
ՊԵԿ-ը պարզաբանում է «Ապագա տուր» ընկերության վերաբերյալ հրապարակումը
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել փետրվարի 25-ին «Հետք»-ի հրապարակած «Կյանքը «զոնայում» և «զոնայից» դուրս.«Ապագա տուրի» սեփականատերը՝ համակարգի ճնշումների մասին» վերնագրով հրապարակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ապագա Տուր» ՍՊԸ-ն իրականացնում է հանգստի, զվարճանքի ու հանրային սննդի կազմակերպման գործունեություն, իսկ «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊԸ-ն միայն զվարճանքների կազմակերպման գործունեություն:
Սույն թվականի հունվարի 14-ին հարկային մարմինը ստացել է դիմում-բողոք, որով, ի թիվս այլ գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում գտնվող ռիսկերի, նաև նշվում էր.
«Մատուցվող ծառայությունների համար «Ապագա Տուր» և «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊ ընկերությունների համապատասխան աշխատակիցներն ընտրողաբար և սեփական հայեցողությամբ են քաղաքացիներին ՀԴՄ կտրոններ տրամադրում կամ ընդհանրապես չեն տրամադրում: Հատկապես՝ սննդի վաճառքի, ընկերության տարբեր ավտոմեքենաներով քաղաքացիներին զբոսանքի տանելու համար գանձվող գումարների համար ՀԴՄ կտրոններ կամ չեն տրամադրվում կամ դրանք տրամադրվում են աշխատակիցների սեփական հայեցողությամբ»
Բողոքում նշված ռիսկերը ճշտելու նպատակով 22.01.2019թ.՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊԸ-ում, իսկ 05.02.2019թ.` «Ապագա Տուր» ՍՊԸ-ում, իրականացվել է ռիսկերի տեսողական նույնականացում, որի արդյունքում՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊԸ-ում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը չեն նույնականացվել, իսկ «Ապագա Տուր» ՍՊԸ-ում այդ ռիսկերը նույնականացվել են: Բացի այդ, հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալները (ՀԴՄ-ի անվանացանկը) ցույց են տալիս, որ «Ապագա Տուր» ՍՊԸ-ի կողմից տպվող ՀԴՄ կտրոններում շատ քիչ տեսակարար կշիռ են կազմում այլ ծառայությունների դիմաց տպված ՀԴՄ կտրոնները:
Նշվածի հիման վրա՝ «Ապագա Տուր» ՍՊԸ-ի մոտ 08.02.2019թ. հրապարակվել է ՀԴՄ կիրառման կանոնների ճշտության ստուգում, իսկ «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊԸ-ում հարկային մարմնի կողմից հսկողական միջոցառում չի նախաձեռնվել, քանի որ ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկեր չեն նույնականացվել (չնայած բողոքի առկայության հանգամանքին):
«Ապագա Տուր» ՍՊԸ-ի մոտ` 14.02.2019թ-ին, ստուգումն իրականացնող հարկային ծառայողների կողմից Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հանգստի գոտում գտնվող հանրային սննդի կազմակերպման կետից կանխիկով կատարվել է գնում 32340 դրամի չափով` սնունդ, որի համար ընկերության աշխատակցի կողմից տրամադրվել է համապատասխան գումարի ՀԴՄ կտրոնը: Այնուհետև, որպեսզի հարկային ծառայողները ստուգման շրջանակներում համոզմունք ձեռք բերեն ընկերության կողմից մատուցվող այլ ծառայությունների դիմաց ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցում (քանի որ բողոքում նշվել էր ինչպես հանրային սննդի ծառայության դիմաց ՀԴՄ կտրոն չտրամադրելու ռիսկի, այնպես էլ` այլ ծառայության դիմաց ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ռիսկերի վերաբերյալ), ձիարշավ կազմակերպելու համար վճարվել է ևս 4000 դրամ, որի դիմաց ընկերության կողմից ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:
Հրապարակման մեջ նշվում է, որ «Օրեր առաջ էլ եկել են հարկային մարմինների չորս աշխատողներ, 33 հազար դրամի կերել-խմել, քեֆ արել, որոնցից երեքը նաեւ խմել են 250 գրամ տնական օղի։ Ծածուկ նպատակը՝ հսկիչ գնում կատարելը։ Իրենց կերած-խմածի հաշիվը փակելիս ակնարկել են, թե ՀԴՄ կտրոն չենք տալու, բայց նույն պահին մեր աշխատակիցը ներկայացրել է արդեն տպված կտրոնը։ Տեսնելով, որ էդ անգամ չստացվեց, ցանկություն են հայտնել ձի նստելու։ Մեր աշխատակիցներն արդեն հասկացել են, որ էդ ամեն ինչն արհեստական է։ Երկրորդ հսկիչ գնումը կատարել են բացարձակ խախտումներով եւ միանգամից ակտ գրել։ Այդ ակտը մենք արդեն բողոքարկել ենք Դատախազության միջոցով»:
Վերը նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀԴՄ կիրառության ճշտության ստուգումները նախքան համապատասխան գնում կատարելը չեն կարող բացահայտվել (ինչպես նշված է հրապարակման մեջ` իրականացվում են «ծածուկ») և հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագիրը ծանոթացման է ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչև ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո:
Ստուգումն իրականացրած աշխատակիցների կողմից իրականում պատվիրվել է օղի, քանի որ առնվազն կասկածելի կլիներ և հրապարակման հեղինակի կողմից նշված «ծածուկ» եղանակը կարող էր չպահպանվել, եթե չորս տղամարդու կողմից հանրային սննդի հետ չպատվիրվեր նաև օղի: Ինչ վերաբերում է օղին խմելուն, ապա այն չի համապատասխանում իրականությանը և նման արտահայտությունների նպատակը կարող է լինել միայն հանրությանը խախտումը թույլ տալու փաստից շեղելը, քանի որ պատվիրված օղին ստուգումն իրականացրած հարկային ծառայողները չեն խմել (թափվել է):
Հրապարակման մեջ նշվում է, որ «Երկրորդ հսկիչ գնումը կատարել են բացարձակ խախտումներով եւ միանգամից ակտ գրել», ապա հայտնում ենք, որ այն նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ խախտումը արձանագրելու պահին ստուգումն իրականացնող հարկային ծառայողների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 18.02.2019թ. կազմվել է ստուգման ակտի նախագիծ, ինչը սահմանված կարգով ուղարկվել է հարկ վճարողին:
Հարկային մարմինը հորդորում է հարկ վճարողին, պահպանել հարկային օրինապահությունը և կանխիկ եղանակով վաճառքներ իրականացնելու դեպքում` պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոնները ինչպես հանրային սննդի, այնպես էլ` այլ ծառայությունների դիմաց:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել