HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կյանքը «զոնայում» և «զոնայից» դուրս․ «Ապագա տուրի» սեփականատերը՝ համակարգի ճնշումների մասին

Մոտ մեկ ամիս է պետական տարբեր մարմիններ, մեկ անանուն նամակի հիմքով ստուգումներ են իրականացնում Ենոքավանի «Ապագա տուր» ընկերությունում եւ Yell Extreme park-ում։ Մի ստուգմանը մեկն է հաջորդում՝ ՍԱՊԾ, «Հայանտառ», հարկային մարմիններ եւ այլն։

«Ապագա տուր»-ի սեփականատեր, «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից նախորդ տարվա ԱԺ ընտրություններում առաջադրված Արտակ Չիբուխչյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ են փնտրում ստուգողները Հայաստանի ամենանշանավոր տուրիստական վայրերից մեկում՝ Ենոքավանի «Ապագա ռեզորթում»։ Պարզվում է՝ «Ապագա ռեզորթում» անհասկանալի, չհիմնավորված ու հետագայում չարդարացված ստուգումներ իրականացվել են նաեւ նախկինում։

Իրավիճակը հասել է մի կետի, որ գործարարը կասկածում է՝ շարունակե՞լ գործունեությունը, թե ոչ։ Տուրիստական համալիրի նկատմամբ տարբեր ժամանակներում տեղի ունեցած ճնշումները շարունակական սթրես են հասցնում գործարարին ու նրա ընտանիքի անդամներին։

Նախապատմություն 

«2000 թվականից, որպեսզի կարողանամ տարեց ծնողներիս կողքին գոտնվել, Դիլիջան քաղաքում եւ իմ պապական Ենոքավան գյուղում ներդրումներ եմ սկսել։

Երկար ուսումնասիրելուց հետո որոշեցի զարգացնել ակտիվ հանգիստը, որպեսզի ժողովուրդն էդ սոցիալական պսիխոզից դուրս գա։ Դա այն տարիներն էր, երբ Երեւանից Դիլիջան էին հասնում 3 ժամում, երբ Իջեւանում շինանյութի մեկ խանութ էլ չկար»,-պատմում է Չիբուխչյանը։

Դիլիջանում ես եմ ֆինանսավորել առաջին օթեւանատներին՝ b&b-ները, որպեսզի դիլիջանցիների համար բիզնեսը կազմակերպելու դասընթացներ անցկացվեն, որպեսզի դիլիջանցին իմանա ինչպես հովեկներ ընդունել եւ գումար վաստակել։ Բայց երկու տարի հետո դիլիջանցիների տները երեւանցիները գնեցին, դարձրին ամառանոցներ, Կենտրոնական բանկը կառուցեց իր քոթեջները, հետո հյուրանոցներ կառուցվեցին, օթեւանատները մահացան, դիլիջանցին մնաց առանց եկամուտի։

Ենոքավանում ավելի հաջող ստացվեց, որովհետեւ փոքր համայնք է, կարողացանք պահել, որպեսզի այն Գոշ գյուղի նման չվերածվի ամառանոցային հանգրվանի։ Մեր նախագծին որեւէ սոցիալական հնչեղություն չտվեցի, այնինչ այն հետո է բիզնեսի վերածվել։

Իմ գործունեության հիմքը միշտ եղել է ՀՀ Անկախության հռչակագիրը։ Չեմ ընդունում ոչ Սահմանադրությունը, ոչ օրենքները։ Ենոքավանից դուրս ոչ մի բիզնես չեմ դրել, որովհետեւ չեմ ցանկացել շփվել Հայաստանի որեւէ պետական կառույցի եւ օրենքների հետ, որովհետեւ դրանք հակասում են Անկախության հռչակագրին։ Հռչակագրով Արցախը եւ մենք մեկ պետություն ենք։ Մենք պետք է լինեինք սոցիալական եւ իրավական պետություն, վերածվեցինք օրենքի պետության։ Չի կարող օրենքը իշխել իրավունքի վրա։ Իսկ մեզ մոտ հենց այդպես է։

Ոչ ոք էն ժամանակ չէր մտածի, որ Դիլիջանից էն կողմ կարելի է տուրիստ տանել։ «Ակտիվ հանգիստ», «ընտանեկան հանգիստ» ձեւակերպումները հայկական շուկա ներմուծեցինք մենք։ Մենք չեկանք հայկական շուկայի բլիթից մի կտոր վերցնելու։ Բլիթը մեծացրինք եւ վերցրինք մեր բաժինը։ Մենք ոչ մի տուրիստական կազմակերպության չխանգարեցինք, հակառակը՝ բոլորին գործ տվեցինք։

Ենոքավանը, որը նույնիսկ խորհրդային տարիներին համարվում էր անհեռանկար գյուղ, կարող է զարգանալ։ Մենք փորձեցինք այդ գյուղը կարգի բերել։ Մեզ վրա վերցրինք այն ծախսերը, որոնք պետք է աներ պետությունը։ Ճանապարհ սարքեցինք, բարձրավոլտ հոսանքի գիծ քաշեցինք, ջրի կապտաժներ սարքեցինք եւ այլն։ Եվ այդ ընթացքում այնքան հարկեր վճարեցինք, որոնցից կարող էինք օրինական ճանապարհով խուսափել։ Ես դա անում էի, որպեսզի չառերեսվեմ պետական մարմինների հետ։ Ես աշխարհի հարկ եմ տվել, որ ինձ չկպչեն։ Եթե աուդիտ անցկացնեն, կպարզեն, որ մոտ 80 տոկոսով ավելի հարկ եմ վճարել, քան կարող էի օրինական ճանապարհով խուսափել։ Անում էի, որ ինձ չկպչեն։ Ու չէին էլ կպչում։ Բոլորն էլ հարգել են մեր գործունեությունը»։

«Միրումյանի գրասենյակի» խորամանկությունը  

«Մեզ առաջարկ էին արել, եւ մենք էլ համաձայնել էինք, որ մեր հաշվապահությունն իրականացնի Իջեւանի հաշվապահական գրասենյակը։ Ինձ հետ ծանոթացավ ՊԵԿ ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, որը նմանատիպ գրասենյակների համակարգող էր Հայաստանով մեկ։ Բոլոր հարկային կառույցների շենքերում գտնվում էին հաշվապահական գրասենյակներ, որոնք համոզում էին, որպեսզի հաշվապահությունն իրենք վարեն։ Համբարձումյան Վահագն ինձ բաց տեքստով ասաց՝ քանի որ այս գրասենյակների փայատերերից մեկը ՊԵԿ նախագահի տեղակալ Միրումյան Վախթանգն է, այդ իսկ պատճառով իրենք հատուկ ծրագիր են գրել, որի մեթոդաբանության հեղինակը Միրումյանն է, դա լինելու է աշխարհի լավագույն հաշվառումը եւ այլն։ Մի խոսքով, համոզեցին, եւ մեր հաշվապահությունը վարեցին։ Հետո մեզ վրա շատ տարօրինակ ստուգում բացվեց ՊԵԿ-ի կողմից, որի ընթացքում հարցեր էին առաջ քաշում, որոնց կարող էր տեղյակ լինել միայն մեր հաշվապահությունը վարող կազմակերպությունը։

2016 թվականին նոր ստուգում բացեցին։ Մեկ ամիս ստուգումներից հետո ոչինչ չհայտնաբերեցին, ստուգումը երկարացրին 10 օրով եւ ակտ գրեցին, թե իբր ունեցել ենք խախտումներ։ Սխալվեցին։ Մենք բողոքարկեցինք ակտը, եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած տեսչական մարմինն այդ ակտն ի չիք համարեց»։

Ստուգումներ եւ արգելանք՝ հեղափոխական 2018-ին 

«Նոյեմբեր ամսին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատ կուսակցությունն ինձ խնդրեց Տավուշի մարզում ռեյտինգային ցուցակում առաջադրվել թեկնածու։ Առաջարկն ընդունեցի։

Նոյեմբերի 14-ին կալանքի տակ վերցվեցին մեր երկու ընկերութունների՝ «Ապագա տուրի» եւ «Yell Extrim Park»-ի հաշիվները։ Այդ մասին ես իմացա երկու օր անց, երբ փորձեցի հարկեր փոխանցել։ Կալանք դրված էր, որովհետեւ կային հարկային պարտավորություններ։ Այո, կային հարկային պարտավորություններ, որովհետեւ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հարկայինից մեզ զանգում եւ խնդրում էին հարկերը մի փոքր ուշ փոխանցել, որովհետեւ վարչապետ Փաշինյանի հորդորից հետո Իջեւանում բոլորը բարեխղճորեն ձեւակերպել էին իրենց աշխատողներին, եւ շատ հարկեր էին գոյացել։ Այսինքն տարօրինակ, արհեստական թվացող դինամիկա էր ձեւավորվել։ Մարդիկ Նիկոլ Փաշինյանին հարգում, սիրում են, բայց փոքր եւ միջին բիզնեսը գնաց ինքնասպանության։ Սկսեց վճարել էն չափի հարկեր, մտան էնպիսի հարկային բեռի տակ, որին չեն կարող դիմանալ։ Եվ հիմա էլ փոքր ու միջին բիզնեսը գտնվում է ահավոր ծանր վիճակում։

Մենք ունեինք պարտավորություններ 6 միլիոն դրամի չափով, բայց թաքցրած հարկեր չկային։ Այսինքն՝ ես պարտավորությունների ուշացման համար վճարում եմ տուգանք, որը գնում է պետությանը, ոչ թե՝ իմ գրպանը։ Ըստ կանոնակարգի դիմեցինք հարկային, մեզ ասացին, որ էդ պարտավորությունների դիմաց գույք գրավադրենք, սահմանելով նաեւ վճարման ժամանակացույց։ Ամեն ինչ արեցինք։ Դեկտեմբերի 26-ին բարձրագույն մակարդակով՝ վարչապետին, ՊԵԿ նախագահին եւ այլոց դիմելուց հետո միայն «Ապագա տուրի» հաշիվները կալանքից հանեցին, որից հետո մենք կարողացանք մեր բիզնես պարտավորությունները մասամբ կատարել։ «Yell»-ի հաշվիներն էդպես էլ մնացին կալանքի տակ եւ ազատվեցին հունվարի 24-ին՝ ավելի քան 80 օր կալանքի տակ մնալուց հետո։ ՊԵԿ-ում սա բացատրում էին նրանով, որ հարկային համակարգում ինչ-որ ռոբոտ ա «աշխատում», եւ էդ ռոբոտն ա վերցրել կալանքի տակ, ընթացակարգն է այդպիսին։

Այս դեպքով պետք է դատախազությունը զբաղվի։ Արդյունքում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները մենք վնասով փակեցինք, այնինչ պետք է մոտ 25 տոկոսի չափով օրգանական աճ ունենայինք։ Պետությունն էլ վնաս կրեց՝ զրկվելով հարկերից։

ՊԵԿ-ի բոլոր ծրագրերը, որպես մասնագետ եմ ասում, գրվել են Խաչատրյան Գագիկի ժամանակ, ամենավատ մասնագետների կողմից։ Ցանկացած «ԱրՄաթ» լաբորատորիայի սան ավելի լավ ծրագիր կարող է գրել»։

Անանուն նամակի հետքերով

«Հունվարի 14-ին A1plus.am կայքում անանուն նամակ է հրապարակվում՝ ուղարկված «Կանաչ Հայաստան» գոյություն չունեցող նախաձեռնության էլեկտրոնային փոստից եւ ստորագրված «Օրինապաշտ քաղաքացի» գոյություն չունեցող նախաձեռնության, ինչպես նաեւ «մի խումբ ենոքավանցիների» կողմից։ Նամակի տեքստից հասկացվում է, որ այս անանուն նամակի հեղինակը որոշ իրավաբանական գիտելիքներ ունի եւ որոշ բաներ էլ գիտի մեր մասին։ Բերված տեղեկություններն առնչվում են մեր գործունեության բոլոր ոլորտներին՝ սննդի ծառայություն, ջրօգտագործում, տուրիզմ եւ այլն, բայց ակնհայտ է, որ կողքի դիտողի նամակ է սա։

Նամակը հրապարակելու օրը եւեթ մեզ մոտ գալիս են ստուգումների։ Առաջինը եկավ ՍԱՊԾ-ն ու ապշեց, պարզելով, որ մեր մթերքը ստուգված է, աշխատակիցներն ունեն սանգրքույկ, ունենք պայմանագրեր տեղական մատակարարողների հետ եւ այլն։ Եվ այդպես մեզ մոտ եկան ՀՀ կառավարման բոլոր կառույցներից՝ հանրապետական մակարդակով։ «Հայանտառի» տնօրենն եկավ, թե իբր անտառը փրթել ենք։ Տեսան, որ չենք փրթել։ Իբր՝ անօրինական փայտամթերք ենք ձեռք բերել, բայց տեսան, որ օրինական ենք ձեռք բերել։ Եկան բնապահպանական տեսչությունից, ջրօգտագործողների միությունից եւ այլն։ Թե էլ ովքեր են գալու, չգիտեմ։

Հսկիչ գնումներ՝ հարբած հարկային ծառայողների կողմից

«Օրեր առաջ էլ եկել են հարկային մարմինների չորս աշխատողներ, 33 հազար դրամի կերել-խմել, քեֆ արել, որոնցից երեքը նաեւ խմել են 250 գրամ տնական օղի։ Ծածուկ նպատակը՝ հսկիչ գնում կատարելը։

Իրենց կերած-խմածի հաշիվը փակելիս ակնարկել են, թե ՀԴՄ կտրոն չենք տալու, բայց նույն պահին մեր աշխատակիցը ներկայացրել է արդեն տպված կտրոնը։ Տեսնելով, որ էդ անգամ չստացվեց, ցանկություն են հայտնել ձի նստելու։ Մեր աշխատակիցներն արդեն հասկացել են, որ էդ ամեն ինչն արհեստական է։ Երկրորդ հսկիչ գնումը կատարել են բացարձակ խախտումներով եւ միանգամից ակտ գրել։ Այդ ակտը մենք արդեն բողոքարկել ենք Դատախազության միջոցով։

Այս ամեն ինչի մասին առաջին անգամ եմ բարձրաձայնում։ Որպես բիզնեսմեն, որպես քաղաքական գործիչ՝ հենց նոյեմբերի 14-ին կարող էի բարձրաձայնել մեր հաշիվները կալանքի տակ վերցնելու մասին։ Դրանով ես օգնած կլինեի հակահեղափոխությանը։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կերպարը հեղափոխության կերպարն է, եւ մեզնից ոչ ոք չի ուզում՝ այդ կերպարը խաթարվի։ Ցավոք սրտի, այս մարդու ասածն ու ցանկությունները, քայլերը ձախողելու տանող մարդիկ կան։ Նա ասես քայլում է Գյումրիից Երեւան, բայց ոտնամանները թարս է հագել։ Եվ սա իր մեղքը չէ»։

«Զոնայի» օրենքներից դուրս ու խոցելի

«Հոկտեմբեր ամսին, երբ վարչապետը հանդիպեց գործարարներին, ես իրեն ասացի՝ էստեղ հավաքված ցանկացած գործարար, եթե հանքարդյունաբերող չէ, ռոմանտիկ է։ Հագնում ենք պրագմատիկի կոստյում, որպեսզի բանկերը մեզ երկու կոպեկ տան, որպեսզի գործարար երեւանք։ Էսօր ես զղջում եմ, որ եկել եմ Հայաստան»։

Հարցին՝ 19 տարվա ընթացքում որքա՞ն ներդրում եք արել, Արտակ Չիբուխչյանը պատասխանեց․

«Կյանքս եմ ներդրել։ Հորս եմ հողին հանձնել։ Ընտանիքս է վատթար վիճակում։ Ինձ 18 տարվա մեջ հասցրել են նրան, որ ես հորս քառասունքի հաջորդ օրը՝ մարտի 17-ին, պետք է մեկնեմ արտասահմանում բուժման։ Ես չեմ մեկնում, ինձ տանում են։ Կբուժվեմ՝ էնտեղ կմնամ, չեմ բուժվի՝ էնտեղից ինձ կբերեն։ Վաղն ինձ անգամ վարչապետն էլ կանչի զրույցի, չեմ գնալու։ Արդեն ուշ է։

Էն վայրկյանին, երբ ես համարեցի, որ բացի Ենոքավանը կա նաեւ Հայաստանի Հանրապետություն, որի հետ ոչ թե զոնայում նստածի եւ զոնայի հարաբերություններ են, այլ՝ առանց սահմանների հարաբերություններ, ես ընկա սթրեսի մեջ։ Երբ ես ասացի, որ հարկ եմ վճարում, որպեսզի զոնայում ինձ չկպչեն, հանգիստ ապրում էի։ Հեղափոխությունից հետո բացեցի իմ սահմանները, Ենոքավանը համարեցի Հայաստանի մաս ու ընկա այս վիճակի մեջ։

Իմ, իմ ընտանիքի, հարեւանների ու համայնքի թշնամին Ադրբեջանի Հանրապետությունը չէ։ Ադրբեջանի ցանկացած սադրանք մեզ համախմբում է։ Իմ, իմ ընտանիքի, հարեւանների ու համայնքի թշնամին Հայաստանի Հանրապետությունն է, որ տզրուկի նման ծծում ա ու ոչ մի բան չի տալիս։ Իր մենաշնորհով ինձ վրա վաճառել է սեւ գույնի ՀԴՄ ապարատ։ Ինձ՝ սպիտակիս, սեւ ապարատ է վաճառել, որի սպասարկման համար ամսական վճարում եմ 3000 դրամ, բայց որը սպասարկողի քթի ծայրն անգամ չեմ տեսել»։

Մեկնաբանություններ (11)

Դավիթ Խաչատրյան
Ձեզ առողջություն : Իրոք պետական անամոթությունից ոչ միայն դուք շատ կան տուժածներ : Եվ անամոթ և անգրագետ վիճակ է : Շատ կարևոր է որ Ձեր, իմ և ժողովրդի խոսքը, ճիշտ բողոքը հեշտ հասնի Նիկոլին կամ այն մարմնին որոնք կպատժեն կամ կկանխեն անորեն ճնշումները : Սխալ բոլորն ունեն բայց այս մարդու լավ գործն էլ պիտի գնհատվի: Ձեր բողոքը ժողովրդի բողոքն է :
Scandinavian visitor
Agape is probabaly the best place to stay in Armenia, and one of the very few international quality places outside Yerevan. Agape is also an unique place to experience nature, all the other hotels are situated in main roads and are not interesting.
Թովմաս
Առողջացեք և վերադարձեք եղբայր ! Իսկ ով ասաց որ պայքարը վերջացել է, մինչեվ որ չունենանք 100%ԱԶԳԱՅԻՆ կառավարություն....
Anna
Apaka resort is a wonderful place. Mr. Chibukchyan don't leave this place, don't abandon your project due to fiscal tax pressures by the government. Please don't leave the country, stay and continue your work.
Դավիթ Բադալյան
Սկսվեց, թե շարունակվում է՞
Tigran Simonyan
Երկխոսությունը մասնավորի և պետության միջև կօգնի հաղթահարել ընթացիկ խնդիրները և առողջացնել մթնոլորտը
Սամվել Ավետիսյան
Այս ի՞նչ է կատարվում: Ինչու՞ պետք է իր երկրին, իր գյուղին, իր հողին ու ջրին նվիրված մարդը հանիրավի այսպիսի հիասթափության հասնի: Ենոքավանի օրինակը միշտ ներկայացրել եմ իմ ուսանողներին, որպես գյուղի սոցիալական զարգացմանը նպաստող գյուղական տուրիզմի լավագույն օրինակ: Եթե այսպես հալածվում է սեփականատերը, ես ինչպե՞ս նայեմ իմ ուսանողների աչքերին, ի՞նչ պատասխան տամ նրանց հարցերին: Վերջապես՝ ովքե՞ր են այն տականքները, որոնք խանգարում են իմ երկրի զարգացմանը: Պետք է կտրել ազնիվ գործարարին խանգարող ձեռքը:
Սուրեն
Անհասկանալի ճնշումներ և մեր ազնիվ ընկերների մասինա խոսքը: Առողջություն Առտակ ջան
Անուշ Ամիրխանյան
Ամեն անգամ ես ինքս ինձ կրկնում եմ, ինչն Է իմ հիասթափության ՙսահմանումըՙ? Նման փաստերից հետո իմ ուրույն պատկերացումը նորից կազմավորվում Է։ Ես էլ եմ Տավուշի մարզում ֊ երկրորդ տարին եմ գործի մեջ֊ իմ ընտանիքը Շվեյցարիայում խնայում Է ամեն երկրորդ ֆրանկը, որպեսզի մենք կարողանանք մի քանի աշխատանքի հնարավորություն ստեղծել հայրենիքում։ Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս ֊ ինչ Է ինձ սպասում իմ մոտիկ ապագայում Հայաստանում? ՙԱպագա Տուրըՙ Տավուշի ամենաճանաչված պրոյեկտն Է։ Ինչ Է սպասում մեզ ֊ միայն հիասթափություն?
Արմենւհի Մարտիրոսյան
Անկեղծ ասած զարմացած եմ։Երկու անգամ մի քանի տարի առաջ հանգստացել եմ ենոքավանում,բայց ոչ մի անկարգ,ոչ ճշգրիտ բան չեմ նկատել։Սիրով,սեփական ուժերով սարգված գեղեցիկ վայր է։Անկեղծ,բարեհամբույր վերաբերմունք,կանոնավոր ծառայություն։Ափսոս եթե Հայաստանը կորցնի նման հանգստավայրը։
Գալինա Սարգսյան
Ամոթ նրանց,ովքեր կխանգարեն նման գործարարի քրտնաջան աշխատանքը։Ապրում եմ տվյալ համայնքում և տեսել եմ ինչ դժվարությամբ է ստեղծվել այդ ամենը։Ենոքավան գյուղի անունը Հայաստանում չգիտեին,շնորհիվ Արտակ Չիբուխչյանի գյուղի մասին գիտեն աշխարհի բոլոր ծայրերում։Մի խանգարեք,թողեք ապրեն ու արարեն մարդիկ գյուղում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter