, ծրագիրն այլ համայնքներում շարունակելու համար հիմնադրամը ներդրողներ է փնտրում:

«Մեր ծրագիրը միտված է Հարթագյուղ համայնքի զարգացմանը, գործող ռեսուրսներն ուժեղացնում ենք, ինչ չկա ներմուծում ենք, որպեսզի համայնքը զարգանա: Համայնքը շատ մեծ ռեսուրս ունի ճիշտ գյուղատնտեսություն զարգացման համար»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմում է հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը:

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամն ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ գյուղի 500 հեկտար հողատարածքից մշակվել է ընդամենը 130 հեկտարը:

 «Պատկերացրեք՝ որքան ահռելի թիվ են կազմում չմշակված հողատարածքները, ու այդպես` 25-ից 30 տարի»,- ասում է Անտոնյանը:

Մարիամ Անտոնյանի խոսքով՝ ծրագրում ներառված հողատարածքները, որոնք արդեն իսկ մշակվում են, գյուղացիների սեփականությունն են:

«Այդ ընտանիքների համար ստեղծում ենք մոտիվացիա՝ եկամուտ, որը գյուղացին պետք է ստանա, գտնում ենք վաճառքի ուղիները, կապում ենք գնորդին և արտադրողին: Մոտիվացիայի առկայության դեպքում գյուղացին կշարունակի մեր սկսած գործը: Խնդիրը հենց դա է՝ ստեղծել այդ միջավայրը, որի արդյունքում չմշակված՝ դեգրադացիայի ենթարկված հողերը կմշակվեն»,- ասում է ծրագրի հեղինակը:

Ծրագրի երկու տարվա աշխատանքների իրականացման համար հոլանդացի բարերարներն արդեն ներդրել են 100 հազար եվրո։

«Մենք աշխատում ենք հոլանդացի հովանավորների հետ միասին, ծրագիրը հետաքրքրություն ունի Հոլանդիայում, որովհետև իրենք այնպիսի մարդիկ են, որ սիրում են հողը մշակել, և երբ տեսնում են, որ նման ռեսուրսը չի օգտագործվում, մեծ ցանկությամբ աջակցություն են տրամադրում: Հայաստանում հետաքրքրությունը կլինի այն, որ սպառողը հետաքրքրվի օրգանական և մաքուր բնամթերքը գնելով և կօգնի հենց գյուղին»,- ասում է Մարիամը:

Հարթագյուղը 1988 թվականի երկրաշարժի աղետի գոտու ավերված բնակավայրերից է. գյուղն այժմ բաժանված է երկու մասի՝ հին ու նոր։ Հինը վնասված է ամբողջությամբ, նորը տարբեր ծրագրերի միջոցով կառուցված տներ են: Գյուղի տղամարդիկ էլ հիմնականում ապրուստը վաստակում են արտագնա աշխատանքի միջոցով: 

«Գյուղը փոքր չէ՝ 450 տնտեսություն կա, 1400 բնակիչ, բայց գյուղում նորմալ արտադրություն, անգամ խանութ չկա: Գարունը հենց բացվում է, գյուղում տղամարդ չի մնում, բոլորը մեկնում են Ռուսաստան, և դա ուղղակի չարիք է, ՌԴ-ից բերում են շատ քիչ փող, բայց շատ մեծ խնդիրներ»,- պատմում է Մարիամ Անտոնյանն ու հավելում՝ ծրագրի էությունը նաև ներգաղթ ապահովելն է:

«Այս հարցում առաջին կարևոր քայլն ունենք՝ մի երիտասարդ, ով որոշել էր իր գյուղում չի ապրելու, ապրելու է Երևանում կամ Հայաստանից դուրս, ծրագրի արդյունքում մեզ հետ աշխատեց և շատ ոգևորված ասաց, որ հետ է վերադառնում համայնք՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, մասնագիտությամբ էլ ագրոնոմ է»:

Մարիամ Անտոնյանը չի կասկածում, որ ծրագիրն արդյունավետ կլինի, ասում է՝ շուկան որակյալ ապրանքի պահանջարկ ունի:

«Մեր երազանքն է հասնել նրան, որ չմշակված հողերը մշակվեն, իսկ երբ մշակվեն, գյուղացու խնդիրները կլուծվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter